«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը հիմնադրամի որևէ միջոց չի վատնել, չի յուրացրել. Երվանդ Վարոսյան

04/07/2018 21:40
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը հիմնադրամի որևէ միջոց չի վատնել, չի յուրացրել. Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել որում նշում, է թե «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը հիմնադրամի որևէ միջոց չի վատնել, չի յուրացրել:

Փաստաբանի գրումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Խրախճանքներդ մի փոքր հարամեմ, բայց պարզվեց, որ Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի գործողությունների վերաբերյալ տարածված հաղորդագրությունն ինչքան էլ ահասառսուռ էր, սակայն մեղմ ասած իրականությունից հեռու։ 
Պարզվեց` Արա Վարդանյանը հիմնադրամի որևէ միջոց չի վատնել, չի յուրացրել, հիմնադրամի անվամբ բացված վարկային գծի բանկային քարտից կատարել են վճարումներ, այդ թվում Ա.Վարդանյանի անձնական կարիքների համար, որոնք սահմանված ժամկետում (օրերի ընթացքում) իր իսկ միջոցներից վերադարձվել են հիմնադրամի բանկային հաշվին, ու ոչ հիմա, այլ հենց ընթացքում։

Արդյունքում` Հայաստան համահայկական հիմնադրամին, կամ այն բանկին, որի միջոցներն են օգտագործվել, պատճառվել է 0 դրամի նյութական վնաս։ Անձնական կարիքների համար ծախսվել է սփյուռքահայերի հավաքած գումարներից 0 դրամ։
Իսկ թե ինչքան վնաս պատճառեցին երեկվա հաղորդագրությունները Հայաստան համահայկական հիմնադրամին, դատեք ինքներդ։

Հ.Գ. Անձնական միջոցներով խաղադրույքներ կատարելը լավ բան է, թե ոչ, յուրաքանչյուրս ունենք մեր կարծիքը, բայց դա խաղադրույք կատարողի անձնական գործն է»,- գրառել է Վարոսյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Ազգային Անվտանգության ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել առ այն, որ օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման է ենթարկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:

Միևնույն ժամանակ ԱԱԾ-ն հայտնել էր, որ փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:

Ըստ իր խոսքերի, վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը ետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ՝ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն, դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը:

Միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016–ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 000 000 մլն ՀՀ դրամ: Արա Վարդանյանը ձերբակալվել է: