Տարեցները զարմանում են, ինչու՞ են հողի մշակներն այդքան տրտնջում

04/09/2018 07:45
Տարեցները զարմանում են, ինչու՞ են հողի մշակներն այդքան տրտնջում

Արմավիրի մարզի Արտիմետ համայնքի կենտրոնում հավաքված մի քանի տարեց զարմանում են, թե ինչու՞ են հողի մշակներն այդքան տրտնջում՝ հողից, բերքից, իրենց առօրյայից:

-Էս գյուղից մարդիկ քիչ են գնում արտագնա աշխատանքի: Ապրում ենք էլի՝ մի օր լավ, մի օր վատ: Բայց չենք դժգոհում, օրինակ այս տարվա ձմերուկի բերքից լավ էլ եկամուտ ենք ստացել,- ներկայացնում են իրենց կենցաղը արտիմետցիները,- Մարդիկ կապված են իրենց հող ու ջրին, կազմակերպված կարողանում են իրենց տնտեսությունները լավ ղեկավարել։

Ամռան այս թեժ օրերին գյուղում դժվար էր հանդիպել մեկին, ով զբաղված չլիներ հողի մշակմամբ, մարդիկ դաշտերում էին։

-Ով աշխատի նա կուտի, ողջ գյուղը ման գաք մարդ չեք տեսնի պարապ, որովհետեւ դաշտերն են, լավ էլ հող են մշակում, սովից էլ լաց չեն լինում։ Մեր գյուղը սովորական գյուղ չի՝ մարդիկ աշխատասեր են, իրար ձեռք բռնող են, դրա համար էլ չենք դժգոհում, գիտենք, որ աշխատող մարդը մինչեւ կեսօր սոված կմնա։ Նեղ օրեր բոլորն էլ տեսնում են, էդ ո՞ւմ կյանքում չի լինում դժվար ու ձախորդ օրեր, կարեւորը, որ մարդիկ իրար հանդեպ հանդուրժող ու զիջող լինեն, ամեն հարց էլ լուծվող է,-պատմում է տիկին Սուսաննան, ում ընտանիքի անդամները նույնպես դաշտում էին եւ ասում, որ չի սիրում լուսանկարվել, մատնացույց անելով եւ առաջարկելով, որ  արագիլներին նկարենք։

Արտիմետցիները տեղեկացրին, որ իրենց գյուղում լուրեր են պտտվում, որ շուտով այգեգործության ճյուղը կզարգացնելու ուղղությամբ ինչ-որ ներդրումներ են լինելու:

-Դա մեծ օգնություն կլինի գյուղացու համար,-ասում են նրանք: