Սարուխանցիները մտահոգ են. գյուղում ընտրակաշա՞ռք է բաժանվելու

10/10/2018 22:36
Սարուխանցիները մտահոգ են. գյուղում ընտրակաշա՞ռք է բաժանվելու

Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի ղեկավար Հովհաննես Չիչոյանի անժամանակ մահից 14 ամիս հետո, սույն թվականի հոկտեմբերի 21-ին նշանակվել են համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:

Այս ընտրություններում համայնքապետի պաշտոնի համար մրցելու են չորսը՝ ԺՊ Լյովա Աբրահամյանը, ով նախկինում ինչպես եւ մյուս թեկնածուն՝ Վահան Գեւորգյանը եղել են Սարուխանի համայնքի ղեկավարներ: Այս երկուսի ընտրապայքարներին առայժմ չենք ցանկանում անդրադառնալ, սակայն հաշվի առնելով նրանց գործունեությունը, բարեկամաբար խորհուրդ կտայինք ընտրություններին մասնակցել միայն որպես ընտրողներ:

Ինչեւէ, դա էլ նրանց սահմանադրական իրավունքն է:

Մյուս երկու թեկնածուներից մեկը Սամվել Զաքոյանն է՝ ավագանու անդամ, մյուսը՝ Վիգեն Շահինյանը:

Երկու երիտասարդ անունների առկայությունն ընտրացուցակներում համայնքում ոգեւորությամբ են ընդունել, թե ինչպես են առանձին-առանձին վերաբերվում թեկնածուներին սարուխանցիները, կներկայացնենք առաջիկայում:

Հ.Գ.-1 Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ Սարուխանից ահազանգ ստացանք, որ  ընտրական կեղտոտ տեխնոլոգիաներն իրենց համայնքում շարունակվում են: Բանն այն է, որ մեզ դիմած քաղաքացին տեղեկացրեց, որ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Լյովա Աբրահամյանի տեղակալի հորեղբոր՝ Սարգիս Ասլանյանի խանութը «ալյուր է ստացել»:«Ամեն ընտրությանն էլ մեր գյուղում ալյուր են բաժանել, հեսա էլի ալյուրը բերել լցրել են: Էկեք ստուգեք, գյուղապետարանում սկսել են սոցօգնություն բաժանեն, ո՞վ չի հասկանում ինչի համար…»,- անհանգստացած ներկայացրեց մեր զրուցակիցը:

Հ.Գ.-2 Առաջիկայում կներկայացնենք թեկնածուների հանդեպ բնակիչների վերաբերմունքը, թեկնածուների անձնական նկրտումները, պաշտոնին կառչած մնալու միջոցները եւ ծրագրերը: 


Աննա Գրիգորյան