Փոխվարչապետի հերթական կամայական նշանակումը կամ` նոր կառավարության կոռուպցիոն ռիսկերը

21/09/2018 09:23
Փոխվարչապետի հերթական կամայական նշանակումը կամ` նոր կառավարության կոռուպցիոն ռիսկերը

Օրերս Գյումրու թիվ 40 հիմնական դպրոցում կայացավ տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ, որին մասնակցության հայտ էր ներկայացրել 8 թեկնածու:

Մասնակիցներ Լիանա Մարդոյանն ու Հայկ Հարությունյանը ստացել էին հավասար ձայներ: Սահմանված կարգի համաձայն` հավասար ձայներ հավաքած մասնակցների անձնական գործերը մարզային դպրոցի դեպքում ուղարկվում են ՀՀ փոխվարչապետին, վերջինս էլ իր առաջարկությունն է ներկայացնում մարզպետին:

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն արդեն ստացել է փոխվարչապետի առաջարկությունը:

Նա էլ առաջարկել է մարզպետին աշխատանքային պայմանագիր կնքել մրցույթի մասնակից, կենսաբանության ուսուցիչ Հայկ Հարությունյանի հետ:

Նշանակումը տարակուսանք եւ զայրույթ է առաջացրել Լիաննա Մադոյանին, ով բաց նամակով է հանդես եկել.

«Կարո՞ղ եք մեզ` կրթությամբ հետաքրքրվածներիս, հրապարակավ ներկայացնել, թե տնօրենի մրցույթում հավասար ձայներ հավաքած թեկնածուներից մեկին առաջարկություն ներկայացնելիս ի՞նչ չափանիշներով են առաջնորդվում: Եթե գիտելիք, փորձ, անցած ճանապարհ էական չեն, ապա բացատրեք, պարզաբանեք մեզ, թե ո՞ր չափանիշներն են առաջնային: Վերջապես ինչի՞ն կամ ու՞մ հավատանք...»:

Ըստ Լիանա Մարդոյանի, ինքը բողոքարկելու է փոխվարչապետի առաջարկ-գրությունը:

Հ.Գ. Նման մի իրավիճակում է հայտնվել նաեւ Գորիսի թիվ երկու դպրոցը, որին անդրադարձել էր HZHAM.am-ը: