Դաշտ համայնքում նոր անուն է շրջանառվում (Տեսանյութ)

22/09/2018 09:08
Դաշտ համայնքում  նոր անուն է շրջանառվում  (Տեսանյութ)

Արմավիրի մարզի Դաշտ համայնքում հոկտեմբերի  21–ին ՏԻՄ ընտրություններ են ընթանալու: Մեր սոցհարցումների արդյունքում համայնքի բնակիչների մեծ մասը մատնացույց էր անում Դաշտի բնակիչ, գործարար, 30-ամյա բնակիչ՝ Վալեր Գևորգյանին: Վերջինիս  տարածաշրջանում ճանաչում են որպես համաժողովրդական շարժման ակտիվ մասնակից, ով մեծ լումա ունեցավ 2018-ի  ապրիլի  իշխանափոխության գործում:

Հեռախոսազրույցում Վալեր Գևորգյանը պատրաստակամություն հայտնեց  հանդիպել և սիրով պատասխանեց մեր հարցերին: Դաշտի ՏԻՄ թեկնածուն տեղեկացրեց, որ ամիսներ առաջ համայնքի նախաձեռնող խումբը մոտեցել և առաջարկել է իրեն առաջադրել իր թեկնածությունը ՏԻՄ ընտրություններում.

- Ընդառաջելով համագյուղացիներիս առաջարկին՝ առաջադրել եմ թեկնածությունս Դաշտ համայնքի ընտրություներին,- ասաց Վ. Գևորգյանը:

-ՏԻՄ ղեկավարի գործառույթներին ծանո՞թ եք:

-Իհարկե,  ՀՀ քաղաքացին հարկ ու տուրք է մուծում, ակնկալելով իր ղեկավարից՝ համարժեք համայնքային ծառայություն, լավ կառավարում և արդյունավետ աշխատանք:

-Բնականաբար, գիտեք  նաև Դաշտի հիմնախնդիրները:

-Անշուշտ, այսօր, համայնքի մանկապարտեզը գերխնդիր է երիտասարդ մայրերի համար: Նախակրթարան ունենալը նաև ժամանակի հրամայականն է, ի վերջո, 21-րդ դարում ենք ապրում,-ասում է մեր զրուցակից  Վ. Գևորգյանը,- համայնքում խնդիր է նաև գիշերային լուսավորության հարցը, գերեզմանի, միջհամայնքային և դաշտամիջյան ճանապարհները: Մշակութային կյանքը, որիզ զրկված են Դաշտի հասարակությունը: Սրանք խնդիրներ են, որ հրատապ լուծում են պահանջում, կյանքն օր-օրի արագ փոխվում է աչքներիս առաջ, իսկ դաշտեցին դեռևս դոփում է տեղում, առաջընթաց չկա, մարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում՝ թողնելով իրենց հողակտորների մշակումը կանանց ու մայրերին: Սա էլ լավ ապրելու երաշխիք չէ, գոյությունը պահպանելու  հարց է լուծվում:

-Ըստ ձեզ,ո՞րն է լուծման բանալին:

-Նոր ծրագրերն ու նոր գաղափարները: Հները հոգնած են ու սպառված: Սերնդափոխություն է անհրաժեշտ ամեն ոլորտում: Նոր Հայաստանում ենք ապրում, նոր մոտեցումներ են պետք, նոր ոճ, նոր գործելակերպ: Համայնքը պետության անկյունաքարն է, այն ուղիղ  ու ամուր պետք է շարվի, եթե ուժեղ ու հզոր պետություն ենք ցանկանում կառուցել: Ամեն ինչ սկսվում է համայնքից, սա մի փոքրիկ ընտանիք է, որն առանձնանում է իր ավանդական սովորություններով ու ազգային պահպանողական մոտեցումներով: Այս հանգամանքը պետք  չէ անտեսել: Մենք մեր ներկա ու գալիք սերունդներին պարտավոր ենք   փոխանցել մեր ազգային արժեքները, որը մեզ է հասել մեր պապերից, սա մեր ազգի դիմագիծն է ու ուրույն դեմքը և բոլորիս սրբազան պարտքը:

-Վալերի՛, ըստ ձեզ, մարդկային  ինչպիսի՞ հատկանիշներ պետք է ունենա ՏԻՄ ղեկավարը:

- Ղեկավարը նախ պետականամետ պետք է լինի, ազգային ու պետական շահը գերադասի անձնականից, լիդեր  լինի, գործունյա մարդ, մարդկանց առաջնորդելու ձիրք ունենա: Լսելու կարողություն, արագ կողմնորոշվելու, արագ արձագանքելու, հարեհաս լինելու, կարեկցելու ու օգնելու շատ ու շատ նմանատիպ հատկանիշներ, որ բնորոշ է առաջնորդին: Քո կերպարը պետք է ուսանելի լինի մյուսներին, ում դու ղեկավարում ես: Այլապես, իմ կարծիքով քեզ ոչ-ոք չի հարգի, էլ ուր մնաց լսեն ու կատարեն: