Գորիսի պետական համալսարանը մատաղ է արվում Արտուշ Ղուկասյանին

30/06/2018 23:42
Գորիսի պետական համալսարանը մատաղ է արվում Արտուշ Ղուկասյանին

Հայոց նորագույն պատմության մեջ «թավշյա հեղափոխությունը» երկրորդ արևն է, որ ծագեց մեր հայրենիքի երկնակամարում: Սակայն վախենամ, որ այն համընթաց քամի է դառնում կամ դարձել հին վարչակարգի աղբի տակ կքած, նրա արատավոր վարքուբարքի մարմնացում, Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Ա. Ղուկասյանի համար, որն այժմ ընկեր-ղեկավարի կեցվածքով և «բարեհաճ» ժպիտով շարունակում է պաշտոնավարել՝ ի հեճուկս ԳՊՀ-ում ծավալած, հանրապետական հնչեղություն ստացած նախընթաց թոհուբոհի, ի հեճուկս բոլոր տեսակի հեղափոխությունների:



Եթե հանրության մոտ հեղափոխությունն առաջացրեց դժգոհություն արտահայտելու հնարավորություն, ապա ԳՊՀ-ում դժգոհությունը վաղուց գագաթնակետին էր հասել և հանդարտեցվել համալսարանի կարգավիճակի փոփոխության (ՊՈԱԿ-ից հիմնադրամի անցնելու), սույնով և ռեկտորից ԳՊՀ-ն ազատագրելու խոստումով: Սակայն, ինչպես նշեցինք, հեղափոխությունն իրեն առագաստ դարձրած՝ այս մարդը շարունակում է նավել ԳՊՀ-ում՝ այստեղ ևս  անարգել տարածելով  ԵՊՄՀ-ում սփռած գարշահոտը, որն այժմ տիրում է բոլոր աշխատողների փոխհարաբերություններում և վախից կուչ եկած հոգիներում: Այն, որ իրեն ծառայություններ մատուցած, զանազան մեքենայությունների մեջ բազմիցս թաղված և  երկու անգամ զբաղեցրած պաշտոններից հազիվ վռնդված ՀՀԿ-ականից նախկին վարչակարգը չի ազատվել, այլ կապել է մեր գլխին, թերևս հասկանալի է (մանավանդ որ նրան որպես պատիժ է մեզ ընծայել «լեգենդար» Սուրիկ Խաչատրյանը՝ հարվածելու իրեն դիմադարձելու հանդգնություն ունեցող մտավորականներին), անհասկանալի է նոր կառավարության և ԿԳ նախարարության հանդուրժողականությունը մեկի հանդեպ, ով չի փոխվում և շարունակում է խառնակել համալսարանի բոլոր ստորաբաժանումների աշխատանքը և աճպարարի ճարպկությամբ ձեռքերը իրար շփելով՝ հիանում իր «անբասիր» աշխատանքով:


Հակառակ իր պահանջած և ամբիոններից ստացած կարծիքների՝ ամբոնների վարիչներ է նշանակում այլ աշխատողների, այժմ էլ պատրաստվում է ամբիոնների վարիչների մրցույթի՝ 2009թ.-ից  գործող հակասական կարգով, միանձնյա՝ առանց Գիտական խորհրդի նիստում հաստատելու միավորում է ամբիոններ, կատարում կառուցվածքային փոփոխություններ, շրջանցում մրցույթների հայտարարման ժամկետներ, հանձնաժողովների անդամ ընտրում իր կաբինետում: Հենց այս պահից սկսած՝ բառացիորեն խափանում է մի քանի ամբիոնների գործունեությունը՝ ամբիոնի վարչիների թափուր պաշտոնում ըստ հայտարարվածի մրցույթը իրականացնելու փոխարեն մերժում վարիչի թեկնածության դիմումները: Խելագարի տվայտանքներն ապրող մարդու պես հայտարարում է, որ անգամ օրինական կարգով ընտրված վարիչները չեն աշխատելու, եթե ինքը չցանկանա: Փոխարենը առաջարկում է նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներ, որպեսզի «սանձերը» իր ձեռքում պահի:



Իր «խլուրդային» գործելակերպով համասարանից հեռացնում է աշխատողների՝ առանց դատ ու դատաստանի կամ «գլխներին սարքած» դատ ու դատաստանով, հետապնդում է մարդկանց, աջ ու ահյակ ծանուցումներ ուղարկում՝ անհիմն կերպով պահանջելով  աներևույթ բացատրություններ: Համալսարանը հայտնվել է քաոսային վիճակում:


Գուցե 50-ամյա բուհը թերացումներ ունի և ունեցել է, բայց նմա՞ն պատիժ… Վախենամ, որ այն թանկ կնստի մի բուհի համար, որը նաև ռազմավարական կարևորագույն նշանակություն ունի տարածաշրջանի համար, որը ոչ միայն կրթօջախ, այլև բերդ ու պարիսպ է Հայաստանի Հանրապետության հարավային սահմանների համար, ամենասակավամարդ մարզի արտագաղթը կանխող ու տուն կանչող փարոս…

 

Մի խումբ համալսարանականներ