Նաիրիի ԲԿ-ն շտկել է մեջքը, կերպարանափոխվել

30/09/2018 21:35
Նաիրիի ԲԿ-ն շտկել է մեջքը, կերպարանափոխվել


Տարիներ առաջ, մեր  կայքն անդրադարձել էր Կոտայքի մարզի Եղվարդի տարածաշրջանը սպասարկող Նաիրիի ԲԿ-ի անգործունեությանն ու անմխիթար վիճակին, որի մասին բարձրաձայնում էին տեղաբնակներն ու պատմում, որ բուժումը ստանում են Երևանում գործող բուժ հաստատություններում՝ համարելով, որ այստեղ բուժ օգնությունն ավելի որակյալ է և ապահով, չնայած այն հանգամանքին, որ նույն բուժումը կարող են ստանալ իրենց մարզում գործող ԲԿ-ներում: Հետևողական լինելով մեր  հրապարակումներում բարձրացված խնդիրներին, այցելեցինք Նաիրիի ԲԿ, որպեսզի համոզվենք, թե պատկան մարմիններն ինչպե՞ս արձագանքեցին մեր  կողմից տարիներ առաջ  բարձրացված հխմնախնդիրներին:

Անկողմնակալ լինելով փաստենք, որ ականատեսը դարձանք շոշափելի փոփոխությունների, որ կատարվել էր վերջին 4 տարիների ընթացքում: Նաիրիի ԲԿ-ն առաջընթաց է ապրել ՝ համալրվելով նորագույն սարքավորումներով , ծառայություններով՝ ինչպես վիրաբուժական,այնպես էլ թերապեւտիկ և դիագնոստիկ պրոֆիլով:

Նախ հիշեցնենք, որ Նարիի ԲԿ-ն իրենից ներկայացնում է ՓԲԸ, որի հիմնադիրը համարվում է Կոտայքի մարզպետարանը, ֆինանսավորումը ստանում է ՀՀ առողջապահության նախարարությունից: Ունի մանկական, թերապեւտիկ,ինֆեկցիոն,ծննդաբերական, հոգեբուժական,պոլիկլինիկ բաժանմունքներ:

Այստեղ, Նաիրիի ԲԿ-ում տեղեկացանք, որ աշխատանքից ազատվել էր նախկին տնօրենը և 2014թ-ից սկսած  Նաիրիի ԲԿ-ն ղեկավարում է,  հանրաճանաչ վիրաբույժ՝ Արմեն     Նազարյանը: Մի քանի վերանորոգված բաժանմունքներում իսպառ ջնջված էին անցյալի տխուր պատկերները: Բացառությամբ՝ ռենգեն բաժանմունքից, որտեղ առկա խնդիրները դեռևս  պահպանվում էին:

Ամենուր, մաքրություն էր,  այցելուների  եռ ու զեռ: Հարկերից մեկում հանդիպեցինք  «Նռան հատիկ» հեռուստանովելի նկարահանման խմբին:

Ծննդաբերական բաժանմունքի սենյակներից մեկից  լսվում էր նորածնի ճիչ:

Իսկ բակում, շտապ օգնության մեքենան արագ նախապատրաստվում էր մեկնել դեպքի վայր՝ ՃՏՊ–ից տուժածներին օգնություն ցուցաբերելու:

Մեր ընթերցողներին տեղեկացնենք նաև, որ Նաիրիի ԲԿ-ն ունի ստրատեգիական նշանակության ապաստարան, որը խնամվում է ու պահպանվում տնօրինության կողմից: Մեր նկարահանմանն ուղեկցում էր ԲԿ-ի փոխտնօրեն՝ Աստղիկ Մարկոսյանը, ով հանգամանալից պատմում էր ներհիվանդանոցային կյանքի և ապաստարանի  մասին: Ինչպես բժշկուհին էր ներկայացնում.

