Սահմանադրության օրը ոտնահարվու՞մ է ընտրողի սահմանադրական իրավունքը

05/07/2018 18:48


«Ելք» դաշինքն առաջարկում է ընտրությունների ժամանակ թույլ չտալ անձը հաստատող անվավեր փաստաթղթով մասնակցել քվեարկության. դրանով ընտրողների ցուցակից դուրս կհանվեն մոտ 200 հազար անուն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, ԱԺ-ում ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբի նիստում հայտարարել է «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, փոխանցում է News.am-ը: 

Նրա խոսքով, այդ անձինք որպես կանոն Հայաստանում չեն, այլապես կունենային վավեր անձնագրեր. «Եթե կլինեն մարդիկ, որոնք Հայաստանում են, բայց չունեն վավեր անձնագիր, ապա կառավարությունը պետք է ստեղծի արագ արձագանքման մեխանիզմներ, որ անգամ քվեարկության օրը նա քվեարկության օրը ընտրելու հնարավորություն ստանա: Ընտրողների ցուցակից հանելով 200 հազար անուն, որոնք ամենայն հավանականությամբ արտերկրում են, մենք կկանխենք նրանց փոխարեն քվեարկելու հնարավորությունը»,-հայտարարել է Լենա Նազարյանը:

ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանն այս առնչությամբ նշել է, որ այստեղ խնդիր է մարդկանց ընտրական ցուցակներից հանելը, որովհետև կառավարության պարտականությունն է մաքրել ցուցակները. «Կառավարությունը պետք է կազմակերպի դռնեդուռ արշավ, որպեսզի նախքան մարդկանց ցուցակից հանելը համոզվի, որ նրանք իսկապես երկրում չեն: Ես չեմ կարծում, որ մենք իրավունք ունենք մարդուն հանելու ընտրական ցուցակից միայն նրա համար, որ նա նոր անձնագիր ձեռք չի բերել»:

ՀՀԿ-ի ներկայացուցիչ Արփինե Հովհաննիսյանն էլ նկատել է, որ գյուղական վայրերում շատ կան մարդիկ, որոնք կարիք չեն ունեցել վավերական դարձնել իրենց անձնագրերը, ու դա հիմք չպետք է լինի, որ ընտրողների ցուցակից նրանց հանենք:

Լենա Նազարյանն ասել է, որ սա կանխարգելող մեխանիզմ է, քանի որ եթե կա մտավախություն, որ կան հազարավոր մարդիկ, որոնք երկրում չեն, բայց ընտրողների ցուցակում են, նրանց փոխարեն կարող են ուրիշները գալ, քվեարկել:

ՀՀԿ-ից Դավիթ Հարությունյանը հարց է բարձրացրել, թե եթե մարդը Հայաստանում չէ, ինչպե՞ս կարող է մեկ այլ անձ նրա անձնագրով քվեարկել. «Երբ անհեթեթ լուրեր էին շրջում, որ «լեվի» ID քարտեր են տպվում, դա չիմանալուց է: Երբ դու անգամ մատնահետք ես հանձնում, այդ մատնահետքերը համադրվում է բազայի ողջ տվյալների հետ և եթե պարզվեց, որ նման մատնահետքեր կան, համակարգն ահազանգելու է: Սա տեխնոլոգիա է և եթե դուք շրջանցելու եք սա, նշանակում է պաշտպանության մակարդակը նվազեցնելու եք, ես չէի ուզենա, որ ՀՀ-ում անձը հաստատող փաստաթղթի անվտանգության մակարդակը նվազեր:

Երկրորդ խնդիրը փողն է, այդ օրը ստանալ փաստաթուղթը գումար արժի ու եթե պետությունն այդ օրը անվճար տալիս է փաստաթուղթը, էլ ինչո՞ւ եմ ես փող ծախսում, այդ օրը կգամ կստանամ փաստաթուղթը: Ինչ վերաբերում է լրացուցիչ ցուցակներ կազմելուն, դա այն է, ինչի դեմ միշտ պայքարել ենք, քանի որ դա հավելագրումների լավագույն ճանապարհ է: Լրացուցիչ ցուցակները պատուհաս են եղել: Դրա համար պետք է լրացուցիչ ցուցակը ևս հրապարակային լինի»: