Դասերից դուրս՝ հանդիսությունների սրահ. Ինչպե՞ս են տնօրինվել 100 հազարական դրամները

02/07/2018 23:06
Դասերից դուրս՝ հանդիսությունների սրահ. Ինչպե՞ս են տնօրինվել 100 հազարական դրամները

Արարատի մարզպետարանի հողաշինարարի կինը՝ Դվին համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Լաուրա Բաբայանին, թերեւս չի բավարարել իր եւ ամուսնու աշխատավարձերը, ու տիկինը որոշել է կողմնակի եկամտի աղբյուր գտնել:

Ըստ մեր կայքին դիմած դպրոցականների ծնողների, հերոս Լեոնիդ Ազգալդյանի անվան դպրոցի տնօրենը որոշել է դպրոցի դահլիճը որպես հանդիսությունների սրահ օգտագործել: Ամեն տարի, յուրաքանչյուր ավարտական դասարանից, Վերջին զանգ միջոցառմանը դահլիճն օգտագործելու համար նրանցից 100 հազար դրամ բռնագանձելով:

Ու քանի որ, ըստ ծնողների, Լ. Բաբայանը կոպիտ ու ոչ կանացի վարքագիծ է դրսեւորել բոլոր ժամանակներում, աշակերտներն ու ծնողները փորձ անգամ չեն արել ընդդիմանալու տիկնոջը:

2017-18 թթ. ավարտական դասարանցիների բախտը բերել է այնքանով, որ «հեղափոխական» տրամադրությունները հասել են նաեւ Դվին, ու հոդվածիս հերոսը սարսափել է այս տարի գումարային պահանջներ ներկայացնել:

Երբ խնդրո առարկայի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ դպրոցի տնօրենից, վերջինս կորցնելով ինքնատիրապետումը՝ աղմկեց.

-Դուք կարո՞ղ եք ձեր խոսքերի պատասխանատվությունը կրեք։

-Դրանք իմ խոսքերը չեն այլ ծնողների, շրջանավարտների։

-Բերեք ծնողները իմ երեսին ասեն, եթե որեւէ մեկը փորձի ցեխ շպրտի իմ հասցեին չի ստացվի։ Ես թափանցիկ եմ աշխատում։  Խնդրում եմ Երեւանի դպրոցների հետ մի համեմատեք։ Իմ անունը ամեն ինչից վեր է։ Հլը փորձեք դա գրեք ու կտեսնեք ես ձեզ ինչ կանեմ...


Հ.Գ. Հավատում ենք, որ այս հոդվածը նախազգուշացում կլինի տնօրենի համար եւ այսուհետեւ ծնողներն ու աշակերտները ստիպված չեն լինի տոնական տրամադրությունը փչացնել՝ հավաքելով տնօրենի պահանջած գումարը:


Հերմինե Մանուկյան