Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

14/07/2018 20:52
Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ, ուսուցիչ, զինծառայության 2-րդ խմբի հաշմանդամ, Արցախյան եւ ապրիլյան քառօրյա պատերազմների մասնակից՝ Արայիկ Արարատի Գեւորգյանը դիմել է մեր կայքին՝ բաց նամակով ՀՀ վարչապետին դիմելու ցանկությամբ: Ստորեւ ներկայացնում ենք նամակն՝ առանց խմբագրման:


«Մեծարգո պարոն Վարչապետ,

Լինելով թավշյա հեղափոխության մի մասնիկը, տոգորված նույն գաղափարներով եւ մղումներով, զերծ եմ մնում իմ ապրած կյանքի անցած տարիների դառը ճշմարտության մանրամասներից եւ Ձեր ուշադրությանն եմ հանձնում իմ ընտանիքի նորօրյա, ներկա պատմությունը։

Երբեմնի կենսուրախ ընտանիքս գտնվում է անելանելի ծանր վիճակում։ Հուսահատության, հոգու մեծ խռովքի, շփոթության, անորոշության ցավն է մեր աչքերում։ Խաթարված է ընտանիքիս բնականոն կյանքը։ Անտուն ենք։

Բնակվում էինք դեռեւս 1920-ական թվականներին կառուցված, նախկինում կրկնակի անգամ ինձ վաճառված եւ միայն վերջերս /2009թ եւ  2014թ/, սեփականության իրավունք ստացած, արդեն սեփականության իրավունքով ինձ պատկանող Ծաղկաշեն գյուղի հին դպրոցի խալխլված վթարային վիճակում գտնվող շենքում, որում բացակայում էին նույնիսկ տարրական կոմունալ կենցաղային պայմանները։ Ապրելով նման պայմաններում միշտ փայփայել ենք այն հույսն ու հավատը, որ կգա մի լուսավոր օր նաեւ մեր ընտանիքի համար եւ, որ մենք էլ մի օր կապրենք արժանավայել պայմաններում։

2017թ-ի փետրվարի 19-ին փլուզվեց վթարային վիճակում գտնվող այդ բնակարանիս հյուսիսային հիմնապատը։ Շենքի մյուս հանգույցներն, թերեւս թվացյալ կանգուն են, սակայն չնչին ցնցումից ակնթարթ առաջ կարող են փլուզվել։ Վեց շնչից բաղկացած ընտանիքս մնացել է բացարձակապես անօթեւան բաց երկնքի տակ, որից երկուսը 2-րդ խմբի հաշմանդամներ են, երկուսը տակավին մանկիկներ։ Մինչեւ օրս չունենք որեւէ բնակատեղի։ Դարձել ենք թափառականներ, գիշերում ենք որտեղ պատահի։ Մեր ընտանիքի աշխատունակ անդամների ստացած չնչին աշխատավարձը մի կերպ է բավարարում առօրյա հացի խնդիրը բավարարելու եւ դեղորայքի գնելու համար։

ՀՀ  ԱԻ նախարարի 21.02.2017թ, թիվ 1871-17 հանձնարարականի, համապատասխան մասնագիտական հանձնաժողովի, 06.03.17թ եզրակացությամբ տվյալ շենքի տեխնիկական վիճակը գնահատվել է վթարային 4-րդ աստիճան, քանդման ենթակա եւ չի թույլատրում հետագա բնակեցումը տվյալ շենքում։ Նման իրավիճակում մենք հնարավորություն եւ միջոցներ չունենք ինքնուրույն որեւէ ելք գտնել։

Պատահարի մասին, համապատասխան փաստաթղթերով, բազմաթիվ անգամներ, թե բանավոր, թե գրավոր տեղեկացրել եմ նախորդ վարչապետին, մեկը մյուսին հաջորդաբար իրար փոխարինող Գեղարքունիքի մարզպետներին/Ռ Գրիգորյան, Կ․ Բոթոյան/, տեղական եւ հանրապետական մակարդակի բոլոր իշխանավորներին, հանրապետության նախկին նախագահին, սակայն ցավոք սրտի մինչեւ օրս չունեմ հուսադրող ոչ մի պատասխան։

Օրենքով ամրագրված է, որ մեր երկրում ընտանիքի նկատմամաբ հոգածությունը հանդիսանում է համապետական խնդիր, բայց ցավոք միայն օրենքով։ Քաղաքացու կրած յուրաքանչյուր վնաս, օրենքով ենթակա է փոխհատուցման։ Սահմանադրորեն մենք իրավունք ունենք կրած վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնել եւ պատշաճ կերպով ստանալ այն։ Բայց այս հանգամանքը, ես որպես մարտական գործողությունների մասնակից եւ զինծառայության 2-րդ խմբի հաշմանդամ իրավունք ունեմ օգտվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից եւ երաշխիքներից։ Մի՞թե մեր պետությունը չունի հնարավորություն օգնության ձեռք մեկնելու նման իրավիճակում հայտնված մի ընտանիքի։

Մարդն ապրում է կողքինին օգնելու համար, չեմ ափսոսում, որ նվիրվել եմ հայրենիքիս, սիրտս, հոգիս, կյանքս չեմ խնայել, ինչ կարողացել եմ տվել եմ ազգիս, ձեռք եմ բերել հպարտություն եւ հոգեւոր հանգստություն։ Ցավալին այն է, որ կարեկցանքի, փոքրիկ ուշադրության, հոգատարության, մի պահ ուրիշի ցավն իրենը դարձնելու փոխարեն, ստանում եմ ցավ ու անտարբերություն։

Քավ լիցի, ամենը թողնում եմ մարդկային խղճին եւ բանականությանը, հայացքս դեպի երկինք աղոթքս առ Աստված։

Ցավոտ է, բայց սա է մեր նման մարդկանց ճակատին դաջված դառը իրականությունը։

Մեծարգո պարոն Վարչապետ,

Նախախնամության թելադրանքով, ապրելու եւ ապրեցնելու մեծ հույսով, որպես դեպի Ձեզ եկող ուխտավոր, թախանձագին խնդրում եմ, ձեր համամարդկային վեհ մարդասիրությամբ ու գթասրտությամբ եւ օրենքի գերակայությամբ զորակցել ու աջակցել մեր անօթեւան մնացած ընտանիքին պետական հոգածություն եւ աջակցություն ստանալու համար։

Խնդրանքիս է միանում նաեւ Ծաղկաշենի միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը։ Ձեզ եմ ներկայացնում նաեւ Ծաղկաշեն համայնքի ղեկավարի եւ ավագանու միացյալ որոշումը։

Իմ եւ ընտանիքիս անցյալ եւ ներկա վիճակը պատշաճ ներկայացնելու նպատակով, խնդրում եմ եւ ակնկալում եմ նաեւ ձեր ընդունելությունը։

Կանխավ հայտնում եմ իմ խորին երախտագիտությունն ու շնորհակալությունը։

Խորին երախտագիտությամբ եւ մեծ հարգանքով՝ Արայիկ Գեւորգյան։

Գեղարքունիքի մարզ գ․ Ծաղկաշեն փ․1, տ․2: Հեռ․093-11-15-36»: