Չարաշահման հետքերով. «Ես ոչ թե սիրուհին եմ, այլ՝ մտերմուհին»

12/07/2018 00:03
Չարաշահման հետքերով. «Ես ոչ թե սիրուհին եմ, այլ՝  մտերմուհին»

Այսօր, մեր ընթերցողներն ահազանգել էին մեզ՝ տեղեկացնելով, որ Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի տան տնօրեն՝ 26-ամյա Ալվինա Համբարձումյանը, չարաշահելով պաշտոնական դիրքը, պարբերաբար գումարներ է հավաքում մշակույթի տան խմբակներ հաճախող  երեխաների ծնողներից:


Օրինակ, մշակույթի տան պատուհանների համար 500 սաների ծնողներից խոշոր գումար է հավաքվել:


Ըստ ահազանգողների, երիտասարդ տնօրենը  աշխատակիցների «սև» ցուցակ ունի, որտեղ համայնքից ստացված աշխատավարձները գնացել են ուղիղ Ալվինայի գրպանը: Ալվինա Համբարձումյանին խնդրեցինք մեկնաբանել:

Տնօրենը նախ շնորհակալություն հայտնեց մեզ, որ նախորդ հոդվածում գրել էինք, որ ինքը Էջմիածնի նախկին քաղաքապետի՝ Կարեն Գրիգորյանի  մտերմուհին է, և լավ է, որ սիրուհի բառը չէինք գրել, քանի որ ինքը նշանված է, իր խոսքերով ասած՝ «լենականցու հետ»  ու  սա է եղել պատճառը, որ ինքը պատասխան չի պահանջել «Հայկական Ժամ»-ից՝ մտավախություն ունենալով, որ հայկական ԶԼՄ-ներում լայն տարածում կունենա այս փաստը:

-Ես Կարեն Գրիգորյանենց տան մտերմուհին եմ եղել, նրա կնոջ՝ Նաիրայի մտերմուհին: Այս հանրահայտ ԱԱԾ-ի բացահայտումներից հետո բոլորը ետ քաշվեցին նրանցից, իսկ ես պնդում եմ, որ այո, ես քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մտերմուհին եմ: Նա ինձ ստիպողաբար, 2015թ-ի հունիսին  դարձրեց մշակույթի տնօրեն և երկու ամիս հետո վերակառուցեց մշակույթի պալատը, որտեղ հիմա կշրջենք երկուսով և կտեսնեք, թե ինչ ասել է կառուցել,- հպարտացավ Ալվինան:

Տես՝ Տեսանյութը:

 Ապա տնօրենն անդրադարձավ վարագույրների թեմային նշելով, որ վարագույրների համար հավաքված գումարը, որը, ըստ Ալվինայի, կազմել է 400 հազար դրամ, ծնողների դժգոհության արդյունքում, Կարեն Գրիգորյանի հորդորով, ետ է վերադարձրել ծնողներին: Գումարը ծնողներին վերադարձրել են խմբավարները, ոչ թե՝ ինքը: Մեր այն հարցին, թե ի՞նչ գումարներով է վերակառուցվել շենքը, Ալվինա համբարձումյանն ասաց, որ չգիտե.

-Հավանաբար, տեղական բյուջեի հաշվին,-պատասխանեց անհոգ, կենսախինդ տնօրենը: