Որտեղ են թաքնված խայտառակ դատավճիռի ականջները

03/07/2018 23:40
Որտեղ են թաքնված խայտառակ դատավճիռի ականջները
Հայաստանի Հանրապետությունում թավշյա հեղափոխությունից հետո, ցավոք սրտի, դատական համակարգում շարունակում է խայտառակ դատավճիռներ կայացնել դատավոր Կարինե Գալֆրեդի Պետրոսյանը, ում մասին առաջին անգամը չէ, որ մամուլը ահազանգել է… 


Այն է, տիկինը առաջնորդվում է ոչ թե օրենքի տառով եւ ճշմարտության բացահայտմանն ուղղված քայլերով, ինչը պարտադիր պայման է ցանկացած դատավճիռ կայացնելիս, այլ շատ հաճախ «սիմպատիաներից» ու տարատեսակ բնույթի հրահանգներից ելնելով: 


Հետաքրքիրն այն է, որ սույն մուրճի «վարպետը» առանձնապես աչքի չի էլ ընկնում իր անցած ճանապարհով. 1975 թվականին Արթիկում ծնված Կարինե Պետրոսյանը, ավարտելով Երեւանի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1995-ից մինչեւ 1998 թվականն աշխատել է «Արմենիա» հյուրանոցային համալիրում որպես իրավախորհրդատու: 

Ի դեպ, ասում են, որ իրավախորհրդատու Կարինե Պետրոսյանը, այդ տարիներին բացառապես աչքի էր ընկնում «հղփացած» սեփականատերերի բոլոր անօրինական հրամաններն ու որոշումները կատարելուն` օրենքը ծառայեցնելով մի խումբ մարդկանց շահերին:

 27 տարեկանում դատավոր նշանակված Կարինե Պետրոսյանը, ասում են հիմնականում սերտաճել է օլիգարխիկ կլանի եւ վերին էշելոնի մի շարք «գորշ գայլերի» հետ, որոնց անմարդկային ու օրենքից յոթ մղոն հեռու գործունեության պատճառով տուժել են բազում ՀՀ քաղաքացիներ, խեղվել են մարդկային բազում ճակատագրեր ու կյանքեր, որոնց պատասխանը՝ Աստված գիտե՝ թե ով, երբ եւ ինչպես է տալու… 


Որքան էլ, որ թավշյա հեղափոխությունը այս էտապում մարդկանց ներսում վառեց վստահության լույսը, միեւնույնն է. փաստ է, որ Հայաստանում դատական համակարգը՝ շարունակում է մնալ անհույս հիվանդի կարգավիճակում: Հենց այնպես չէր, որ հիշատակեցինք՝ դիցուհի Կարինե Պետրոսյանին, ում քմահաճությունների պատճառով դատական քաշքշուկների մեջ է հայտնվել ԵԿԴ թիվ /0104/02/14 քաղաքացիական գործով անցնող՝ (տուժող) Իսկուհի Սողոյանը, ով սովորական մի ՃՏՊ-ի պատճառով, որի արդյունքում ամբողջությամբ վնասվել է Ի.Սողոյանին պատկանող ԲՄՎ մակնիշի ավտոմեքենան, շնորհիվ մեր սուպեր դատական ատյանների, հինգ տարի շարունակ չի կարողանում ստանալ փոխհատուցում՝ վերը նշված քր. գործի պատասխանող կողմ համարվող «Ռեդինետ» ՓԲԸ-ից , քանի որ համառ լուրերի համաձայն, գործի սկզբից եւեթ, ասում են՝ «խառն է եղել Կարինե Պետրոսյանի մատը», ով առաջին անգամը չէ, որ աչքի է ընկնում իր մուրճը՝ սեփական քմահաճույքներով ծառայեցնելու լուրջ վարպետությամբ: 


Ի դեպ, սույն քր. գործի հետ կապված, ակտիվ լուրեր կան այն մասին , որ «Ռեդինետ» ՓԲԸ-ի «կրիշը»՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանն է, ով դատավորուհի Պետրոսյանի հետ, ասում են «շոկոլադային» հարաբերությունների մեջ է:

 Եւ եթե այս ամենը ճիշտ է, ապա ստացվում է, որ այս զույգը դեռ շարունակում է գործել նախկին իշխանությունների վարքաբանության կոնտեքստում, քանզի քաղաքացին այս տեսակներին բախվելիս` շարունակելու է հիասթափվել, ու նաեւ հարցադրում անել՝ թե ե՞րբ կգա ժամը, որ ՀՀ քաղաքացիների ճակատագրերի հետ խաղացող «վերին արտի ցորեններին» վերջապես ե՞րբ կուղարկեն իրենց հասցեով՝ հեռացնելով նրանց հանրության շարքերից: 

Այլապես, քանի կան Կարինե Պետրոսյանները, համակարգից հեռացած Աղվան Հովսեփյաններն ու ՀՀ-ում՝ դատական համակարգը՝ «կար ու ձեւի» սրահների հետ շփոթողներ ու «բլանդողներ», ապա մեր երկիրը՝ իսկապես հարց է՝ թե ե՞րբ երկիր կդառնա…

Մաքսիմ Նազարյան