Հիշենք ապրողաց…Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել . Սամվել Հայրապետյան

04/09/2018 08:23

Մեր կայքին են դիմել Արցախյան հերոսներից մեկի, ՀՅԴ-անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի կազմում կռվող, սպա Սամվել Հայրապետյանի  մարտական ընկերը՝ Սամվել Հովհաննիսյանն ու մահկանացուն կնքած հերոսի մայրը,  ովքեր այսօր վերհիշել էին ու խնդրում էին անդրադառնալ Արցախյան ինքնապաշտպանական, ազատագրական պատերազմում հերոսի մահով մարտիրոսված իրենց  մերձավանցի ընկերոջը, հայրենասեր հայորդուն:

 Մեր ժողովրդի, 1988-ի ազգային ազատագրական պայքարի վերջին զարթոնքն ու մեր երկրին պարտադրված պատերազմը հերոսներ ծնեց: Հասարակությունը սիրեց, գուրգուրեց ու  փառաբանեց այդ հերոսներին, քանզի նրանք դուրս էին եկել ժողովրդի ծոցից ու հերոսությամբ նետվեցին հանուն նույն այդ ժողովրդի փրկության: Եվ այդ հերոսները կամավորականներ էին՝ նրանց շունչ ու հոգիէր տվել մեր ազգը: Ժողովրդի սերը կամավորականներին տարավ հերոսության, տարավ երկրի ու պետականության, հանդեպ պահպանման պատասխանատվության:

Ահա այդպիսի հերոսության գնաց  նաև Արմավիրի մարզի Մերձավան համայնքի բնակիչ, երկու անչափահաս տղաների հայր՝ Սամվել Հայրապետյանը, թողնելով երեխաներին կնոջ խնամքին, 1989թ-ին միացավ  ամենուրեք  ստեղծվող կամավորականների շարքերին:

1989-ի աշնանից, ադրբեջանցիների  կողմից ավելի սաստկացան Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծումը: Ադրբեջանցիների ոտնձգություններին պատասխան տալու համար ստեղծվող կամավորական շարքերին անդամագրվեց նաև Սամվելը, ինքն այդ օրերին անհանգիստ էր ու շտապում էր օր առաջ զենք վերցնել՝ ի պաշտպանություն հայրենիքի:

Նրա ընկերը՝ Սամվել Հովհաննիսյանը պատմում է, որ համագյուղացիներին հրաժեշտ տալուց առաջ, սապյոր Սամոն՝ Սամվել Հայրապետյանն ասել է. «Պետք է  պաշտպանենք ու պահենք մեր հողն հայրենի, թշնամուն պատասխան տալու ժամն է»:

-Սամվելը բարի էր, հոգատար, հավասարակշռված ու միաժամանակ խիզախ: «Սապյոր Սամոն» այդպես էինք դիմում նրան, վստահում, նրա հետ անկեղծանում ու ականապատում տարածքները:Նա շատ պատասխանատու էր, իր գործին համապատասխանող բնավորություն ուներ: Սառնասիրտ էր, երբեք չէր շտապում: Չափազանց վտանգավոր գործ էր անում և անում էր անթերի: Նրա սիրտը ցավում էր ընկերների համար, գիտեր կյանքի գինը, ափսոսանք ուներ դիմացինի հանդեպ: Սրանք պատերազմի դաշտում, որպես մարդկային հատկանիշներ, ավելի բացառիկ էին դառնում հուշելով մտերմության, ընկերության և կամեցողության աստիճանը, որն ուներ Սամվելը: Նա վերջին անգամ Արցախ մեկնեց 93-ի դեկտեմբերին: Մարտերն ընթանում էին Աղդամի ուղղությամբ: Փետրվարի 16-ին սակրավորներին առաջադրանք տրվեց ականապատել ազատագրված տարածքների մատույցները: Աշխատանքով տարված սակրակավորները չնկատեցին ինչպես վրա հասավ մութը, որն էլ դարձավ Սամվելի ողբերգական մահվան պատճառը: Խավարում սակրավորներից մեկը ոտքն անզգուշորեն դրեց իր իսկ դրած ականի վրա… Զուր չի ասված. որ սակրավորը մեկ անգամ է սխալվում: Ականի պայթյունից զոհվեց նաև Սամվելը, ընկավ հանուն հայրենիքի և անմահների շարքերում գրեց նաև իր անունը,- ավարտեց խոսքը Ս. Հովհաննիսյանը:

Սամվել Պավլուշայի Հայրապետյանը ծնվել է Կապանում, հասակ առել Էջմիածնի Մերձավան համայնքում: Հայկական բանակի կազմավորման առաջին իսկ օրից զինվորագրվել է Էջմիածնի  սակրավորական գումարտակում: Կամավոր մեկնել է Արցախ: 1993-ին Շուշիի առանձնակի գումարտակի գաղափարակից ընկերների հետ մասնակցել է Մարտակերտի շրջանում մղվող թեժ մարտերին: Ապա անդամագրվել Էջմիածնում կազմավորվող կամավորական զորամասներից մեկին, սպայի կոչում ստացել, դարձել սակրավորական դասակի հրամանատար և հայտնվել Մարտակերտի և Աղդամի շրջանների ամենաթեժ կետերում, որտեղ կենաց մահու կռիվ էր մղվում: