Շիրակի մարզում եւս ՏԻՄ ընտրություններ են

04/10/2018 14:46
Շիրակի մարզում եւս ՏԻՄ ընտրություններ են

Շիրակի մարզի Լուսակերտ եւ Հովտաշեն համայնքները Արթիկի տարածաշրջանի այն  փոքր համայնքներից են, որոնք 88-ի աղետաբեր երկրաշարժից հետո հայտնվեցին բազմաթիվ խնդիրների մեջ։ Տարիներ շարունակ ապրելով կենցաղի համար ոչ նպաստավոր պայմաններում, այսօր  համայնքներում բնակիչներն աստիճանաբար թոթափում են իրենց սոցիալական եւ տնտեսական խնդիրները։

Համայնքներում, ըստ տեղացիների գազաֆիկացման, լուսավորության, խմելու ջրի, ճանապարհների առումով հարցերը որոշակիորեն կարգավորվել են՝ պետական ծրագրերի եւ համայնքային բյուջեների հաշվին։

Այս ամսվա 21-ին Լուսակերտում եւ Հովտաշենում  տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ։ HZHAM.am-ը նախընտրական շրջանում հանդիպեց համայանքների բնակիչներին եւ համայնքի ղեկավարի թեկնածուներին։


Լուսակերտ համայնքի ղեկավար Սամվել Բալաբեկյանը, որքան էլ զարմանալի է,  այս ընտրաշրջանում մրցակից չունիի տարբերություն այլ համայնքների, որտեղ  հետհեղափոխական  շրջանում շատ երիտասարդ թեկնածուներ ձգտում են ղեկավար պաշտոններ զբաղեցնել։


Lուսակերտ համայնքի բնակչուհի Գայանե Աթոյանին ուղղված այն հարցին, թե ինչու այլ թեկնածուներ չկան գյուղում, վերջինս պատասխանեց.

-Մենք ուզում ենք, որ մեր գյուղապետը՝ պարոն Բալաբեկյանը մնա իր գործին, քանի որ խեղճերի հասնող մարդ է, աչքը կուշտ մարդ է, ու երբեք չի ձգտել մեզանից հարուստ ապրի։ Օրինակ, ես ապրում են ծանր պայմաններում ու գիտեմ, թե ինչքան է իմ ընտանիքին օգնել բոլոր հարցերով։ Ու ինչպես ես, այնպես էլ լուսակերտցիները նույն բանն են ցանկանում, որ անշահախնդիր մարդը լինի մեր ղեկավարը։ Գյուղում ամեն առաջնային պայման ստեղծել է, ու դեռ էլի շարունակում է աշխատել, էլ ի՞նչ մրցակից, դրա կարիքը չկա գյուղում,-պատասխանեց Գայանեն։

Համայնքի ղեկավար անկուսակցական Սամվել Բալաբեկյանը ՏԻՄ ընտրություններին մրցակից չունենալը բնութագրեց այսպես.

-Երեւի իմ աշխատանքի արդյունքն է եւ հետո ժողովուրդն է որոշողը։ Դրա համար մնացել եմ միամանդատ այս ընտրություններին։

-Այլ ընտրաշրջաններում եղե՞լ են մրցակիցներ։

-Մի անգամ եղել է, նախորդ ընտրություններին։ Այլ քաղաքական հայացքների տեր էր իմ մրցակիցը, բայց ինչպես դուք էլ տեսաք նույն ժողովուրդն իր խոսքը ասաց եւ ես բավարար  ձայներով  վերընտրվեցի՝ 80-20 հարաբերակցությամբ։  Դա ինքնագովեստ չի, այլ իրականություն, ժողովուրդը երեւի ինձ հարմար գտավ իրեն ծառայելու, գյուղի աշխատանքները կատարելու համար,- պատմում է գյուղապետն ու շարունակում,-Լուսակերտ համայնքի կարեւոր խնդիրներից մեկը խմելու ջրի հարցն էր։ Առաջինը 100 տոկոսով լուծվել են խմելու ջրի, երկրորդը գազաֆիկացան, լուսավորության աշխատանքները։ Դպրոցի դռների եւ պատուհանների համայնքի միջոցներով ամբողջությամբ փոխվել են, որպեսզի դպրոցը գործի։ Հաջորդ կարեւոր խնդիրներից մեկը՝ համայնքը չուներ ակումբի շենք, դա եւս գնել եմ, որի արդյունքում Լուսակերտն ունի համայնքային կենտրոն, ամբողջությամբ գազաֆիկացված։ Ոռոգման համակարգը երեք անգամ վերանորոգել եմ, ջրատարներ եմ կառուցել, որ ներկա պահին պատրաստում ենք 10 միլիոն դրամի արժողությամբ խողովակներ ձեռք բերելու ուղղությամբ։ Գյուղում կառուցել ենք բուժկետ, այժմ սպորտ հրապարակի կառուցումն ենք իրականացնում։ Գյուղը չունի միայն մանկապարտեզ, դա ցավոտ խնդիր է, ու երբեք էլ չի ունեցել։Դա մեծ խնդիր է, մեծ ֆինանսների հետ կապված, որի կառուցման համար համայնքը անզոր է։ Գյուղի գլխավոր ճանապարհը ասֆալտապատվել է բավականին որակով, ամբողջ համայնքով երազել եւ իրականացրել ենք հակակարկտային կայանների առկայությունը համայնքում, որպեսզի մեր բերքը ապահավված լիներ։ 2017թ-ին 4  հատ հակակարկտային կայաններ տեղադրեցինք, որը նույն թվականի բնական աղետներից բերքը պաշտպանեց, իսկ այս տարի եւս 2-ը ձեռք բերեցինք։ Շատ լավ օգնում է, իսկ եթե որեւէ մեկը ասում է, թե զենիթները անարդյունավետ են  ցրելու  կարկտաբեր ամպերը, խնդրեմ թող գան հարցնեն,  ապահո՞վ է, թե՝ չէ։ Ուղղակի պետք է խնամք եւ ուշադրություն կայաններին, վերջապես լուսակերտցին այս տարի իր ամբարներում հաց ունի, այսինքն համապատասխան կառուցների հետ համագործակցությունը տվեց իր արդյունքը,-ավարտեց իր խոսքը գործող գյուղապետը։


Հովտաշեն համայնքում հոկտեմբերի 21-ին ՀՅԴ-ական գործող համայնքի ղեկավար  Սեյրան Փիլոսյանի հետ կմրցակցի անկուսակցական թեկնածու՝ Արսեն Եղոյանը, վերջինս 2014թ-ին եւս մասնակցել է համայնքի ղեկավարի ընտրություններին։

Սեյրան Փիլոսյանը աշխատում է 1999թ-ից, դրանից առաջ մասնակցել է արցախյան պատերազմին, ինչպես ինքն է ասում՝ առաջին օրվանից մինչեւ ապրիլյան քառօրյա պատարազմի ավարտը։

Երկարամյա գյուղապետը վերջին տարիներին հասցրել է շահել համագյուղացիների հարգանքը գյուղում իրականացնելով մի շարք ծրագրեր՝ ճանապարհների ու գյուղ տանող կամրջի վերանորոգման ու բարեկարգման, լուսավորության, գերեզմանների ցանկապատման, խմելու ջրագծերի, դպրոցի դուռ պատուհանների վերանորոգման, ներքին հարդարման աշխատանքներից մինչեւ խաղահրապարակի կառուցման աշխատանքներ։


Հովտաշենում արցախյան եւ քառօրյա պատերազմների զոհվածների հուշակոթողներ են տեղադրվել։ Հովտաշենումակակարկտային կայաններ են տեղադրվել, մարդիկ բերք ու բարիքի տեսակետից ապահովված են, չեն դժգոհում։ Գյուղում միայն մեկ հրամայական պահանջ կա այսօր, դա մանկապարտեզի բացակայությունն է, որը չի գործել նաեւ նախկին հասարակարգում։

-Իմ աշխատած տարիներից ի վեր ծառայում եմ իմ ժողովրդին։ Դժվարություններ տեսել ենք, հիմա լավ ենք, ես իմ ժողովրդի խոնարհ ծառան եմ։ Գյուղի ասֆալտապատման աշխատանքները սկսել ենք, երկրորդ փուլով պետք է ավարտին հասցնենք հավանաբար դեկտեմբեր ամիսին։ Որքան էլ թվարկեմ իմ աշխատանքները թեկնածուին իր վստահության քվեն տալիս է ժողովուրդը, պետք է ամեն օր աշխատել, ես աշխատել եմ ու այդպես էլ շարունակելու եմ աշխատել,-ասում է Սեյրան Փիլոսյանը։

Հովտաշենում մարդիկ գյուղապետի մասին խոսելիս  ներկայացնում են, որպես խաղաղասեր ղեկավարի, դպրոցի աշակերտի, մանկավարժի, ծերերի եւ երիտասարդների կողքին կանգնած մարդու։

-Հովտաշենն ահագին փոխվել է, եթե ուշադիր լինեք կտեսնեք, ով գալիս է գյուղ դա է ասում։ Երկու թեկնածուներն էլ մեր գյուղից են։ Մեկին պետք է ընտրենք իրենց վերաբերմունքն ու գործը հաշվի առնելով,-ասում են հովտաշենցիները։ 

Չնայած վերը թվարկած աշխատանքների, հովտաշենցիների համար թիվ մեկ խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է, այստեղ մարդիկ ապրում են արտագնա աշխատանքi, անասնապահությամբ եւ հողագործությամբ զբաղվելով։ Գյուղում նորաստեղծ ընտանիքներին ապահովվելն ու խրախուսելը պետք է լինի պետության առաջնահերթ խնդիրներից մեկը, որպեսզի հարսանիքից մեկ ամիս հետո փեսան չլքի երիտասարդ կնոջն օտար ափերում աշխատանք գտնելու ակնկալիքով, ինչ բազմաթիվ ամուսնալուծությունների պատճառ է դառնում։

-Հող մշակել չեն ուզում այսօրվա ջահելները, ուզում են լավ աշխատանք, իրենք էլ մեղավոր չեն՝ էնքան բան էր են տեսնում, որ իրենք էլ են ուզում արժանապատիվ ապրեն։ Վերջապես պետությունը պետք է էդ մասին մտածի, գյուղերում երիտասարդները պակասում են գնալով տարբեր երկրներ։ Առանց երիտասարդության գյուղերը կորցնում են իրենց հետաքրքրությունն ու ապագան,-ասում են գյուղի մարդիկ։

Հ.Գ. Հովտաշեն համայնքի ասֆալտապատման մոտ 52 միլոն դրամի արժողությամբ աշխատանքները շուտով կվերսկսվեն եւ ավարտին կհասցնեն։ 

 

Ամալյա Սահակյան