Չարաշահում. Շահումյան ԹՖ-ի գյուղապետարանում գրանցված է այլ մարդ, սակայն Անուշ հավաքարարն է գումար ստանում (Տեսանյութ)

26/09/2018 08:11
Չարաշահում. Շահումյան ԹՖ-ի գյուղապետարանում  գրանցված է այլ մարդ, սակայն Անուշ հավաքարարն է գումար ստանում (Տեսանյութ)


HZHAM.am-ն իր  հերթական ահազանգն է ստանում Արմավիրի մարզի Շահումյան ԹՖ-ի բազմամնակարանային թիվ 32 և 44 շենքերի բնակիչներից, որոնք բառացիորեն աղերսում էին մեր կայքին անդրադառնալ իրենց  ինքնահավան, ոչ տեղաբնակ ԺՊ գյուղապետուհու՝ Լիլյա Ղասաբյանի  անգործունթյանը, որի անարդյունավետ աշխատանքից տուժում են իրենք ու իրենց ընտանիքների անդամները: Ըստ տեղաբնակների, Լիլյա Կարապետյանը հարևան՝ Դաշտ գյուղի 35-ամյա բնակչուհին, իր ինքնահավանությամբ ու անտարբերությամբ լցրել է իրենց համբերության բաժակը:

Ավելին, չարաշահում է պաշտոնական դիրքը՝ հանցագործություն կատարելով:

-Երկար տարիներ նա աշխատել է մեր գյուղապետարանում, որպես աշխատակազմի քարտուղար,  2017թ-ի Աժ խորհրդանական ընտրությունների ժամանակ ինքը, Կոշկերյան Լուսինեն, Ջուլիկ Մովսիսյանը եկան գրանցվեցին մեր գյուղում, որ ձայն ապահովեն ռեժիմին,- պատմում են համայնքի բնակիչները:

Իսկ բնակչուհի Աննման Ավետիսյանն էլ ասում էր, որ ստիպված վաճառում է տունը, որդին լավ կրթված տղա է, գործ չունի, քանի որ, իր խոսքերով ասած՝ այլ բնակիչներ են իրենց գործը խլել ու իրենց ղեկավարում:

Երբ այս հարցերը ուղղեցինք ԺՊ՝ Լիլյա Ղասաբյանին, վերջինս ասաց .

 - Զարմանում եմ  բնակիչների բողոքների վրա, քանի որ  ես նվերներ բաժանելիս նկատել էի, թե ինչքան սիրված եմ նրանց կողմից: Բյուջեն ընդամենը 24,4 մլն է, որ խնդրին ձեռք եմ տալիս մեծ գումար է պահանջում, ինչպե՞ս անեմ: Աղացած ասֆալտ պիտի բերեմ, խորհուրդ են տվել շոգ հուլիսին փռեմ:


-Էժան հողը փռել է մեր դռներին, ասում է աղացած ասֆալտ է: Գժի տեղ է մեզ օգտագործում,-գոռում էին վրդոված  բնակիչները,- Մեզ չի դզում, որ ինքը առաջադրել է իր թեկնածությունը հոկտեմբերի 21-ի ՏԻՄ ընտրություններում, մենք իրեն չենք ուզում, դեմ ենք իր առաջադրմանը,-ասում  էին բնակիչները:

-Գյուղապետարանի հավաքարար՝ Անուշը փող է ստանում, բայց այլ մարդ է գրանցված: Գյուղապետը մեր համագյուղացին չէ, հաշվապահը և մյուս աշխատակիցները կամ Էջմիածնից են կամ այլ տեղերից: Բոլորը օտար են մեզ ու մեզ հետ վարվում են ինչպես օտարների, մինչդեռ մեր գյուղում արժանի ու խելացի շատ մարդիկ կան,-ասում են մեզ դիմողները:

-Թռչնագոմերից մկներն ու կռիսները լցվել են մեր տները, մեր երեխաների անվտանգությունը ո՞նց ապահովենք, տանիքներին տիրություն չի անում դաշտեցին, ասում է, որ մարզպետի հովանու տակ եմ, ինչ ուզում եք արեք, վախ չունեմ: Անձրևներից ու կարկուտներից , որ անխնա չռչռում են  մեր պատերին  ու գլխին, արդեն փլուզման տակ են մեր տները: Էն օրն էլ էժան  հող է բերել լցրել մեր փողոցները, ասում է, որ ժողովուրդ ջան, աղացած ասֆալտ է…գիտե՞ք, ձեռ է առնում էդ տնամնան մեզ, էդ հողը մեր դռներին չփռես,- զայրացած պատմում էին բնակիչները:

Տես՝ Տեսանյութը:

Հ.Գ. Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ մեր կայքը մեկ տարի առաջ անդրադարձել էր Շահումյանի ԹՖ-ի գյուղապետ՝ Արթուր Յայլոյանի թույլ տված չարաշահումներին, հրապարակված նյութի հիման վրա, իրավապահ մարմիների և  Էջմիածնի ԱԱԾ-ի ստուգումների  արդյունքում դադարեցվեցին գյուղապետի լիազորությունները և քր.գործ հարուցվեց:

Համայնքում տեղեկացանք, որ իր թեկնածությունն է առաջադրել նաև նախկին գյուղապետ՝ Արթուր Յայլոյանը, ինչպես նաև իր զարմիկ՝ Լյուդվիգ Յայլոյանը: Ներկա,  գործող ԺՊ–ի տեղակալը, Արթուր Յայլոյանի որդին է՝ Դրո Յայլոյանը: Գրադարանավարուհին՝ Մարիամը, կինն է Արթուր Յայլոյանի: Բնակիչների խոսքերով, յայլոյանական մաֆիան գյուղում ավերում ու թալանում է ամենը, ինչը պատկանում է անպաշպան բնակիչներին: Անգամ, ըստ վերջիններիս, թալանել են գյուղապետարանի քարերն ու պատուհանները: