Գործարանների ու արտադրությունների մի մասն ավերիչ երկրաշարժը հավասարեցրեց հողին, մյուս մասն էլ՝ ՀՀՇ-ն

28/08/2018 08:06
Գործարանների ու արտադրությունների մի մասն ավերիչ երկրաշարժը հավասարեցրեց հողին, մյուս մասն էլ՝ ՀՀՇ-ն

Լոռու մարզի Գուգարք համայնքը 88-ի աղետաբեր երկրաշարժից կրած ծանր վնասների հետեւանքով հետզարգացում ապրեց 90-ականներին:

Խորհրդային կարգերի փլուզվելուց հետո, իրենց սոցիալական վիճակը գնալով ծանրացավ, սկսեցին քայքայվել համայնքի ենթակառուցվածքները,նախկին շրջկենտրոնի գործարանների ու արտադրությունների մի մասն ավերիչ երկրաշարժը հավասարեցրեց հողին, մյուս մասն էլ՝ ՀՀՇ-ն: Արդյունքում մարդիկ մինչեւ օրս մնացին գործազուրկ՝ հասնելով աղքատության բարձրագույն շեմին։

-Այսօր էլ ենք գործազուրկ, ապրում ենք չնչին թոշակով, իսկ երիտասարդները կամ մեկնում են Ռուսաստան, կամ մնում են այստեղ մի կերպ յոլա գնում։ Մինչեւ արտագնա աշխատանքը Հայաստանում չվերանա մեր խնդիրները չեն լուծվի, մեկա ժողովուրդին պետք են բավարար աշխատատեղեր, որ ոչ թե բիզնեսմենը մեզ գործ տա, այլ պետությունը։ Ու են պետությունը, որի քաղաքացին ենք մենք, գործարան չկա, ՀՀՇ-ն սաղ հավասարեցրեց հողին, սրբեց կերավ, բան չկա։ Տարիներ շարունակ թողած երկրի կարեւոր գործերը ՀՀԿ են ասում, ԲՀԿ, ԲԲՇ  ու եսիմ ինչ կուսակցություններ են ասում, սաղ էդ կուսակցականությունները մեր երկրի հախից եկան,-ներկայացնում են մարդիկ։


Գրիշա պապիկին եւ մյուս բնակիչներին ուղղված հարցին, թե համայնքի ղեկավար Աշոտ Աշուղյանը եղե՞լ է ՀՀԿ-ական, իրենք գոհ են նրա աշխատանքներից, գրեթե շատերը  նույնաբովանդակ կարծիքներ են  էին հնչեցնում, ասելով։

- Կուսակցությունը ի՞նչ կապ ունի, կարեւորը մարդու հոգին է։ Էն ժամանակ ՀՀԿ-ն է եղել իշխանություն ինքն էլ է Հանրապետական եղել։ Համ էլ սա ի՞նչ բան է, էս երկրի մարդիկ բաժանվեցին հայերի ու հանրապետականների՞։ Մեր ազգին պե՞տք է բաժանում, թշնամություն։ Հիմա նոր իշխանություն կուսակցություն, հիմա էլ կասեն եկեք մեր կուսակցություն, ի՞նչ կարան անեն, չգնա՞ն, թե՞ գնան,-հարցնում է զրուցակիցս՝ Ավետիքը։ 


Համայնքում վերջին տարիներին՝ 2005 թվականից սկսած աշխատանքներն են մատնացույց անում մարդիկ եւ պատմում, որ նախկին անհրապույր գյուղն  ու ներկա Գուգարքը անհամեմատելի տեսք ունեն, համայնքը շտկել է մեջքը։2005 թվականին Գուգարք համայնքը, որպես անտարբերության մատնված եւ սոցիալ տնտեսական ծանր բնակչություն ունեցող համայնք  ժառանգություն ստացավ գործող գյուղապետ Աշոտ Աշուղյանը։

Թվարկելով համայնքապետի գործերը, խոսելով առօրյայի, իրենց հոգսերի մասին, մարդիկ ձեռքով փակում են դեմքը, հեռու փախնում՝ տեսնելով տեսախցիկը.

-Խոսենք, բայց խնդրում ենք առանց վիդիոների, հիմա էլ տելեվիզորներով երեւանք՝ խայտառակ ըլնենք...


Այսօր համայնքի թիվ մեկ հրատապ խնդիրը մանկապարտեզի շենքի բացակայությունն է, Գուգարք համայնքը  խորհրդային տարիներին ունեցել է տիպային մանկապարտեզ, որտեղ հաճախել են թվով 120 երեխաներ։ Երկրաշարժից հետո, երբ չեխերը եկել են Հայաստան՝ մարդասիրական աշխատանքներ իրականացնելու, այստեղ կառուցել են ժամանակավոր տնակներ, որտեղ այժմ գյուղի փոքրիկներն են հաճախում։ Երկրի նախկին  իշխանություններրին շատ են դիմել ու միշտ ստացել նույն պատասխանը՝ սպասեք:


Համայնքում գործում են բոլոր ենթակառուցվածքները։ Գյուղի ճանապարհներից մի հատված լուրջ մտահոգության պատճառ է գուգարքցիների համար: Ըստ տեղացիների, քանի որ  գյուղը աշխարհագրական դիրքով գտնվում է փոսի մեջ,գարնանը եւ ամռանը մշտական հորդառատ անձրեւներից առաջացած սելավների պատճառով ճանապարհները քայքայվում են,մյուս փողոցներ ասֆալտապատ են բարեկարգ։


 Սուրիկ անունով բնակիչը մատնացույց անելով գյուղի գերեզմանատունը պատմեց.

-Ճանապարհը ասֆալտածա, լուսավորված, գերեզմանատան վերեւում տեղադրված խաչը, որ տեսնում եք, գիշերը լուսավորվում է, գյուղապետի տղանա տեղադրել: Սկզբնամասում գտնվող եկեղեցի կառուցողն էլ է մեր համագյուղացին։ Տարածքը ցանկապարտվածա, հանգստի տաղավար ու հոսող մշտական ջուր կա,- դա գյուղի համար շատ կարեւոր հարցա, անգամ պատվի հարցա՝ գերեզմանատան բարեկարգ լինելը:   


Գյուղում տեղեկացրին, որ իշխանափոխությունից հետո, Գուգարքում մի քանի օր արհեստական լարված մթնոլորտ է ստեղծվել: Վերջին ամիսների ֆոնին իրենց համայքում էլ մեկ-երկու մարդիկ, որ փորձել են օգտվել ՀՀԿ-ական համայնքի ղեկավարի «անպաշտպան» կարգավիճակից եւ փորձում սեւացնել նրա անունը։ Ու ստահոդ լուրեր տարածելով անձամբ  չեն ներկայանում համագյուղացիներին կամ համայնքի ղեկավարին՝ դեմ առ դեմ դժգոհություններ հայտնելու։

-Է՜հ, ստից բաներ են, գաղտնի գրելով հո չի՞: Է՛հ, գնա տղամարդավարի դեմը կանգնի, ասա՝ էսինչ-էնին- բաները սխալ ես արել, նա էլ կամ կշտկի, կամ էլ ճիշտը կբացատրի: Թիկունքից գրել-մրելը դա ստորությունա,- լոռեցու պարզությամբ սրտնեղում են գուգարքցիները: