«Նիկոլ Փաշինյանն իր աթոռի համար ժողովրդին հանեց փողոց». Շանթ Հարությունյան

08/09/2018 21:39
«Նիկոլ Փաշինյանն իր աթոռի համար ժողովրդին հանեց փողոց». Շանթ Հարությունյան

«ԿԳԲ-ն ստեղծված է ռուսական շահերը սպասարկելու համար. ամբողջ աշխարհում է այդպես, ու կապ չունի՝ հիմա ինչպես է կոչվում ԿԳԲ-ն՝ ԱԱԾ, թե՞ ԾԾԲ կամ ԽԾԲ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը։


«Գուցե Վանեցյանն ինձ ասում էր՝ դու մի անհանգստացիր, այսօրվա ԿԳԲ-ն այն ԿԳԲ-ն չի, բայց ինձ համար դա ծիծաղելի է։ ԿԳԲ-ն այլևս այն ԿԳԲ-ն չի լինի, եթե ընդհանրապես չլինի։ Եթե ես լինեի վարչապետ, իմ համար մեկ հրամանը համաներումը կլիներ, իսկ երկրորդը՝ ԿԳԲ-ն կիսել երկու մասի, այսինքն՝ արտաքինը՝ առանձին, ներքինը՝ առանձին»,- ասաց նա։

Հարությունյանի խոսքով՝ եթե իշխանությունը հայտարարել է, որ ինքը քաղբանտարկյալ է, թող քննություն անցկացնեն ու պարզեն՝ քաղբանտարկյալ է, թե ոչ. «Ինձ հալածել են իմ հայացքների համար։ Իմ փաստաբանն առաջարկել է բողոք ներկայացնել, ես ասել եմ՝ ոչ։ Ադրբեջանցի Սերժ Սարգսյանը Հայաստանում հատուկ ներդրվել է Մոսկվայի պատվերով, որ Հայաստանը կործանի։ Ադրբեջանցի ասելով՝ Ադրբեջանի և Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործակալ նկատի ունեմ։

Եթե իրենք ուզում են՝ թող գնան քննություն անեն, բացեն դա։ Հիմա հալածում են հայրենասերներին, ես դաշնակից փնտրում եմ Եվրոպայում։ Հիմա ևս չեմ վստահում մեր արդարադատությանը։ Իրենց պոտենցիալ հակառակորդների գործերը բացել են, գուցե ես էլ եմ իրենց պոտենցիալ հակառակորդների մեջ, որ ինձ չեն ուզում արդարացնել, ես չգիտեմ։ Քանի որ Հայաստանում՝ Լևոնից սկսած մինչև Նիկոլ, Ռուսաստանն է ձևավորում իշխանությունը, հիմա էլ Քոչարյանի հարցն է։

Վարչապետն ասում է՝ Շանթը քաղբանտարկյալ է, դատախազն ասում է՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, ու շարունակում են իրար հետ աշխատել, դա ո՞նց է լինում։ Դա լինում է համակարգի փլուզում։ Կամ պետք է դատախազը հրաժարական տա, կամ վարչապետը, կամ պետք է վարչապետը դատախազին անվստահություն հայտնի ԱԺ-ում»։

Նա ասաց, որ, եթե Նիկոլ Փաշինյանը դատավորներին հրահանգ չի տալիս, դա դեռ չի նշանակում, որ նրանց հրահանգ տվող չկա. «Նիկոլ Փաշինյանն իր աթոռի համար ժողովրդին հանեց փողոց, բայց քաղբանտարկյալների հարցը չդրեց։ Որպեսզի անշրջելի դարձնի այս հեղափոխությունը, պետք է քաղաքական վճիռ իրականացնի, այսինքն՝ ԱԺ-ն պետք է քաղաքական օրենք ընդուներ, որ Հայաստանում եղել են քաղբանտարկյալներ, և բոլորին պետք է ազատ արձակել։ Իսկ իրավական դաշտում քննությունն ընթացքում կկայանա, կհստակեցվի։ Կեղծ հիմնավորում են, թե դատախազությունն անկախ մարմին է, որ տեսնեն՝ Նիկոլն ինչքան «զադնի» կտա։ Նիկոլը կոմպրոմիսի է գնում նախկին համակարգի հետ՝ ընդդեմ իմ նմանների»։