Ծեծե՞լ են «Շանթ» հ/ը լրագրողին

25/08/2018 11:02
Ծեծե՞լ են «Շանթ» հ/ը լրագրողին

Անիի նախկին վարչատարածքում, 16 գյուղական համայնքների եւ Մարալիկ քաղաքի միավորումից ձեւավորված Անի փնջում վերջին օրերին լարված մթնոլորտ է: Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ վերջին շրջանում միավորի ղեկավար Արտակ Գեւորգյանի դեմ, մի քանի հոգի բողոքի ցույցեր են կազմակերպվում: Թե ովքե՞ր են նրանք եւ ի՞նչ նկրտումներ ունեն, փորձեցինք պարզել տարածաշրջանում՝ հարցախույզների միջոցով:

Պարզվում է ցույցերի կազմակերպիչները նախկին ՏԻՄ ընտրություններին պարտված քաղաքապետի թեկնածուի մտերիմներն են, ովքեր հեղափոխության ֆոնին ամեն կերպ փորձում են քաղաքապետի հրաժարականին հասնել։

Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 24-ին, ժամը՝  11:30-ի սահմաններում 10-15 հոգի ներխուժել էին քաղաքապետարան, անկարգություններ հրահրել:

Ըստ մեր զրուցակիցների, ցուցարարների ու քաղաքապետի համախոհների միջեւ լեզվակռիվ է բռնկվել, քաղաքապետարան ներխուժած մարդիկ, կրքերն ավելի լարելու համար, անգամ քաշքշուկ են հրահրել, ծեծել «Շանթ» հ/ը լրագրողին, ում շտապ տեղափոխել են քաղաքային հիվանդանոց:

Ըստ զրուցակիցներիս, ոստիկանությունը փորձել է թաքցնել երեւույթը եւ լրագրողին հիվանդանոց տեղափոխելուց հետո հրաժարվել են խոսել այդ միջադեպից:

Զրուցակիցներս տեղեկացնում են նաեւ, որ ոստիկաններն իրենց անձնական հեռախոսներով նկարել են այդ ծեծի պահը, սակայն այժմ հրաժարվում են դրանցից: Ի դեպ, մարալիկցիները տեղեկացրին նաեւ, որ ցույցի կազմակերպիչների մեջ է եղել նախկին դատապարտյալ Հարություն Ուռուտյանը, ով ծեծել էր լրագրողին:

Նշենք նաեւ, որ մարալիկցիներին անհանգստացնում է այն փաստը, որ այս օրերին, հարբած ու թմրանյութի ազդեցության տակ գտնվող մարդիկ շրջում են քաղաքում ու սադրում, հատկապես քաղաքապետարանի աշխատակիցներին եւ քաղաքապետի թիմակիցներին:

Թե ինչպե՞ս կզարգանան դեպքերը՝ կներկայացնենք առաջիկայում:

Հ.Գ. Տեղեկացնենք նաեւ, որ այսօր Մարալիկում, ի պաշտպանություն քաղաքապետ Արտակ Գեւորգյանի միջոցառում է կազմակերպվել, որը նույնպես առանց սկանդալի չի անցել: Մանրամասները՝ տեսանյութում: