Սամցխե-Ջավախքի Գանձա գյուղում տեղի ունեցան Տերյանական պոեզիային նվիրված միջոցառումներ

22/07/2018 19:52
Սամցխե-Ջավախքի Գանձա գյուղում տեղի ունեցան Տերյանական պոեզիային նվիրված միջոցառումներ
Հուլիսի 21-ին Սամցխե-Ջավախքի Գանձա գյուղում տեղի ունեցավ հայ մեծ քնարերգու Վահան Տերյանի հիշատակին նվիրված միջոցառումներ, որին մասնակցեց նաև Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը։

Տոնական օրվա մեկնարկը տրվեց գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցում (կառուցվել է 1859 թ․ Վահան Տերյանի պապի՝ Տեր Գրիգորի կողմից) օրվա առթիվ կազմակերպված ուրբ պատարագով, որից հետո միջոցառման մասնակիցներն այցելեցին Վահան Տերյանի տուն-թանգարան։ Այնուհետև, տեղի ունեցավ տոնական մեծ միջոցառում, որտեղ հնչեցին Տերյանի ստեղծագործություններն ու հայկական և վրացական երգերի ու պարերի կատարումներ։

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն իր հնչեցրած ելույթում նշեց, որ Տերյանը, լինելով հայ գրականության ամենաերևելի դեմքերից մեկը, թողել է անգնահատելի գրական ժառանգություն, որը մշտապես շարունակելու է կրթել հայ ժողովրդի նորանոր սերունդներ։