Տարոնիկի չլուծված հիմնախնդիրները լուծում են պահանջում

31/08/2018 20:38
Տարոնիկի  չլուծված հիմնախնդիրները լուծում են պահանջում


 2 500 բնակիչ ունեցող Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի բնակիչները ներկայացնելով իրենց համայնքում արված վերջին շինարարությունները, ոգեւորությամբ պատմում են, որ համայնքի կենտրոնում, ամռան այս շոգ ու տապին կառուցված ցայտաղբյուրն անչափ ուրախացրել է իրենց: Խմում էին սառնորակ ջուրն ու օրհնում կառուցողին:  



-Միջհամայնքային ճանապարհների խճապատումն ու հարթեցումն ավելի կարևոր էին,-պատմում էին տարոնիկցիները ու ավելացնում,-Վերջապես ազատվեցինք ցեխից ու ցեխաջրից,նախկինում կոշիկ չէր դիմանում, ինքան կարող էինք առնել ու առնել:

Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի խոսքերով.

-Շուրջ 1412 գմ ընդհանուր լայնքով, 6մ-ով, ընդհանուր՝ 1872 քմ խճապատվել են միջհամայնքային ճանապարհները: Տարոնիկ համայնքում գերխնդիր է խմելու ջրի հարցը: Բարեգործական–մարդասիրական կազմակերպություններից մեկի միջոցով համայնքի ղեկավար՝ Արմեն Խլղաթյանի հետ համատեղ որոշ թաղամասերում, 3կմ խմելու ջրի խողովակատար անցկացվեց, ձեռք ենք բերել ևս 18 խողովակ,-ավարտեց խոսքը համայնքի աշխատակիցը:

Տարոնիկում տեղադրվել էր հուշակոթող՝ ի նշան երախտիքի, ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, ազգությամբ եզդի՝ Բորիս Օզմանյանի հիշատակին: Կանգառներում տեղադրված էին նստարաններ: Գիշերային  լուսավորության 300 լամպեր էին տեղադրված՝ թե՛ գլխավոր, թե՛ երկրորդական փողոցներում: Համայնքն  ունի բուժամբուլատորիա:

Թեև այս ամենին Տարոնիկ համայնքը ունի բազում հիմնախնդիրներ, որ պահանջում են  ՀՀ կառավարության  և պատկան մարմինների  միջամտությունը:


Համայնքում մանկապարտեզը, որտեղ հաճախել են 120 մանուկներ,  չի գործում: Պատճառը շենքային խնդիրն է, այն ներառված է ծրագրերում ու սառեցված վիճակում է ներկայումս:  Տեղական բյուջեի միջոցներով մի մասնաշենք վերանորոգվել է, սակայն թույլ չի տալիս, որ մանկապարտեզը  լիարժեք աշխատանքային ռիթմի մեջ մտնի: Անմխիթար վիճակում է նաև մշակույթի տունը: Չնայած սրան, համայնքի երեխաները հաճախում են խմբակներ, որոնց համար  որոշ պայմաններ էր ստեղծել համայնքապետը:

Վերջինս ասաց, որ ապագա ծրագրեր ունի, որոնց մասին դեռ վաղ համարեց խոսելը և թողեց հետոյին: