Սարահարթում դժգոհությունը մեծանում է. հեղափոխությունն իրենց գյուղին շրջանցել է

09/10/2018 09:47
Սարահարթում դժգոհությունը մեծանում է. հեղափոխությունն իրենց գյուղին շրջանցել է

Լոռու մարզի Սարահարթ գյուղում հոկտեմբերի 21-ին տեղի կունենան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ։ Սարահարթը մարզում այն միակ համայնքն է, որտեղ թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ-ական համայնքի ղեկավար՝ Վասիլ Փիլոյանը հրաժարական տվեց համագյուղացիների պահանջով։

Սակայն հեղափոխությունն էլ այստեղ, ըստ տեղացիների դեռ չի հասել, քանի որ նախընտրական տրամադրությունները քավոր-խնամիական հարթությունների վրա են։ Համայնքում տիրող մթնոլորտը դեռ մարդկանց հիշեցնում է նախկին իշխանությունների ժամանակ անցկացվող նախընտրական տրամադրությունները։

Ինչից հիասթափված են սարահարթցիներից շատերը։

-Մեր մոտ հեղափոխությունը հըլը չի հասել, սպասում ենք, որ շուտ գա հոկտեմբերի 22-ը պրծնենք էս խոսք ու խաբարից։ Գիտեն գյուղապետարաններում առաջվա յեղ ու մեղրն է լցված, գնան տանեն։ Ինչքան անտառաճանաչ ու բանակ չծառայածներ կան ուզում են ընտրվեն, էս պետությունը պետք է օրենք մշակի, որ ամեն մեկը իրավունք չունենա մեծ ազգ ունենալու համար թեկնածու առաջադրվի։ Որ բախտը բերի թռնի նստի պաշտոնական աթոռին։ Իրենք ընտրվելու են, բայց մեզ են գցելու կրակը։ Էսքան տարի թող աշխատեին, վստահել էինք, որ հիմա լավ գյուղ ու գյուղապետ ունենայինք,-ասում են մարդիկ։

Գրանցված թեկնածուները հինգն են՝  համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ԲՀԿ-ական Արա Բարիկյանը, անկուսակցականներ Նազար Մանուկյանը, Անդրանիկ Քոթանջյանը, Արմեն Մարկոսյանը եւ Արտյոմ Փիլոյանը։

 Ի դեպ Արտյոմ Փիլոյանը նախկին գյուղապետի հորեղբոր տղան է, ում հատուկ են կանչել ՌԴ-ից, որպեսզի գա ու մասնակցի ՏԻՄ ընտրություններին, որպեսզի Փիլոյան ազգանուն կրողները չկորցնեն իշխանությունը Սարահարթում։ Գյուղի կենտրոնում գործող առեւտրի կետը պատկանում է թեկնածուին, որտեղ օրվա բոլոր ժամերին մարդկային կուտակումներ են լինում։

Արտյոմ Փիլոյանին գյուղի կենտրոնում հանդիպեցինք, նրան ուղղված այն հարցին, թե ինչ ծրագրեր է ներկայացնելու ընտրողներին, մինչեւ թեկնածուն պատրաստվում էր հարցին պատասխանել, նրա թիմակիցները սաստեցին Արտյոմին, ասելով։

-Արտյոմ, հարցերին մի պատասխանի,- ապա դառնալով լրագրողիս ասացին-, դեռ պատրաստ չի ծրագիրը, որ պատրաստ լինի կասենք։

Թեկնածուն՝ Արտյոմը  ցանկանում էր ներկայացնել, բայց հնազանդվելով իրեն կաշկանդողներին, հասցրեց ձեռքին գտնվող մի թուղթ ցույց տալ, ասելով, որ իր ծրագրերը այդտեղ են նշված։

Ի դեպ Արտյոմ Փիլոյանի մասին խոսելիս համագյուղացիները վերջինիս բնութագրում են, որպես խելոք երիտասարդի, ով գտնվում է համակիրների ազդեցության տակ, որոնք երաշխավորել են նրա թեկնածությունն առաջադրելու  դեպքում հաղթանակ տոնել։

-Արտյոմը դպրոցում բազմապատկման աղյուսակը չսովորած ավարտեց, տառ ու բառ չգիտի, հույսը դրել են նրա հոր փողերի ու խանութի վրա, ով նույնպես Ռուսաստանում է աշխատում։ Քանի դեռ Արտյոնը պիվա եւ սիգարետ է բաժանում իր կողք կանգնածներին, իրեն թվում է թե իր ընտրողներն են։ Հենց ընտրություններն անցնեն կողքի ընկերներն էլ հետը կանցնեն կգնան,-ասում են սարահարթցիները։

 

-Էս գյուղը էնքան քանդված է, որ ռիսկ է պետք, որ գան սարքեն։ Տարիներ շարունակ անտեսված ու անտարբերության մատնված Սարահարթի համար էսօր էլ թեկնածուներից շատերը չգիտենք գալիս են քանդելու՞, թե՞ սարքելու գյուղը։ Ոչ ոռոգման ջուր ունենք, ոչ մշակույթի տուն, ահա մեր մշակույթը,-պատմում են գյուղի կենտրոնում հավաքվածները ցույց տալով նարդին։

Նախկին ՀՀԿ-ականներից ոչ մի լավ հիշողություններ չունեն սարահարթցիները բացի քննադատական խոսքերից։ Հարգանքը միջնակարգ դպրոցի տնօրենի նկատմամբ կորցրած աշակերտները  տնօրեն Ռուդիկ Խումարյանի մասին խոսելիս նրան «Ուտուլ» անունով են կոչում։

Ընտրական թայֆաբազությունների մեջ են մեղադրում տնօրենին, ինչը ոչ հերքում, ոչ հաստատում է Ռ․ Խումարյանը ասելով, որ թեկնածուներից Արմեն Մարկոսյանը եւ Նազար Մանուկյանը իր կոլեգաներն են՝ մանկավարժներ, որոնք հիմա դպրոցում չեն աշխատում եւ նա վերջիններիս հետ հանդիպում է միայն մարդաշատ վայրերում։

Սարահարթցիների հիշողությունները թարմ են, պատմում են, որ ԱԺ վարկանշային թեկնածուների օգտին էլ  քվերակելու համար 2017-ին դպրոցի տնօրենը ընտրողներին հանձնարարականներ է տվել, թե ինչպես քվեաթերթիկում նշում անեն, որ համոզված լինեն ընտրողները չեն խաբում իրենց՝ ՀՀԿ-ակններին։

Ծաղկասեր Ռուդիկ Խումարյանը ՀՀԿ-ական չի ցանկացել դառնալ, սակայն կողմ է եղել ՀՀԿ գաղափարախոսությանը, կուսակցության ազգային եւ պահպանողական գաղափարախոսությանը։

Ի դեպ մասնակգիտությամբ մանկավարժ ռուսաց լեզվի ուսուցիչ Արմեն Մարկոսյանը ասաց, որ գնում է ինքնաբացարկ հայտնի՝ չցանկանալով այս մթնոլորտում շարունակել ընտրապայքարը։

Արա Բարիկյանը ներկայացնելով  կարճ ժամանակահատվածում կատարած դրական աշխատանքների, հարկերի հավաքագրման մասին, խոսեց նաեւ նախընտրական մի քանի ծրագրերի մասին։ 


Հերմինե Մանուկյան