Հայաստանում կլինի՞ անվճար բուժօգնություն

09/07/2018 22:46
Հայաստանում կլինի՞ անվճար բուժօգնություն


«Հայկական Ժամ»-ը նախորդ հրապարակումներում բազմիցս անդրադարձել է Ծաղկահովիտի բժշկական կենտրոնի գործունեությանը։ Նախկինում խմբագրություն ահազանգող բուժաշխատողները դժգոհում էին, որ ամիսներով աշխատավարձեր չեն ստանում, իսկ հիվանադները բուժհիմնակի շենքային վատ պայմաններից ելնելով ավելի շատ դիմում էին Ապարանի բժշկական կենտրոն կամ մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ։ Ըստ տարածաշրջանի ազգաբնակչության, ԲԿ տնօրենի փոփոխությունից հետո, հիմնարկը նոր գործելաոճ է որդեգրել:

Տեղեկացնենք, որ անցյալ տարեվերջին Ծաղկահովիտ ՓԲԸ ԲԿ տնօրեն է նշանակվել Արմեն Հակոբյանը։


-Մեր, Ծաղկահովիտի  բժշկական կենտրոն այցերը ավելի հաճախակի են դարձել, արդեն կա վստահություն եւ հոգատարություն։ Մասնագետները շատ լավ են պատրաստված եւ հոգատար են։ Փոփոխություն պետք էր մեր հիվանդանոցին, հիմա գոնե լավ տեղաշարժեր ենք նկատում։ Մեկ տարի առաջ ստիպված գնում էինք Ապարան այնտեղ էլ շատ լավ են նայում հիվանդներին, պայմաններն էլ ընտիր են, բայց ինչի՞ մեր Ծաղկահովիտն էլ չունենա լավ հիվանդանոց, որ բժիշկն ու հիվանդը իրարից դժգոհ չմնան, համ էլ՝ Ապարանը հեռու է,- պատմում են համանքի բնակիչները։


Բժշկական կենտրոնի այցելուների, ծնունդների թիվը  մեծացել է, ինչի արդյունքում մեծանում է նաեւ հիմնարկի բյուջեն: Ու քանի որ հիվանդանոցն ունի ահռելի մեծ պարտքեր՝ 60 մլն դրամի հասնող, ֆինանսական ողջ հոսքն ուղղվում է դրանք մարելուն, այժ ԲԿ պարտքը նվազել է մինչեւ 40 մլն դրամ:


-Մեր շրջանի մարդիկ մեղք են, տարին տասներկու ամիս ձյան տակ, խստաշունչ ձմեռներ են լինում, ճանապարհներ են փակվում։ Պետք է կարգավորվի կենտրոնի աշխատանքները, աջակցության կարիք ունենք,մարզպետը միշտ մեր կողքին է,  շնորհակալ ենք,  աջակցում է,- ներկայացնում են կենտրոնի տնօրինությունից։

Այժմ վերանորոգվում է շտապօգնության սենյակը, դրանից առաջ բարեկարգվել են ԲԿ տանող ճանապարհներըորը գտնվում էր անմխիթար վիճակում, քանդվել են ու սկսվել են նորանոր շինարարական աշխատանքներ կատարել։ 


Ծաղկահովիտում եւ Ապարանում առողջապահական ոլորտի մասով սոցհարցումների ընթացքում, մարդիկ պատմում էին, որ դժգոհ չեն բժիշկների վերաբերմունքից եւ մասնագիտական կարողություններից, միայն առաջարկում էին, որ Հայաստանում եւս բուժօգնությունը դարձնեն անվճար, ինչպես հարեւան երկրում՝ Վրաստանում է։ 


Ամալյա Սահակյան