Անասնաբույժերի վճարովի դարձած ծառայությունները խնդիր են գյուղացու համար

10/08/2018 16:58
Անասնաբույժերի վճարովի դարձած ծառայությունները խնդիր են գյուղացու համար

Դեռեւս 2017 թվականից խոսվում էր, որ  անասնաբույժերին պետք է իրենց կատարած  ծառայությունների դիմաց համայնքները վարձատրեն։ Այս   ծրագրի մասին, ըստ որի, պետք  համայնքապետարանները անասնաբույժի  հաստիքներ ավելացնեն մտահոգությունների տեղիք է տվել համայնքապետերի շրջանում։

Եւ չնայած, որ շատ համայնքապետարաններ արդեն, ըստ ընթացակարգի, հատկացրել են հաստիքները եւ համապատասխան աշխատավարձերի դրույքաչափերը, այնուամենայնիվ, ազգաբնակչության եւ անասնաբույժերի շրջանում  դժգոհություններն օրեցօր ավելանում են։ Դժգոհ են նաեւ համայնքի ղեկավարները, ըստ նրանց մարդիկ տեղեկանալով, որ անասնաբույժը պետք է ծառայության գումարը վճարի համայնքապետարան, շատերի մոտ կասկած է առաջանում, որ համայնքի ղեկավարի ինքնանպատակ գործունեություն է ու չպետք է վճարել։

-Արդեն ՏԻՄ ինստիտուտն էլ է խայտառակվում, դարձել ենք փող հավաքող, աղբի, ջրի, տեղական ու պետական պարտքերի հարկահավաքներ, ծրագրեր չկան, չենք կարողանում աշխատանքներ կատարել, խնդիրները բազմաթիվ են, համայնքներին աջակցություն է անհրաժեշտ,-նույնաբովանդակ դժգոհություններ են հայտնում համայնքի ղեկավարները։  

Համայնքներ կան, որտեղ ավագանու անդամները մեկնել են արտագնա աշխատանքի, ու այդպես էլ աշխատավարձի չափ չի նշանակվել անասնաբույժին: Օրինակ, Շիրակի մարզի Նահապետավան գյուղից երեք ավագանիներ բացակայում են Հայաստանից, այստեղ մարդիկ օգտվում են Արթիկ քաղաքում ապրող անասնաբույժերի ծառայությունից։

-Էսպիսի բան չէր եղել մեր մոտ, որ ավագանիներից գնան խոպան, ինչ անեն բա կյանքն է ստիպում։ Ում պետք է անասնաբույժ զանգում են Անուշին Արթիկից գալիս է, մի 1000 դրամ տալիս ենք, ոչ ավել, ժողովուրդը սովից կոտորվում է, էդ ո՞վ ունի դրանից ավել գումար, որ անասնաբույժին տա,-ասում են նահապետավանցիները։ 

Անասնաբույժերին ձեռնտու չէ նոր պայմաններով աշխատել, այսինքն  իրենց ծառայության դիմաց բնակչի վճարված գումարը տրամադրել համայնքապետարաններին։ Պատճառաբանելով, որ 100, 50 կամ  60 հազար դրամ աշխատավարձով աշխատելու համար չի, որ իրենք իրենց մասնագիտական աշխատանքներն են իրականացնում եւ այն գումարները, որ պետք է իրենց վճարվի չեն ցանկանում մուտք անել համայնքապետարանների բյուջե։ Այստեղից էլ գալիս է այն մտավախությունը, որ համայնքը անասնաբույժին իր բյուջեից  աշխատավարձ տրամադրելով կհայտնվի ֆինանսական խնդիրների առաջ։


Անասնապահությամբ զբաղվող մարդիկ արդեն դժգոհություններ են հայտնում այս վճարումների մասով, շատերի կարծիքով, իրենք նախ չեն համաձայնվի նման գնացուցակի հետ՝ 4,5 ու մինչեւ 20 հազար դրամի հասնող վճարումների հետ։

-Գյուղացին հավին, եր՞բ է մորթում, երբ ինքն է հիվանդ կամ հավը, գյուղացի վճարունակ չէ, դա ո՞վ չգիտի,-ասում են մարդիկ։

-Էսքան ժամանակ ձրի են բուժել մեր անասուններին, գալիս են անասնաբույժերը, իրենց գործը անում են գնում մենք փող չենք տալիս։ Հրավիրում ենք, եթե պետք է գալիս են։ Ի՞նչ վճար նույն գյուղի մարդ ենք, հաց ենք դնում, հյուրասիրում։ Եթե անհրաժեշտություն լինի վճարենք մեր անասունի փրկության համար կվճարենք, բայց միայն 2 հազար դրամից ոչ ավել։ Ասում են  4, 5, կամ  20 հազար դրամ է, որ էդպես լինի տեսնենք, որ չենք կարող փրկել անասունին կմորթենք։ Բացառվում է, մենք էդքան փող վճարենք անասնաբույժին։ Եթե ծանր ծննդաբերություն է լինում մեր անասունների մոտ կանչում եմ իմ ախպորը, իմ հարեւանին, բարեկամին, իսկ եթե հնարավոր չէ վիզը կտրում ենք, մահանա է՝ միս կուտենք, թե չէ մենք միս առնող չենք,-ասում է Քուչակ համայնքի բնակչուհի Էմիլիան։

-Վեց յոթ հոգով ապրում ենք նույն տանը, նպաստի վրա նստած մարդիկ ենք, ոռոգման ջուր չունենք, խմելու ջուր չունենք, կարտոշկան չի ծլել, գյուղացու վիճակը չգիտե՞ն,-ներկայացնում են գյուղական համայնքի բնակիչները։

Անասնաբույժերի վճարումների նոր կարգի վերաբերյալ դժգոհությունները ավելի ցայտուն են դրսեւորվում Կոտայքի, Շիրակի, Արագածոտնի մարզերում։ Օրինակ, Ապարան քաղաքի բնակավայրերում եւս բողոքի ալիք է հասունանում, մարդիկ իրենց խոսքը հղում անելով կառավարությանը՝ առաջարկում են հաշվի առնել իրենց բնակավայրերի աշխարհաքաղաքական դիրքը։

-Տարվա 10 ամիսը ձյան տակ ենք, մենք մեր անասուններին այդ բոլոր ամիսներին կերակրում ենք, մինչեւ մայիս ամիս, խոտը թանկ ու կրակ առնում ենք, մի կերպ գոյատեւում, հիմա էլ իրենք գին են նշանակել, որ վճարե՞նք։ Էդ երբ գյուղնախարարությունից եկան համապատասխան մասնագետները մեզ հարցրին հարմա՞ր է էս գները, թե՞ հարմար չէ, որ վճարեք։ Գոնե օրենք գրելուց առաջ մի հատ մեր կարծիքն էլ հաշվի առնեն, չէ՞ որ մենք ենք այդ անասուններին պահողն ու խնամողը, պետական հարկ ու տուրք վճարողները, միայն դրա համա՞ր է ժողովուրդը ձեզ պետք,-պատմում են մարդիկ։

Картинки по запросу անասնաբույժ

Շենավան, Հարթավան, Քուչակ, Նիգավան, Եղիպատրուշ եւ մնացյալ բնակավայրերում մեր զրուցակիցներին ուղղված այն հարցին, թե համայնքների միավորման արդյունքում կա՞ն դրական տեղաշարժեր շատերը նշեցին, որ եթե նախկինում բազմաթիվ անգամներ դիմել են համայնքապետարաններ եւ տվյալ խնդիրները մինչ այսօր չեն լուծվել, ապա այսօր պատկերը այլ է։

- Երբ դիմել ենք պատճառաբանել են, թե բյուջե չկա, փող չկա։ Ընտրող չընտրող են հաշվի առել, բայց հիմա ինչ հարցով դիմել ենք քաղաքապետարան դեռ անպատասխան չենք մնացել, էն ժամանակ փող չկար, հիմա կա՞։ Փող չկար, գոնե վերաբերմունք էլ հո փողով չէ՞ր, որ էդ էլ չկար։ Ուզում եք հիմա զանգենք քաղաքապետարանից տեսեք քանի հոգի կգան մեր գյուղ, որ տեսնեն ինչի համար ենք հրավիրել,-ներկայացնում են մեր զրուցակիցները։


Հ.Մ.