Աղբահանության խնդիրը Արթիկում եղել է ու կմնա

12/09/2018 09:44

-Արթիկ քաղաքը հարեւան գյուղերի համար դարձել է աղբատեղի, էս մեր Արթիկը էդպես էլ քաղաք չդարձավ։ Գնացեք տեսեք Գյումրիի ճանապարհները ինչպես են կարգավորվում, բազալտից բորդյուրներ են դնում, փողոցները չեն նեղցնում ոնց մեր մոտ, էնքան էն նեղացրել էս փողոցները, որ անցնել դառնալ չի լինի։ Քաղաքում քարուքանդ եղած ասֆալտը կտրտել են ու չեն սարքում քանի ամիս է։ Գնացեք Լմբատ թաղամասի վիճակը տեսեք։ Հետն էլ աղբի մեջ կորած, գեղերից ինչքան զիբել կա մեր քաղաքով շաղ կդան,-ահազանգում են քաղաքացիները։


Քաղաքում աղբահանությունը դեռեւս մնացել է գերակա խնդիր։

Ըստ արթիկցիների, քաղաքին հարակից այն համայնքները, որոնց գյուղերում աղբահանությունը ժամանակին չի կատարվում, մարդիկ մեքենաներով աղբի տոպրակները բերում են գցում քաղաքի տարածքներում։ Աղբի մեջ կորած շատ փողոցներ անբարեխիղճ մարդկանց շնորհիվ վեր է ածվում աղբավայրի, պատմում են մարդիկ՝ մատնացույց անելով փողոցում մի կույտ շինարարական աղբը, որը գիշերով են լցրել, որպեսզի չարժանանան քաղաքացիների նախատինքին։


-Էլ չենք ասում թե ինչքան գոմաղբ, քար ու զիբիլ են լցնում փողոցներում, մի կողմից էլ փողոցային առեւտուրը։ Աղբամաններն էլ չեն օգնում, գալիս են առեւտուր անեն չեն մոռանում տան աղբն էլ հետները բերեն Արթիկ։ Ինչի՞ համար, էդ գյուղերը չունե՞ն աղբամաններ, որ բերում մեր քաղաքում են լցնում, չեն նայում իրավունք ունեն, թե՞ չէ։ Գիշերով թե ցերեկով կապ չունի։ Փոքր Մանթաշի, Սարալանջի, Նահապետավանի մյուս գյուղերի զիբիլները մինչեւ Արթիկ են հասնում, միջմարզային ճանապարհ է, ամեն անգամ ինչքա՞ն կարելի է, հո պահակ չենք կանգնելու։ Այսինքն որ գյուղից ավտոյով մարդ գա քաղաք պետք է իր տան աղբը բերի քցի մեր քաղաքով մեկ։ Աղբավայր չունեն, բայց իրենց աղբը Արթիկով մեկ կտարածեն, վարչական մարմինն էլ քար անտարբեր է ձեւանում,-զայրանում են քաղաքում մարդիկ։


Տարածաշրջանի 23 համայնքների աղբը Արթիկի աղբավայր է տեղափոխվում, գյուղերից միայն Նոր Կյանք, Մեղրաշեն եւ Պեմզաշեն համայնքները ունեն աղբավայր։ Գյուղերում աղբահան մեքենաները մեկ ամսում երկու կամ երեք անգամ են աղբը տեղափոխում։ Երբ աղբամանները լցվում են աղբով, կամ գյուղեր կան, որ աղբաման չունեն կամ մեկ երկու հատ են, իսկ Փոքր Մանթաշում ընդհանրապես աղբաման չկա, այդ ժամանակ Արթիկ քաղաքի աղբամանները «օգնության» են հասնում։ Բնակիչներին, համայնքային ծառայողներին ուղղված այն հարցին, թե իրենց չի հետաքրքրու՞մ, թե որտեղ է տարվում իրենց համայնքի աղբը, կամ վերը նշված ընկերությունը ունի՞ պայմանագիր Արթիկի կոմունալ ծառայության հետ, որպեսզի մեքենաներն աղբը դատարկեն քաղաքի աղբավարում, վերջիններս պատասխանեցին։

-Թող «Շինարար Նարե» ՍՊԸ ընկերությունը մտածի, իրենց հետ ենք համագործակցում։ Իրանք են իրականացնում աղբահանությունը ո՜ւր տանում են թող տանեն։Մեր գյուղերը մաքուր լինեն, մեզ ի՞նչ, թե ուր կտանեն։ Կարեւորը մեր գեղերից կտանեն, մեր մոտ չի մնա։ Մենք օրինական կոմունալի փողերը փոխանցում ենք, թող բարի լինեն ժամանակին տանեն աղբը։ Պետք է մենք տանեինք, աղբը ծածկեինք, թող տանեն էլի լավ չէ՞։ Մեզ ի՞նչ հետաքրքիր է, թե որտեղ է կեղտոտ,-նույնաբովանդակ պատասխանում են մի շարք համայնքներում։

Մեղրաշեն գյուղում աղբահանությունը իրականացնում է համայնքապետարանը։ Բայց պատրաստվում են հաջորդ տարի համագործակցել որեւէ կոմունալ կազմակերպության հետ,ներկայացնում են ծախսատար է, բանվորի դիֆիցիտ կա։

-Հեռի լսողաց գնում են Ռուսաստան ինչ գործ ասես անում, բայց էստեղ ասում են ամոթ է, որ աղբահանություն անենք։ Դժվար է,-ասում են գյուղում։