Քանի կա Միշիկը, Նիկոլի խոսքը որոշիչ չէ, կամ՝ հեղափոխությունը Սիսիան չի հասել

05/09/2018 22:20
Քանի կա Միշիկը, Նիկոլի խոսքը որոշիչ չէ, կամ՝ հեղափոխությունը Սիսիան չի հասել
Հարգելի խմբագրություն, որպես համարձակ ու անկողմնակալ լրատվամիջոց ցանկանում ենք Ձեր միջոցով անդրադառնալ մեզ համար կարևոր մի խնդրի՝ Սիսիանում տիրող անպատժելի մթնոլորտի ու թայֆայական հաշվեհարդարների մասին: Դեռ ամիսներ առաջ, Ձեր կայքում, հայաստանյան այս տարվա ապրիլյան իրադարձությունները որակեցիք Նիկոլի և Միշիկի համատեղ իրականացվող ծրագիր ու խաղ: Դուք երիցս իրավացի և ճիշտ էիք:

Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, իշխանափոխությունից կամ ինչպես կուզեք անվանեք այդ իրադարձությունները, տեղի անտեղի հիշատակում է, որ իր քաղաքական թիկունքը, ի դեմս Միքայել Մինասյանի, շատ ամուր է:
Անգամ համայնքի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հրաժարական չի տալու, քանի որ իր դաբրոն Միշիկից է ստացել: Ու այս ինքնավստահությունը Արթուրին իրավունք ու հնարավորություն է տալիս շարունակել իր զոռբայական, շատ դեպքերում հակամարդկային ու ստոր քայլերը:

Այս օրերն, երբ մի շարք համայնքների ղեկավարներ մի հնարով են պահում իրենց աթոռը, ապա Արթուր Սարգսյանը, ոչ միայն իրեն է պահում, այլ նաև բռի մեջ է հավաքել Սիսիանի ուժային կառույցների ղեկավարներին, նրանց համար հանդիսանալով տանիք:

Զուր չեն խոսակցություները, թե Արթուրին հաջողվում է Սիսիանում կշիռ ունեցող մարդկանց դեմ քրեական շինծու գործեր հարուցել, փոխարենը իր ու համախոհների հանցագործությունները նախ թաքցվում, հետո էլ կոծկվում են արհեստավարժ կերպով:

Սիսիանում այս կամ այն միջոցառմանը Արթուր Սարգսյանի մշտական ուղեկցողներից, հացի ու թասի անբաժան ընկերներից են Սիսական գնդի հրամանատարը, Ոստիկանության Սիսիանի բաժնի նաև քննչական ծառայության Սիսիան բաժնի պետերը: Եվ այսպես, Սիսիանում տեղակայված զորամասի հրամանատար Հրաչ Օհանյանի թիվ մեկ խնդիրը «եղել և մնում» է Արթուր Սարգսյանին ուղեկցելը, նաև զորամասի ներուժը Արթուրի նախագծերի իրականացմանը ծառայեցնել:

Քանի որ իր այդ պաշտոնում նշանակման համար գնդապետ Օհանյանը պարտական է Արթուրին, ավելին՝ վերջին շրջանում բազմաթիվ զորամասերի հրամանատարներ փոխվում են, բայց Հրաչը շարունակում է աշխատել ու «խոնարհաբար ծառայել» Ա. Սարգսյանին:

Քննչական ծառայության Սիսիանի բաժնի պետ Արմեն Կավեյանի աշխատանքային երևանյան կենսագրությունը հարուստ է խայտառակ պատմությամբ՝ բռնաբարություն: Արդյունքում մայրաքաղաքից «արտաքսեցին» Սիսիան: Նա աշխատանքի է գալիս ամիսը ընդամենը 2 օր,պատճառաբանելով, որ մայրաքաղաքում սեփական բիզնեսը անտեր թողնել չի կարող:

Ընդ որում, Արմենը Սիսիան է գալիս ամեն անգամ մի նոր մակնիշի մեքենայով: Փոխվել է ՀՀ քննչականի պետը, նաև բաժինների պետերը, բայց Կավեյանը Արթուրի «շվաքի» ներքո շարունակում է աշխատել կամ ավելի ճիշտ կլինի ասել «չաշխատել»:Ու իբրև փոխհատուցում՝ իր անվտանգությունը «ապահովագրելու» համար, Արթուրի կենացը հոտնկայս և ճոխ բառերով համեմած է խմում:

Ամենաողբալին Ոստիկանության Սիսիանի բաժնի պետ Արմեն Մարկոսյանի վիճակն է: Պատմության մեջ Սիսիանում այնքան ոստիկան չի դատվել ու հեռացվել համակարգից, որքան Արմենի օրոք:

Այս պահին էլ տասնյակից ավելի ոստիկանների նկատմամբ քրեական գործեր են հարուցված: Ծառայողական քննություն է ընթանում նաև ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մարկոսյանի նկատմամբ՝ պաշտոնական դիրքը չարաշահելու, նյութական վնասներ հասցնելու և այլ հատկանիշներով:

Չնայած այս ամենին, Արմենը շարունակում է պաշտոնավորել, ստացվում է, որ նա անփոխարինելի է, քանի որ թիկունքին կանգնած է Արթուրը, իսկ Արթուրի թիկունքին Միշիկն է կանգնած, այս դեպքում Նիկոլն ո՞վ է, որ Միշիկի կադրերին «բան ասի կամ բան անի»:

Հերն էլ անիծած, որ Արթուրի եղբայր երեսփոխան Ավետը ԱԺ-ում 4 անգամ դեմ է քվեարկել Նիկոլին: Հերն էլ անիծած, որ սիսիանցիներն առավոտից երեկո բողոքում են իրենց թշվառ վիճակից, չլուծվող, այլ խորացող խնդիրներից: Հերն էլ անիծած, որ Սիսիանում ինչ կա չկա պատկանում է Սարգսյան գերդաստանին:

Ու վերջապես, հերն էլ անիծած, որ ով Արթուրին ասում է աչքիդ վերևը ունք կա, հարցի լուծմանը միջամտում են նրա «արնախում» բանդայի ներկայացուցիչները ու հարցը լուծված է, ինչպես դա եղավ նախօրեին, երբ Արթուրենց պատկանող ԱՎ-Տուր հարսանյաց սրահը նկարելու համար դաժանաբար ծեծի էին ենթարկել ՔՊ համակիր Հայկ Մկրտչյանին:

Տղայի միակ մեղավորությունը կայանում է նրանում, որ համարձակվել էր անցնել Արթուրի տարածքի կողքով:

Այս դեպքում անհավանական է անգամ պատկերացնել, թե ի՞նչ կլինի այն մարդկանց վիճակը, ովքեր կհամարձակվեն քննադատել Արթուրին: Չլինի թե մի օր տնից դուրս են եկել ու չեն վերադարձել: Ինչպես տեսնում եք, քանի կա Միշիկը, Նիկոլի խոսքը որոշիչ չէ: Իսկ քանի կա Միշիկը, Արթուրն իր թայֆայով «անփոխարինելի» կմնա: Այնպես որ Սիսիանում ո´չ հեղափոխություն է եղել, ո´չ իշխանափոխություն…

Հարգանքներով՝ Արայիկ Ավետիսյան, Գարիկ Սարգսյան, Արսեն Պետրոսյան