«Էնքան հավ է, որ նոր, մեր առած «Շտապ օգնության» ավտոմեքենան տվեց ուրիշներին»,-բողոքում են ջրվեժցիները

31/07/2018 20:25
«Էնքան հավ է, որ նոր, մեր առած «Շտապ օգնության»  ավտոմեքենան տվեց ուրիշներին»,-բողոքում են ջրվեժցիները

HZHAM.am  կայքի օգնությանն են դիմել Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի բնակիչները: Բանն այն է, որ  Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի  հունիսի 6-ի թիվ 130 որոշման համաձայն, Ջրվեժի բժշկական ամբուլատորիային պատկանող 2001թ-ի արտադրության գազ 32214 մակնիշի, 414  SU 43  հաշվառման «Շտապ օգնության» մեքենան տրամադրվել է Գառնի ԲԿ-ին:

Похожее изображение

-Մեր ամբուլատորիայի տնօրեն Մարիամ Առաքելյանն  էնքան հավ է, որ մեր գումարներով ձեռք բերված նոր  «Շտապ օգնության» ավտոմեքենան համաձայնեց տալ գառնեցիներին,- իրար հերթ չտալով բողոքում էին ջրվեժցիները,- Մենք 2002թ-ին մեր երեխաների  բերանից կտրել, տվել ենք , որ նոր  «Շտապ օգնության» ավտոմեքենա ունենանք համայնքում, որ  կանչի դեպքում 3-5 րոպեների ընթացքում հայտնվի, ոչ թե սպասենք Երևանից ժամանող, խցանումներից ուշացող  «Շտապ օգնության»  մեքենային: Այս ամենն անտեսելով՝ նոր մարզպետն  ու տնօրենն իրենց  թեթև ձեռքով այն հանձնեցին այլ համայնքի, այսօր այդ մեքենայից օգտվում են Գառնու համայնքի բնակիչները, սա որքանո՞վ է արդարացի,-հարցնում էին ջրվեժցիներն ու սպառնում՝ ճանապարհ փակել, եթե պատկան մարմիները չարձագանքեն իրենց պահանջին:

Похожее изображение

Մեր այս հարցադրմանն  ամբուլատորիայի տնօրեն Մարիամ Առաքելյանն ասաց.

-Այդ բողոքող մարդիկ երերուն բաններ են, ես ընտանեկան բժիշկ եմ և իմ ղեկավարած հիմնարկի բյուջեի վրա ծանր էր նստում այդ մեքենան, մի կանչը 4 հազար դրամ էր նստում: Հիմա, երբ Երևանի  «Շտապ օգնություն»  ՓԲԸ-ի հետ ունենք պայմանագիր՝ շտապ օգնության ծառայության համար, կանչի գումարը կազմում է 7 հազար դրամ,-մեկնաբանում է Մարիամ Առաքելյանն ու ավելացնում,- Մարզպետ Ռ. Պետրոսյանը թող բարի լինի վերականգնի  «Շտապ օգնության»  վարորդի հաստիքը, ես էլ ինքնակամ օգտագործեմ  իմ ամբուլատորիայի մեքենան: Ի դեպ, Ջրվեժի համայնքի ղեկավարն էլ է ստորագրել, որ նպատակահարմար չի գտնում վարորդի հաստիքի առկայությունը: Կամ ես ո՞վ եմ, որ չենթարկվեմ մարզպետի պահանջին: Ճիշտ է, մեքենան Համաշխարհային բանկի նվերն էր, գումարած մեր համայնքի բնակիչներից հավաքած՝ 3 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամը,-ավարտեց խոսքը տնօրենը:

Տես՝ Տեսանյութը:

Հ.Գ.-1  Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ, նույն խնդրով մեզ էին դիմել նաև Արզնի համայնքի բնակիչները՝ բողոքելով նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի ապօրինի որոշման դեմ, ըստ որի իրենց գումարներով ձեռք բերված շտապ օգնության մեքենան հանձնել էին գառնեցիներին: Մեր հրապարակումից անմիջապես հետո, այդ ժամանակահտվածում Կոտայքի մարզպետ՝ Կարո Գուլանյանն անմիջապես ետ էր վերադարձրել  արդեն մաշված շտապ օգնության մեքենան արզնեցիներին՝ Գառնու ԲԿ-ին հավաստիացնելով, որ խոսել է իր աներոջ՝ Գագիկ Ծառուկյանի հետ, վերջինս նոր մեքենա կնվիրի իրենց: Սակայն, ինչպես երևում է, Գառնի ԲԿ-ն չի ստացել խոստացվածը և այս անգամ թիրախավորվել է Ջրվեժի ամբուլատորիայի ավտոմեքենան:

Հ.Գ.-2 HZHAM.am լրատվական կայքն ակնկալում է, որ պատկան մարմիններն  արդարացի լուծում կգտնեն վերը շարադրվածի առնչությամբ: Հիշեցման կարգով տեղեկացնենք, որ բարձրացված հարցը կմնա մեր ուշադրության կենտրոնում և հետևողական կլինենք  ջրվեժցիների  խնդրին:

Անի Մադոյան