Պաչոտնու տրտունջը

13/08/2018 08:47
Պաչոտնու տրտունջը

Հովհաննես Թումանյան

Առաջ մեր գյուղում պաչոտնի մարդը
Իսկի չէր քաշում գյուղական դարդը,
Ո՛չ խարջ էր տալիս, ո՛չ մասրափ գիտեր,
Խարջի ավելն էլ դեռ ինքը կուտեր։
Ա՜խ, ինչպես լավ էր,
Էն վախտ Շուլավեր։

Շրջվել է հիմի դարը հակառակ,
Պաչոտնի մարդն էլ ընկավ խարջի տակ,
Աստված վե՞ր կունի— պաչոտնի ու խա՞րջ,
Ո՞վ էր իմացել էս բանը առաջ—
Ա՜խ, առաջ լավ էր,
Ափսո՜ս Շուլավեր։

Պաչոտնու եզը, գոմեշը թե ձին
Թեկուզ հենց քանդեր քյասիբի այգին,
Ո՞վ կհամարձակեր պահանջել տուգանք—
Այնքան ունեինք պատիվ ու հարգանք—
Ա՜խ, ինչպես լավ էր,
<Էն վախտ Շուլավեր։>

Հիմի թե հորթ է, պատահի այնպես,
Ընկնի մի հիմար աղքատի պարտեզ.
— Հե՛յ, ինչո՞ւ մարդին տալիս ես վնաս,
Դե, սիրտ, դու սրան ի՞նչպես դիմանաս—
Ա՜խ, էս ինչ ցավ էր,
<Ափսո՜ս Շուլավեր։>

Ամեն մարդ իրան գյուգյումն էր պահում
Գինի էր առնում իր փողի շահում,
Մեծ էր թե ինչ որ— այն էր գյուգյումը,
Ո՞վ դեմ կըխոսեր— թեկուզ մտքումը—
Ա՜խ, ինչպես լավ էր,
<Էն վախտ Շուլավեր։>

Հիմի աղքատի— հարուստի համար
Բերել են մի չափ շինել հավասար,
Վրան էլ գեղի պեչատն են զարկել,
Պետք է նրանով շիրա հավաքել։
Էս ինչ նոր ցավ էր—
<Ափսո՜ս Շուլավեր։>

Գեղի քյասիբին պապական ծեսով
Փող էինք տալիս 60 տոկոսով—
Դեռ խեղդում էինք պարտքերի տակին
Եվ հետո խլում տունը կամ այգին—
Ա՜խ, ինչպես լավ էր,
<Էն վախտ Շուլավեր։>

Ասում են հիմի զակոն է եկել,
Որ այս տեսակ բան թե անենք մեկ էլ՝
Վինավաթ կըլնենք ու Սիբիր կերթանք.
Հապա էլ ինչո՞վ անենք աշխատանք—
Ա՜խ, էս ինչ ցավ էր—
<Ափսո՜ս Շուլավեր։>

Ախ, մի ժամանակ մեր ամբողջ գյուղը
Գիտեր պաչոտնու ահն ու երկյուղը—
Գիտեր, որ մենակ պաչոտնին էր մարդ,
Մյուսները նրան կամ ծառա, կամ պարտ.
Ա՜խ, ինչպես լավ էր,
<Էն վախտ Շուլավեր։>

Հիմի, տեր աստված, այս ի՞նչ է դառել,
Աղքատ և գյադա լեզու են առել,
Խոսում են, վիճում, դատում, պահանջում—
Պաչոտնու հարգը էլ չեն ճանաչում—
Ա՜խ, էս ինչ ցավ էր,
<Ափսո՜ս Շուլավեր։>

Առաջ ժամանակ ամեն պաշտոնում
Պաչոտնի մարդ էր ընտրված լինում
Հարուստ ու դիրքով, մազով ու միրքով—
Գործն էլ տանում էր պաչոտնու կարգով.
Ա՜խ, ինչպես լավ էր,
<Էն վախտ Շուլավեր։>

Էնպես վախտի ենք հիմի պատահել—
Նոր ձվից ելած ամեն մի ջահել,
Որ գլխին ճերմակ մի մազ չունի դեռ
Դառնում է գեղի սուդիա-տանուտեր—
Ա՜խ, էս ինչ ցավ էր,
<Ափսո՜ս Շուլավեր։>