Բնակիչները յուրացում են մատնանշում, համայնքապետը փոխառության պայմանագիրն է ցույց տալիս

08/07/2018 23:52
Բնակիչները  յուրացում են մատնանշում, համայնքապետը փոխառության պայմանագիրն է ցույց տալիս

Մեր կայքին են դիմել Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքից բնակիչներ, ովքեր դժգոհում են համայնքի ղեկավար Արման Ղազարյանի գործունեությունից՝ թվարկելով համայնքի ղեկավարի բացթողումները, բնակիչները պնդում են, որ համայնքապետ Ա. Ղազարյանը համայնքի բյուջեից 200 մլն դրամ է փոխանցել «Արփա-Սեւան» ՓԲԸ հաշվին: Տեղեկացնենք նաեւ, որ ՓԲԸ սեփականատեր, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ Թունելի Հակոբի եւ Արման Ղազարյանի կանայք զարմուհիներ են: 

Հնչած մեղադրանքները որքանո՞վ են համապատասախանում իրականությանը, փորձեցինք պարզել անձամբ Արման Ղազարյանից:

Վերջինս ներկայացնելով պայմանագրեր, պարզաբանեց.

- Նախ նշեմ, որ 2016թ-ին Զոլաքար համայնքի տարեկան բյուջեն եղել է 139 մլն դրամ, 2017-ին՝ 155 մլն, այս տարի՝ 162 մլն դրամ: Համայնքում գործում են տարբեր ենթակառուցվածքներ, հանեք տարեկան բյուջեից ստացված աշխատավարձերը, որտեղի՞ց մեզ 200 մլն դրամ, որ մենք փոխանցենք «Արփա-Սեւան» ՓԲԸ-ին: Հակառակը, 2017 թ-ին ԻՖԱԴ-ի ծրագրով գյուղում 1 մլրդ 2 մլն դրամի ջրաշինարարության ծրագիր է իրականացվել, որի համար համայնքը պետք է 56 մլն դրամի համաֆինանսավորմամբ հանդես գար, մեր բյուջեից պակասում էր 15 մլն դրամ գումարը, որը փոխառության պայմանագրով՝ կնքված 26/05/2017, մենք վերցրել ենք «Արփա-Սեւան» ՓԲԸ-ից: Եվ այժմ, ֆիննախը հիմք ընդունելով այդ պայմանագիրը մեր հաշվից գումար է փոխանցում ՓԲԸ-ին:

-Պրն Ղազարյանը, իսկ «Արփա-Սեւան» ՓԲԸ-ն բոլո՞ր համայնքներին է այդ կերպ աջակցում:

-Չեմ կարող ասել, մեզ օգնել է:

-Ձեր համայնքի բնակիչները դժգոհում են, որ ստվերային եք աշխատում, ավագանու նիստերը չեն արձանագրվում, իրենք տեղյակ չեն համայնքի բյուջեն ինչպես է տնօրինվում:

-Տեխնիկական խնդիրներ են եղել, կարող եք նայել մարզպետարանի կայքում տեղադրված է այժմ ու ամեն ինչ նորմալ է:


Ու, թեեւ համայնքի ղեկավար Արման Ղազարյանը պնդում է, որ ինքը մասնագիտությամբ իրավաբան է ու օրենքի տառին համապատասխան է աշխատում, գյուղապետից դժգոհ բնակիչները չեն ընկրկում. «Խորամանկի մեկն է, կարողանում է բոլորին խաբել՝ լրագրողներին էլ, իրավապահներին էլ... »:

Սրան ի պատասխան գյուղապետը ցույց է տալիս կարճ ճանապարհը. «Թող գան ուսումնասիրեն, եւ վերջապես համոզվեն»:


Աննա Գրիգորյան