Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը

14/08/2018 15:57
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել.

«Ինչպես գիտեք, այսօր, ժամը 12:00-ին «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում պետք է կայանար ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որին հրավիրված էին հայաստանյան բոլոր ԶԼՄ-ները: Ակնկալվում էր, որ ասուլիսի ընթացքում պետք է արվեին կարևոր քաղաքական հայտարարություններ և տրվեին բազմաթիվ հարցերի պատասխաններ:

Սակայն մի խումբ մարդիկ, ովքեր հանրությանը քաջածանոթ են որպես մերձիշխանական ակտիվիստներ և Նիկոլ Փաշինյանի մտերիմներ ու զինակիցներ, խանգարեցին դրա անցկացմանը և տեսախցիկների առաջ էժանագին բեմականացում խաղարկեցին` ներկայանալով որպես «զայրացած ժողովուրդ»:

Картинки по запросу էրեբունի պլազայում այսօր

Սոցիալական ցանցերում ու մամուլում արդեն հայտնվել են հիմնական «դերասանների» անունները, և նրանց ով լինելը տեղի ունեցածի պատվիրատուի մասով որևէ կասկած չի թողնում:

Այսօրվա` լավ ծրագրավորված ու կազմակերպված միջադեպը կարելի էր գնահատել որպես մանր խուլիգանություն և մեծ ուշարություն չդարձնել դրան:

Պարզ է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այսպես թե այնպես, նոր ասուլիսի կամ հարցազրույցի միջոցով կհրապարակի իր տեսակետները քաղաքական ամենաարդիական հարցերի վերաբերյալ:

Սակայն, հարկ ենք համարում շեշտել, որ տեղի ունեցածն, ըստ էության, իշխանության կողմից արված ճարահատյալ ու կոպիտ մի փորձ էր խոչընդոտելու քաղաքական ընդդիմախոսների ազատ արտահայտվելու և հանրության հետ լրատվամիջոցների օգնությամբ շփվելու հնարավորությունը:

Սա ոչ այլ ինչ է, քան այլախոհության բիրտ ճնշում կամ` ինչպես վերջերս ասել էր հայտնի քաղաքական գործիներից մեկը՝ մտքի տեռոր:

Այսօրվա միջադեպը կարծես եկավ հաստատելու քաղաքական դաշտում և հանրության շրջանում օրըստօրե ուժգնացող այն մտավախությունները, որ նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհությունը և ունակ են քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ: Հատկապես նրանց, ում քաղաքական կշիռն ու հեռանկարները իրենց համար լուրջ անհանգստությունների առիթ են հանդիսանում: