Մարզպետարանի արձագանքը՝ Արշալույս համայնքի ղեկավարի հրաժարականի վերաբերյալ

29/08/2018 11:59
Մարզպետարանի արձագանքը՝ Արշալույս համայնքի ղեկավարի հրաժարականի վերաբերյալ
ՀՀ Արմավիրի մարզպետարանը՝ ի դեմս մարզպետ Գագիկ Միրիջանյանի, շնորհակալություն է հայտնում բոլոր ԶԼՄ ներկայացուցիչներին մարզպետարանի հետ ակտիվ համագործակցության և  անաչառ գործելաոճի համար։ Մասնավորապես կարևորվում է Արմավիրի մարզպետի համապատասխան որոշումներով ստեղծված աշխատանքային խմբերի կողմից վերջին ամիսներին համայնքներում  իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների  օբյեկտիվ լուսաբանումը։

Իսկ ինչ վերաբերում է Արշալույս համայնքին, հարկ ենք համարում նշել, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացված իրավական և մասնագիտական հսկողությամբ արձանագրված իրավական և ֆինանսական հետևանքներ առաջացնող իրավախախտումներին համարժեք գնահատականներ տալու նպատակով համապատասխան նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին: 

Միաժամանակ հայտնում ենք, որ ս.թ. հուլիսի 13-ին Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանը գրություն է ներկայացրել ՀՀ Արմավիրի մարզպետարան, որում  նշված է. «Գնահատելով համայնքում ծավալված իրավիճակը, արձակուրդից վերադառնալուց հետո՝ 2018 թվականի օգոստոսի 14-ին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք 18-րդ  հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով սահմանված համայնքի ավագանուն կներկայացնեմ  իմ որպես համայնքի ղեկավար վաղաժամկետ լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առաջարկը» (ամբողջությամբ մեջբերված է համայնքի ղեկավարի համապատասխան  գրությունից)։ 

Համապատասխան  գրությունն օրեր անց մարզպետի ուղեկցական գրությամբ  ներկայացվել է համայնքի ավագանուն` հետևյալ առաջարկությամբ. ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացնել համապատասխան գործառույթներ,  մասնավորապես` համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին կազմել արձանագրություն»: 

Սակայն համայնքի ավագանին,  խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ  օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, միտումնավոր անգործություն դրսևորելով՝ ձախողել է տեղական ինքնակառավարման մարմնի` համայնքի ավագանու լիազորությունների իրականացումը։

Հավելենք, որ այն համայնքում, որտեղ ավարտվել են իրավական և մասնագիտական հսկողության աշխատանքները, դրանց արդյունքները քննարկվել են համայնքներում հրավիրված ավագանու նիստերի ընթացքում, իսկ հսկողության արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրությունները հրապարակվել են մարզպետարանի պաշտոնական կայքում (http://armavir.mtad.am/administrative-control-record/):

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին