«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը դատապարտում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունները

16/07/2018 18:00
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը դատապարտում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունները
Քրիստոնյա hայե՛ր
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր էությամբ, աշխարհայացքով և գործունեությամբ լինելով ազգային քրիստոնյա կուսակցություն, խստագույնս դատապարտում է հայ տեսակի պահպանման, հզորացման և համայն հայության միասնության հիմքի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ օրեր շարունակ լկտի պահելաձև ցուցաբերող, ոտնձգություններ իրականացնող, Հայաստանում արևմտյան այլասերված բարքերը քարոզող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ապօրինի և անօրինական գործողությունները:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար շատ անհասկանալի և տարօրինակ է հատկապես Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների բացահայտ անտարբերությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող՝ օտարածին ուժերի կողմից  ստակ պատվիրված և կազմակերպված պետական հանցագործության հանդեպ:
Միանշանակ է, որ Երկիր մոլորակում քրիստոնեությունը պետականորեն առաջինն ընդունած հայ ազգի դեմ իրականացվող, հայ մարդու արյան մեջ շաղախված քրիստոնյա հավատը և ազգային ոգին, ասել է թե՝ հայկական ավանդական ընտանիքը, Հայաստանն ու հայ ժողովրդին պաշտպանող հայոց ազգային բանակը ոչնչացնել փորձող ազգավաճառների գործողությունները պետական հանցագործություն են:

Ինչպե՞ս կարող են մայր Հայաստանում, օրը ցերեկով, հրապարակավ, մի խումբ ոճրագործներ շրջափակել Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Ինչպե՞ս:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հնարավոր է շրջափակման մեջ գտնվի բացառապես մեկ դեպքում՝ հայկական բարձրավանդակից դուրս՝ հայատյաց ադրբեջանցիների կամ հայատյաց թուրքերի կողմից, բայց ոչ երբեք հայկական անուն, ազգանուն կրող մարդկանց կողմից: Ավելին՝ մայր Հայաստանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող ցանկացած ոտնձգություն ավելի կործանարար է, քան, հայոց պետականության սահմանագծի դիմաց կանգնած, հորինված Ադրբեջանի ոտնձգությունները:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ անհապաղ գործողություններ ձեռնարկել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ ոտնձգություն իրականացնող, արկածախնդիր խմբավորմանն ընդդեմ և խստագույնս պատժել բոլոր օրինազանցներին:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության
նախագահ Խաչիկ Մայիսի Ասրյան