Մուսալեռի «Բարի կամք» -ի հերթական օգնությունը՝ խոցելի խավին

25/06/2018 23:56
Մուսալեռի «Բարի կամք» -ի հերթական օգնությունը՝ խոցելի խավին


Այսօր, երեկոյան Արմավիրի մարզի Մուսալեռի «Բարի կամք» բարեգործական հ/կ-ի բակում, նախագահ Վաչագան Թամազյանը հերթական անգամ խոցելի խավին բաժանեց օգնություն՝ հագուստի տեսքով: Տասնյակների հասնող արկղներում հագուստ էր, թե՛ մանուկների, թե՛ մեծերի համար:

Շուրջ 200 մարդ ստացավ անհրաժեշտ սպասված հագուստը: Մարդիկ օրհնում ու շնորհակալական խոսքեր էին հղում Վաչագան Թամազյանին, նրա հումանիզմի և հետևողական աշխատանքի համար, որն ուղղված է կարիքավոր մարդկանց մատից փուշ հանելուն: Օգնություն ստացած մարդիկ մեր թղթակցին պատմել են, որ տարիների պատմություն ունի «Բարի կամք» հ/կ-ն: Ամեն անգամ  տարածաշրջանի կարիքավոր մարդիկ այցելում են այս մարդասիրական կազմակերպություն, դիմում գրում և ժամանակ անց ստանում անհրաժեշտ օգնությունը:

-Գթասրտությունն ու մարդասիրությունը Վաչագան Թամազյանի մարդկային որակական հատկանիշներից է, աշխարհը փրկվում է այսպիսի մարդկանց շնորհիվ,-արցունքախառը ասում էր երեք անչափահաս երեխաների մայրը՝ Գոհարը, ով բնակվում է հարակից գյուղում, աշխատանք չունենալու պատճառով դժվարանում է հագուստ գնել օր-օրի հասակ առնող իր 3 մանուկներին:-Հայրը մեր դժվարին ժամանակներում չի կարող այսքան հոգատար ու հետևողական  լինել իր երեխաների հանդեպ, ինչպես լինում է հ/կ-ի նախագահը, Աստված երկու ձեռքով թող պահի նրան,մեկ-մեկ ինձ թվում է, թե Աստծո ձեռքն է օգնում ու դրդում Վաչագան Թամազյանին՝ աղքատ ու խեղճ մարդկանց հասնելու համար,-խոսքը վերջացրեց  երիտասարդ կինը:

-Միայն մեր մարզի բնակչությունը չէ, որ օգտվում է բարեգործական այս կազմակերպությունից,-ասաց մի երիտասադ տղամարդ,-ՀՀ բոլոր մարզերի  կարիքավոր բնակիչներն էլ  օգտվում են «Բարի կամք»-ից: Անգամ ԼՂՀ-ում են ամեն անգամ սիրով  սպասում Վաչագան Թամազյանին: Նա հույս է բերում իր հետ, դարմանում աղքատ մարդկանց ցավերը, իր գործով ապացուցում, որ խիղճն ու բարեգթությունը դեռ ապրում են մարդկանց մոտ, որից մեկը ինքն է՝ Մուսալեռի «Բարի կամք» հ/կ-ի նախագահը: Նրա հայրն էլ է բարեգործ եղել, հայրս պատմում էր, որ  առինքնող ու հեղինակավոր անձ էր Վաչագանի հայրը, որ քայլում էր, թվում էր, թե հողը դղրդում է նրա ոտքի տակ: Այս մարդկանց գենում բարեգործությունը սերնդեսերունդ շարունակվում է:

Ամալյա Սահակյան