-Արմեն Ռազմիկովիչի օրոք ԲԿ-ն համալրվեց նորագույն «Ֆիլիպս» տեսակի ախտորոշիչ սարքավորումով, որն արձանագրեց  բնակչության այցելությունների կտրուկ աճ, որն էլ նպաստեց վճարումների աճին: Ունենք նաև բազմաֆունկցիոնալ ախտորոշիչ սարք, որով ընդհուպ ախտորոշվում են որովայնը, սիրտը և այլն: Նրանով,  անգամ, դուպլեքս է արվում, որը շատ կարևոր հանգամանք է ԲԿ-ի ու այցելու հիվանդների համար:

 Տես՝ տեսանյութը:

-Աշխատում ենք հիվանդների բուժումն առավելապես կազմակերպել մարզի բուժհաստատությունում, մարզերում գործող բժշկական կենտրոններում աշխատելը կրկնակի պատասխանատվություն է պահանջում: Մի շարք հիվանդությունների առումով մասնագետների այնպիսի խումբ ունենք, որը կարող է տեղում կազմակերպել բարձրակարգ օգնություն,-մեզ հետ մասնավոր զրույցում, կադրից դուրս, ասաց  Նաիրիի ԲԿ-ի տնօրեն Արմեն Նազարյանը,-Մեր ԲԿ-ի մասնագետների ճնշող մեծամասնության նկատմամբ վստահություն եղել է, կա և գնալով աճում է:Այդ մասին է վկայում այն փաստը, որ չի պակասում և բժշկական կենտրոնի, և  պոլիկլինիկա դիմողների, և հիվանդների թիվը: Ընտանեկան բժիշկների բարեխիղճ և նվիրված աշխատանքի շնորհիվ պակասել է շտապօգնության կանչերի թիվը,-ասաց Ա. Նազարյանը և ավելացրեց,-երկար տարիներ աշխատել եմ որպես վիրաբույժ և ամեն անգամ ապրել եմ այն լարված պահերը, երբ ծանր հիվանդի ընդհանուր կայունացնող վիճակը բժշկական անհետաձգելի միջոցառումներից հետո,  ճակատագրական առաջին ժամերը կորցնելով ՝ հիվանդին տեղափոխել ենք մայրաքաղաք:

-Ո՞ր դեպքերում է ԲԿ-ն հիվանդներին ուղեգրում այս կամ այն բժշկական հաստատություն՝ համապատասխան բուժում ստանալու նպատակով:

-Հիվանդներն ուղեգրվում են այլ բժշկական հաստատություններ, երբ ախտորոշման համար անհրաժեշտ են դժվարամատչելի հետազոտություններ և նեղ մասնագիտական այնպիսի ծառայություններ, որոնք մեր ԲԿ-ում առկա չեն:

-Պրն. Նազարյան ասում են՝ բժիշկը հիվանդությունը բուժելուց առաջ նախ պետք է բուժի հիվանդին: Քանի որ դուք նաև վիրաբույժ եք, ինչե՞ս եք դիտում այս երևույթը:

-Առողջական խնդիրները դրսևորվում են ոչ միայն  հիվանդի ինքնազգացողության վատացմամբ, կան մարմնական ցավով, նրանք խորապես ազդում են մարդու հոգեբանական ընկալումների և բնավորության  հատկանիշների  վրա: Հիվանդ մարդը հիվանդ հոգի է հիվանդ մարմնում: Ուստի նա յուրովի է մեկնաբանում  բժշկի հայացքը, վերաբերմունքը և խոսքը: Հիվանդի բուժման առաջին նախապայմանը , բժշկի հետ հանդիպման առաջին պահից  սկսած նրա վստահությունը նվաճելն է, հիվանդության դեմ պայքարելու և հաղթահարելու գործում սեփական ուժերի նկատմամբ հավատ ներշնչելը: Այս բոլորը բժիշկը կատարում է իրեն  հատուկ արվեստով սրտացավությամբ և  կարեկից վերաբերմունքով:Երբ հիվանդը միանում է բժշկին՝ հաղթում են հիվանդությանը, և հակառակը, երբ հիվանդը միանում է հիվանդությանը, հաղթում են բժշկին:

Հ.Գ. Նաիրիի ԲԿ-ն ունի բուժ սարքավորումների վերազինման գերխնդիր, պատկան մարմիներն այս առնչությամբ գործ ունեն անելու:Մարզային  ԲԿ-ներում սոցիալապես անապահով խավը բժշկական օգնության մեծ կարիք ունի: Հույս հայտնենք, որ կարձագանքեն նաև  այս հրապարակմանը և թերություններն ու բաց թողումները կշտկվեն համապատասխան օղակների կողմից: