Դատախազությունը Քոչարյանի կալանավորումը վերացնելու որոշումը ստանալուց հետո կներկայացնի դրան համահունչ բողոք

14/08/2018 13:55

Դատախազությունը Քոչարյանի կալանավորումը վերացնելու որոշումը ստանալուց հետո կներկայացնի դրան համահունչ բողոք

Գլխավոր դատախազությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալու հետո դրան համահունչ բողոք կներկայացնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գլխավոր դատախազության շենքի դիմաց հավաքված քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը:

«Մենք արդեն հայտարարություն տարածել ենք, որ Վերաքննիչ դատարանի որոշումը դեռ չենք ստացել: Մենք մեկ-երկու օրվա ընթացքում այդ որոշումը կստանանք, այդ հարցը կքննարկենք և որոշման մեջ նշված հարցերին համահունչ բողոք կտանենք»,-ասաց Մուրադյանը:

Նա հավելեց, որ Վերաքննիչ դատարանում դատախազությունն իր դիրքորոշումն արտահայտել է, իսկ որոշումը ստանալուց հետո համահունչ բողոք կտանեն:

«Դատախազությունը մտադրություն ունի արդյոք Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու»,-հարցին ի պատասխան Մուրադյանը նշեց, որ նման մտադրություն դատախազությունն ունի, սակայն պետք է որոշմանը ծանոթանան, որպեսզի բողոքը լինի դրան համահունչ:

Վահագն Մուրադյանը հրաժարվեց մեկնաբանել ՀՔԾ-ի հայտարարությունն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է: Մուրադյանը հստակեցրեց, որ ինքը միայն լիազորված է տեղեկացնել, որ գլխավոր դատախազությունը կստանա Վերաքննիչ դատարանի որոշումը, կքննարկի, դրան համահունչ բողոք կներկայացնի: