Ու՞մ նկատի ուներ Վանեցյանը. Վստրեչի Ապերը մահափո՞րձ է նախապատրաստում

04/07/2018 09:51
Ու՞մ նկատի ուներ Վանեցյանը. Վստրեչի Ապերը մահափո՞րձ է նախապատրաստում

Շաբաթներ առաջ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ակնարկեց, որ իր եւ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ է նախապատրաստվում: Հասարակության կողմից այս տեղեկությունը ոչ միանշանակ ընդունվեց:


Օրինակ, ֆեյսբուքյան տիրույթում այս հայտարարությունը դիտարկվեց PR տեսանկյունից՝ երիտասարդ կադրերն իրենց վարկանիշն են այդպիսով բարձրացնում: Սակայն արի ու տես, որ Վանեցյանն ամենեւին էլ «փիառվելու» խնդիր չուներ եւ հստակ մեսիջներ էր ուղարկում հանցավոր աշխարհին՝ ակնարկելով, որ հաշվարկել են նրանց քայլերը:

ԱԱԾ մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ, Վանեցյան-Փաշինյան զույգին իրապես վտանգ է սպառնացել, իսկ կազմակերպիչը եղել է թաղային հեղինակություն Արման Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը: 

Ըստ մեր աղբյուրի, վերջինս այժմ թաքնվում է Արաբական Միացյալ էմիրություններում՝ Դուբայում, իսկ նրան այնտեղ պահում է ոմն «մասիվցի Էդո»: 

Ու թեեւ, Վստրեչի Ապերն իրեն սպասարկող լրատվամիջոցներից մեկի միջոցով փոխանցել էր, որ անձնական խնդիրներով է դուրս եկել երկրից ու շուտով վերադառնալու է, նրա շուքն այդպես էլ չերեւաց Հայաստանի Հանրապետությունում:

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես ասված էր. «Ա. Վ.-ն՝ Արման Վարդանյան, ներգրավվել է որպես մեղադրյալ` բռնության գործադրմամբ և զենքի սպառնալիքով մի խումբ անձանց հետ մարդուն առևանգելու համար:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ հանցավոր աշխարհում քրեական հեղինակություն համարվող Ա. Վ.-ն կազմակերպել, ղեկավարել և անձամբ մասնակցել է զենքի գործադրմամբ տուժողի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության սպառնալիքով Գ. Հ.-ի առևանգմանը: Այսպես, Ա. Վ.-ն կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու և Գ. Հ.-ին պատժելու նպատակով նախնական համաձայնություն է ձեռք բերել մի խումբ անձանց հետ` վերջինիս առևանգումը կազմակերպելու համար: Հիշյալ անձինք իրենց հանցավոր նպատակն իրագործելու դիտավորությամբ, Ա. Վ.-ի ղեկավարությամբ և անմիջական մասնակցությամբ, 2017թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Նորագավիթ շրջակայքից բռնության գործադրմամբ առևանգել են Գ. Հ.-ին և տեղափոխել Երևան քաղաքի բնակարաններից մեկը, որտեղ Ա. Վ.-ն ծեծի է ենթարկել վերջինիս և զենքով սպառնացել սպանել նրան: Շուրջ 3 ժամ Գ. Հ.-ին անազատության մեջ պահելուց հետո Ա. Վ.-ն սպանության սպառնալիքի ներքո նրանից պահանջել է լքել Հայաստանի Հանրապետության տարածքը: Նույն օրը՝ 17.07.2017թ.-ին, Գ. Հ.-ն մեկնել է ՀՀ-ից և վերադարձել 2018թ. ապրիլ ամսին: Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար 18.06.2018թ.-ին Ա. Վ.-ն քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել»:


Թե ինչպիսի զարգացումներ կլինեն, կհետեւեք առաջիկայում: Սակայն վերը նշված աղբյուրի փոխանցմամբ, Վստրեչի Ապեր-Արման Վարդանյանը հաստակ հասկացել է Վանեցյանի ակնարկները, ու դեռ երկար ժամանակ նա Հայաստանում չի երեւա: