Դասապրոցես վթարային շենքում, բարեկարգ դպրոց ունենալու երազանքով

24/09/2018 07:58

Գյումրու քաղաքի Մուշ թաղամասն իր կազմակերպվածությամբ, մաքրությամբ աչքի է ընկել: Սա փաստում են թե՛ տեղացիները, թե՛ քաղաքի հյուրերը: Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված, ծիծաղում են՝ «մարդիկ ակուրատնի են...»:

 

Ըստ տեղացիների այստեղ գործող միակ ենթակառուցվածքը դպրոցն է, որը քաղաքի առաջատար դպրոցներից է։

-Շատ լավ դպրոց ունենք, մեր երեխաները, թոռները դաստիարակված ու լավ սնունդով ապահովված գալիս են տուն։ Էս մի դպրոցն է էլի մեր թաղամասում, ու մյուս մասնաշենքը, էլ ուրիշ բան չկա,-մատնանշելով ասում են մեր զրուցակիցները։

Թիվ 23 միջնակարգ դպրոցի մի մասնաշենքը, որը նախկինում գործել է, որպես ավագ դպրոց անճանաչելիորեն փոխել է իր նախկին տեսքը։ Այստեղ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել ու մինչ օրս շարունակվում են։


Ներկայացնելով դպրոցում վերջին ամիսների կատարված կոսմետիկ վերանորոգումները, նոր գույքով դասասենյակների հագեցվածությունը, լաբորատոր դասասենյակների գոյությունը եւ մի շարք ձեռքբերումներ, մասնաշենքի ուսուցիչները զգալիորեն գնահատում են դպրոցի տնօրինության անկողմնակալ հոգատարությունը իրենց հանդեպ։

-Տարածաշրջանում իր բարի համբավն է վայելում վերը նշված դպրոցական հաստատությունը, ինչը պատճառ է դառնում, որպեսզի գյուղական համայնքների աշակերտներ եւս հաճախեն այստեղ,- ներկայացնում են թաղամասի բնակիչները։

Քաղաքին մոտ հարեւանությամբ գտնվող Կապս բնակավայրի միջնակարգ դպրոցին բնակիչների խնդրանքով բազմիցս անդրադարձել ենք։ Երրորդ աստիճանի վթարային կարգավիճակում գտնվող շենքի հիմնանորոգումը, ըստ կապեսցիների, ամեն տարի ձգձգվում է անհասկանալի պատճառներով։


-Ինչի՞ համար մեր երեխաները տարիներ շարունակ պետք է նման վթարային շենքում դպրոց գան, մեր երեխաներն էլ են ուզում քաղաքի դպրոցների նման ապահովված ու գեղեցիկ դպրոցի աշակերտ լինեն։ Բայց մենք ոչ տրանսպորտի գումար ունենք, որ գնան հասնեն Գյումրի, ոչ էլ ուզում ենք, որ մեր գյուղի դպրոցի աշակերտները պակասեն։ Դպրոցի պատասխանատուները ինչ ասես արել են, սկսած ջերմությունից մինչեւ ճաշարանի, դասասենյակների կարգավորում։ Մենք գոհ ենք տնօրենի սրտացավ ու ընկերական պահվածքից, մեր դպրոցի մաքրությունն ու անդորը պահպանվում է։  Բայց էլի տանը դպրոցից խոսելիս երեխաները երազում են ավելի մեծ ու լուսավոր դասարանների մասին,-պատմում է դպրոցում ծնողական ժողովի եկած բնակչուհին՝ Ստելլան։


Անցյալ տարի, ըստ ծնողների  դպրոցամերձ 300 քմ տարածքը տնօրինության նախաձեռնությամբ ցանկապատվել է եւ մշակվել։ Նախկինում այն վեր էր ածվել աղբանոցի։ Այստեղ առվույտ եւ ցորեն են ցանել, բայց կարկուտը վնասել է բերքը, ինչի համար չեն վհատվում մանկավարժները եւ աշակերտները, կարեւորը, որ հողը մշակվում է, տարածքը կծառայի դպրոցի ինչ ինչ խնդիրն եր լուծելու համար։ Բացի ներքին հարդարանքից շատ բան է փոխված դպրոցում:

-Չնայած բողոքում ենք պայմաններից, բայց վերջերս էնքան բան է փոխվել դպրոցում, որ գան քանդեն՝ երեւի չթողնենք...,-իրենց հատուկ հումորով ներկայացնում են կապսեցիները: