Տեղի ունեցավ Վայոց ձորի գինու ուղու բացման արարողություն

10/08/2018 13:45
Տեղի ունեցավ Վայոց ձորի գինու ուղու բացման արարողություն
Օգոստոսի 9-ին «Իմ Հայաստան» ծրագրի կողմից մեկնարկեց Վայոց ձորի գինու ուղին: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ծրագրի մասնագետների և մարզի հինգ գինեգործների` Հին Կամուրջ, Տրինիտի Կանյոն Այգիներ, Գետնատուն, Արենի և Հին Արենի համատեղ մտահղացմամբ և ջանքերով` 2016 Վրաստանում Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովին մասնակցության արդյունքում։
Միջոցառմանը ներկայացվեց գինու ուղու նոր վեբկայքը (vayotsdzorwineroute.com) և բրոշուրը, որոնք ներառում են տեղեկատվություն մասնակից գինեգործարանների և Վայոց ձորի զբոսաշրջային փորձառությունների վերաբերյալ: Խաղողագործության և գինեգործության հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանը այսօր նախադրյալներ ունի ավանդական գինեգործության հետ մեկտեղ նոր գործարար մշակույթ զարգացնել` գինու զբոսաշրջություն:

Գինեգործության հարուստ ավանդույթներով լի Վայոց ձորի մարզում գինու ուղու ստեղծման հիմնական նպատակն է ներկայացնել հայկական գինին այցելուներին և խթանել զբոսաշրջությունը մարզում և տարածաշրջանում` նպաստելով մարզի տնտեսկան կայուն զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը։