ՀՀԿ-ի համար ձայն հավաքողները ՔՊ-ի դրոշի տակ են կռվում

05/10/2018 12:53
ՀՀԿ-ի համար ձայն հավաքողները ՔՊ-ի դրոշի տակ են կռվում

Հայաստանի մի շարք համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, շատ համայնքներում նախկին ՀՀԿ-ական համայնքի ղեկավարիների եւ ԱԺ վարկանիշային թեկնածուների համար քվեներ ապահովվողները այժմ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության դրոշի տակ համայնքների ժամանակավոր պաշտանակատարներ են նշանակվել։

Օրինակ, Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի բնակիչները տեղեկացնում են, որ համայնքի ղեկավարի ԺՊ Տիգրան Հակոբյանը նախկինում ավագանու թեկնածու է եղել։

Այնուհետեւ, մասնակցելով համաժողովրդական շարժմանը եւ ինչպես ինքն է հաստատում՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ կողք-կողքի քայլելու շնորհիվ է նշանակվել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ 

-Եթե ուզում են, որ հանրապետականներին արմատախիլ անեն, բա ինչպե՞ս է, որ ՀՀԿ-ի համար օր ու գիշեր վազողն էսօր դարձավ Նիկոլի թիմից։ Կարմիր կովը իր կաշին չի փոխի, երկու երեք ամիս է աշխատում է, դեռ ոչ մի օր չենք տեսել, որ աղբահանություն անի, ոռոգման ջրի, կամ կոյուղու հարցը լուծի, գարշահոտությունից խեղդվում ենք, ինչ է թե ՔՊ է։ Դնենք գլխներիս, ի՞նչ անենք, մենակ մի գլուխ կասի ժողովուրդը թող հասկանա, ոնց որ մենք անհասկացողներն ենք, մենակ ինքն է հասկանում,-տրտնջում են Տիգրանի համագյուղացիները։

Տիգրան Հակոբյանը հերքում է, որ ՀՀԿ-ի համար ձայներ է հավաքել։ Կտրուկ ուրանալով ՀՀԿ-ին, ասաց.

-Ես կյանքումս ՀՀԿ-ական չեմ եղել, բայց ունեցել ու հիմա էլ ունեմ ՀՀԿ-ական լավ ընկերներ, որ խոսում են զգում եմ, որ իրենց մտածելակերպը համընկնում է իմ մտածելակերպի հետ, կապ չունի ՀՀԿ են, ԲՀԿ են կամ ինչ։

Համայնքի ղեկավար թեկնածուն՝ Տիգրան Հակոբյանը անընդմեջ կրկնելով, որ «ժողովուրդը պետք է հասկանա» արտահայտությունը ներկայացնում է նախընտրական ծրագրերը։

-Ես պետք է ժողովրդի մտածելակերպը փոխեմ առաջինը, ժողովուրդը պետք է հասկանա ով ինչի է ընդունակ։ Ջրի, մանկապարտեզի հարցը լուծեմ։ Մեր գյուղի արտասահմանում ապրող գործարարների օգնությամբ։ Ու մեր գյուղի գործարարների, որոնց անունները չեմ տա։ Մարդիկ եթե հասկանան, որ իրենց վճարած հարկերով գործ ենք անելու, կվճարեն,-պարզաբանում է Տիգրան Հակոբյանը։

Ի դեպ գյուղի գործարարները, ինչպես ԺՊ-ն է նշում, եղել են ու կան ՀՀԿ-ականներ։ 


Արմավիրի մարզի Խանջյան գյուղում եւս ընտրություններ են, այստեղ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար՝ Արտակ Արոյանը եւս ՔՊ-ից առաջադրված թեկնածու է։ Գյուղում շատերը լավ են հիշում, թե ինչպես է Արտակը 2017թ-ի ԱԺ ՀՀԿ-ական վարկանիշային թեկնածու Մապի Ալիկի՝ Ալիկ Պետրոսյանի համար բավարար ձայներ ապահովվել։

-Էսօր, իր սեփական Զիլ մակնիշի բեռանատարով ՀՀԿ-ի համար վստահության քվեներ հավաքողը դարձել է նիկոլական, արդարությունից է խոսում,-ասում են խանջյանցիները։


Պատկերը այլ է նույն մարզի Դալարիկ գյուղում։ Այստեղ ԺՊ է նշանակված այժմ համայնքի ղեկավարի ՔՊ-ական թեկնածու՝ Սիրաք Սարգսյանը։ Գյուղում պատմում են, որ նախկին համայնքի ղեկավար, անկուսակացական Պարգեւ Սաղաթելյանի դեմ բողոքի ցույցեր կազմակերպող Ալիկ Պողոսյանը նույնպես համայնքի ղեկավարի թեկնածու է։ Մտերիմ շրջապատում Ալիկը հաճախ է տրտնջում, դժգոհում, թե Նիկոլ Փաշինյանի համաժողովրդական շարժմանն իր  ծառայություն մատուցելու համար, ինչի իրեն չնշանակեցին ժամանակավոր պաշտոնակատար։ Խանդը ԺՊ-ի նկատմամբ ցայտուն է այն դեպքում, երբ Դալարիկում մարդիկ ասում են՝ դե նշանակել են աշխատում է էլի։ 

Դալարիկցիները գյուղում պատմում են, որ Պարգեւ Սաղաթելյանի համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելը համարում են ճիշտ որոշում։

-Դալարիկում ամեն ինչ շատ հանգիստ է, էստեղ ոչ զինվորի հաց են գողացե՜լ, ոչ նամակ են գտե՜լ, ոչ էլ թալան է եղել։ Կգա հոկտեմբերի 22-ը կիմանաք թե դալարիկցիները ում են ընտրում իրենց համայնքի ղեկավար,-ուրախ պատասխանում են համայնքի կենտրոնում հավաքավածները։