Մահացել է Արայիկ Խանդոյանը

10/10/2018 09:12
Մահացել է Արայիկ Խանդոյանը

Ժամեր առաջ սրտի կաթվածից մահացել է «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանը: Վերջին ժամանակներս 47-ամյա Խանդոյանն ուներ առողջական խնդիրներ, որոնք վատթարացան անցած տարի հունիսի 28-ին, երբ հենց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի շենքի խցում մոտավորապես 15 մարդ դաժան ծեծի ենթարկեցին Արայիկ Խանդոյանին:

Արայիկ Խանդոյանի կերպարը Արցախյան ազատամարտի հայտնի խորհրդանիշներից է։ 17 տարեկան հասակում Արցախյան շարժման սկզբնական շրջանում Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում տեղակայված ԽՍՀՄ ԶՈՒ ռազմաբազայից զենք և զինամթերք էր հայթայթում հայկական կամավորական ջոկատներին տրամադրելու նպատակով։ 1989 թ.-ին զորակոչվում է ԽՍՀՄ ԶՈՒ, սակայն 1990 թ.-ին արձակուրդ է վերցնում և այլևս չի վերադառնում։ Այստեղից մեկնում է Արցախ և միանում հայկական կամավորական ջոկատներին։ 1994թ.-ի հրադադարից հետո իր երկու եղբայրների հետ միասին ծառայությունը շարունակում է ՀՀ ԶՈՒ-ում։

2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան Սասնա Ծռեր խմբավորման կազմում Արայիկ Խանդոյանը մասնակցել է Երևան քաղաքի Էրեբունի թաղամասի ոստիկանության զորամասի ազատագրմանը։ Խմբավորման անդամները պահանջում էին ՀՀ իշխանությունների հրաժարականը, այդ թվում՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի, ՀՀ-ում բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը, Արցախի Հանրապետության ամբողջականության պահպանումը։

Արայիկ Խանդոյանն ամուսնացած էր, ունի 5 երեխա։

«Հայկական Ժամ»-ի խմբագրակազմն իր ցավակացությունն է հայտնում ՀԵՐՈՍԻ ընտանիքին: