Հայտարարություն հանցագործության մասին. գործարարն արդարություն է փնտրում

26/07/2018 14:21
Հայտարարություն հանցագործության մասին. գործարարն արդարություն է փնտրում

Այս օրերին Հայաստանում գտնվող Զուրաբ Շամոյանը, Կարեն Մարտիրոսյանն ու իրենց շահերի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը պնդում են, որ անաչառ եւ օբյեկտիվ քննության դեպքում պարզ կդառնա, որ գործարարները դասական խարդախության զոհ են: Սակայն օբյեկտիվ քննությանը խանգարում է նախկին չինովնիկը, ով մեկ անգամ չէ, որ նման դեպքերի կիզակետում է հայտնվում:

Հիմա սկզբից:

1997 թվականին ստեղծվել է «Մարտի Գրուպ» ՍՊԸ-ն, որի տնօրեն է հանդիսացել Կարեն Մարտիրոսյանը, իսկ գումարները ներդրել է Վրաստանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ եզդի, արմատներով Ալագյազ գյուղից Զուրաբ Շամոյանը:

Հետագայում Կարեն Մարտիրոսյանը իր հորեղբոր տղային՝ Սերգեյ Մարտիրոսյանին է ծանոթացնում Զուրաբ Շամոյանի հետ, որպեսզի համատեղ բիզնեսն իրար հետ շարունակեն:

2003թ-ին Զուրաբ Շամոյանի, Կարեն եւ Սերգեյ Մարտիրոսյանների կողմից հիմնադրվում է «Մարսերալ» ՍՊԸ-ն, որպես նախնական կապիտալ Զ. Շամոյանը 125 հազար ԱՄՆ դոլարի ներդրում է անում: ՍՊԸ-ի մասնաբաժինները բաժանվում են հետեւյալ կերպ՝ 50 տոկոս Զ.Շամոյանին, 25-ական տոկոսներ Կարեն եւ Սերգեյ Մարտիրոսյաններին:

Ներդրող եւ հիմնադիր Զուրաբ Շամոյանն ուզել է ընկերությունը գրանցել իր կամ կնոջ անունով, սակայն Սերգեյ Մարտիրոսյանը նրան մոլորեցրել է, թե. «դուք օտար երկրի քաղաքացիներ եք, եւ ձեր անունով Հայաստանում հնարավոր չէ ընկերություն գրանցել»: Ու քանի որ գործընկերների մեջ եղել է փոխվստահություն, «Մարսերալ» ՍՊԸ-ն գրանցվում է Սերգեյ Մարտիրոսյանի եւ իր կնոջ՝ Մարինե Կոստիկյանի անունով:

 

Տարիների ընթացքում «Մարսերալ» ՍՊԸ-ն զարգացել ու ընդլայնվել է, աշխատողների քանակը հասցնելով 150-ի: Այդ ընթացքում Զուրաբ Շամոյանը Վրաստանից ձեռք է բերում 39 բեռնատար ավտոմեքենաներ, «Մարսերալ» ՍՊԸ-ի մասնաճյուղեր են բացվում ՀՀ տարբեր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Կապանում եւ Արցախում:

Ու քանի որ բիզնեսը հաջողություններ էր գրանցում, Շամոյանն ու Մարտիրոսյանները որոշում են բիզնեսի ընդլայնման համար գրասենյակ ձեռք բերել: Ընկերության շահույթից ստացված 470 հազար ԱՄՆ դոլարով ձեռք են բերում Շահամիրյանների 7/10 եւ 7/11 հասցեներում գտնվող շինություններ իրենց հողամասերով, 696 հազար 2 հարյուր դոլարով էլ կապիտալ վերանորոգում են դրանք:

 

Այս ընթացքում, Զ. Շամոյանն ընկերության եկամտից, փոխհամաձայնության պայմաններում 400 հազար ԱՄՆ դոլար ներդրում է անում Վրաստանի Հանրապետությունում՝ բիզնեսն ընդլայնելու նպատակով:

Միխայիլ Սահակաշվիլու կառավարությունն այդ ժամանակ դուրս է գալիս նոր բացված ընկերության դեմ, քրեական գործեր են հարուցվոմ, արգելանք է դրվում ներկրված հյութերի վրա, արդյունքում նոր բացված բիզնեսը Վրաստանում վա-բանկ է գնում:

Հայաստանից այդ իրադարձություններին հետեւող Սերգեյ Մարտիրոսյանի համար սա հիանալի առիթ է լինում, որպեսզի «Մարսերալ» ՍՊԸ-ն իրենով անի: Երբ Հայաստան է գալիս Զ. Շամոյանը, Ս. Մարտիրոսյանը նրան մեղադրում է վրացական բիզնեսում իրեն «քցելու» մեջ, նրան մեղադրում, որ Զուրաբը ՍՊԸ-ից վերցրել է 1 մլն 9 հարյուր հազար ԱՄՆ դոլար, իսկ որպես հարցի լուծում Սերգեյը հայտարարում է, որ այդքանից հետո Զուրաբ Շամոյանը բիզնեսից վերցրել է իր մասնաբաժինը եւ այլեւս ազգությամբ եզդի գործընկերը գործ չունի «Մարսերալ» ՍՊԸ-ի հետ:

Սերգեյի «վենդետա»-ից անմասն չի մնում նաեւ նրա հորեղբոր տղան՝ Կարեն Մարտիրոսյանը, ով Ս. Մարտիրոսյանին երբեք մասնաբաժին չի ունեցել ընկերությունում եւ այստեղ աշխատել է 250 հազար դրամ աշխատավարձով:

Նշենք, որ երբ գրասենյակային տարածք են ձեռք բերում, այդ ժամանակ ՍՊԸ բաժնետեր Կարեն Մարտիրոսյանը  հանրապետությունից բացակայության պատճառով չի կարողանում իր անունով գրանցել շենքի մի հատվածը:

 

Առաջին հայացքից, այս դեպքը մերօրյա իրականության հերթական դասական խարդախություններից մեկը կարելի էր որակել, բայց սա առանձնահատկություն ունի՝ գլխավոր դերակատարը, կուլիսներում գտնվող Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանն է:

Картинки по запросу ներսիկ նազարյան

Պարզվում է, որ 2005 թվականից, «բիզնեսին տանիք» լինելու համար, Սերգեյ Մարտիրոսյանը ոմն Սաքոյի միջոցով ծանոթանում է Ներսիկ Նազարյանի հետ, որն էլ բիզնեսի ապահովման երաշխիքներ է տալիս «Մարսերալ» ՍՊԸ-ի բաժնետերերին, 2005-07 թ-ին պահանջելով ամսական 3 հազար ԱՄՆ դոլար,  մինչեւ 2009-ը՝ 7 հազար, իսկ մինչեւ 2010թ-ը՝ 12 հազար ԱՄՆ դոլար:

Հետագայում, փաստորեն Ներսիկ Նազարյանը միայն բիզնեսին չի հովանավորում, այլ օգնում է, որ Սերգեյ Մարտիրոսյանը օգտվելով այն հանգամանքից, որ ՍՊԸ-ն կնոջ ու իր անունով է յուրացնել այն. ձեռնունայն թողնելով հորեղբոր տղային եւ Զուրաբ Շամոյանին:

Իսկ որպես հավատարմության ու բարեկամության առհավատչյա Սերգեյ Մարիտիրոսյանն ու Ներսիկ Նազարյանը համատեղ մայրաքաղաքի Բյուզանդի փողոցի վրա 500 հազար ԱՄՆ դոլարով տարածք են ձեռք բերում:

Իսկ Կարեն Մարտիրոսյանի եւ Զուրաբ Շամոյանների բողոքների հիման վրա քրեական գործեր են հարուցվում, բայց Ներսիկ Նազարյանի «ամենազոր» ձեռքը հասնում է թե՛ ոստիկանությանը, թե՛ քննչական կոմիտե, անգամ դատախազություն: Եվ բոլոր բողոքները մնում են անհետեւանք:

Առաջիկայում կներկայացնենք վարույթն իրականացնողների անհիմն ու անբովանդակ պատասխանները:

Նշենք, որ «Հայկական Ժամ»-ը հետեւողական է լինելու այս գործին, որպեսզի Հայաստանում ներդրում անող ու աշխատատեղեր ստեղծող մարդիկ ապահովված լինենք օրենքով:


Աննա Գրիգորյան