«Աղջիկ-տղա չէինք պսակում՝ ճանապարհների պատճառով»

04/09/2018 07:34

 Արագածոտնի մարզի Կարմրաշեն, Ոսկեթաս, Զովասար գյուղեր  տանող ճանապարհը վերջապես ասֆալտապատվում է` 2018թ-ի Համաշխարհային բանկի ծրագրով։ Մարդիկ պատմում են, որ տարիներ շարունակ քայքայված եւ անանցանելի ճանապարհների պատճառով գյուղերի բնակիչները իրար աղջիկ տղա չեն ամուսնացրել, հատկապես ձմեռային ամիսներին, կտրվել է նրանց շարժը։


-Է՜ստեղ ապրելու համար պայմաններ չեն եղել, մանավանդ ճանապարհների մասով: Հիմա փառք Աստծու՝ եւ՛ լավ ճանապարհներ կունենանք, եւ՝ ջրահեռացման համակարգը կարգավորված կլինի, լուսավորությունն էլ հետը։ Նախկին իշխանություններից սա էլ մեզ բաժին հասավ,-պատմում են վերը նշված համայնքների բնակիչները։

Ոսկեթասը 163 տնտեսություն ունեցող համայնք է, ունի աշխատասեր եւ խաղաղ բնակչությունը, մարդիկ խուսափում են լրագրողի հետ խոսել, խորհուրդ են տալիս դիմել համայնքապետարան:


Համայնքի ղեկավար Սամվել Հովսեփյանը նշեց, որ իրենք գոհ են շինարարների եւ ընկերության ղեկավար Արմեն Բադալյանի հետեւողական աշխատանքներից։ Ասելով, որ վերջինս հաճախակի է գալիս համայնքեր ստուգելու կատարված աշխատանքները։

-Մեր գյուղերին մնում է գազաֆիկացումը, որ լինի էս գյուղերում ապրողները չեն մտածի գյուղից դուրս գալու մասին։ Համերաշխ ապրում ենք, կռիվ չունենք ոչ մեկի հետ, մեր գյուղը ունի դպրոց, լիճ ունենք մեր անասունները ջրով ապահովված են, արոտավայրեր ունենք,  հանդիսությունների սրահ, ճանապարհ չունեինք՝ դա էլ ունեցանք,- կատակում են ոսկեթասցիները։

Ընթերցողին հիշեցնենք, որ հարեւան Կարմրաշեն համայնքի ղեկավար՝ Արտուշ Մելիքյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարվեց համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուց։ Ըստ կարմրաշենցիների, աշնանը ՏԻՄ ընտրությունները թեժ են լինելու: Ժամանակավոր պաշտոնակատար համայնքային ծառայող՝ Սամվել Թորոսյանը փոխանցեց, որ կմասնակցի առաջիկա ընտրություններին։

-Թորոսյանը Սամվելը շատ պաշտոնների է եղել, իրեն վստահելու տեղ ունենք, գյուղից երկու, երեք  երիտասարդները կան, որ ասում են մենք էլ ենք մասնակցելու, համայնքի ղեկավարի ընտրություններին։ Ժամանակը կգա պարզ կլինի,-պատմեցին կարմրաշենցիները։


Ըստ տեղացիների, այս տարին բարենպաստ էր՝ բերքը առատ, իսկ բերքահավաքը եւ հացքաղը բարեհաջող ավարտին են հասցրել։ Սամվել Թորոսյանը տեղեկացրեց, որ գյուղի մշակույթի տունը, որի պատուհանները եւ դուռը անմխիթար վիճակում են, մի քանի օրից կփոխվի՝ առայժմ այսքանը կարող են անել: