Արտուշն անդրդվելի է, իսկ Գորիսը մտահոգվում է իր հպարտություն՝ համալսարանի ճակատագրով

25/06/2018 10:20
Արտուշն անդրդվելի է, իսկ Գորիսը մտահոգվում է իր հպարտություն՝ համալսարանի ճակատագրով

Փեթակի Վարուժ, Գորիսի համալսարան, խոպան, գիտություն, լարվածություն, այս, գրեթե, իրար հետ կապ չունեցող բառերի հավաքական կերպարը Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանն է:


Արդեն տեւական ժամանակ է, ինչ կրթական այս հաստատությունում կրքերը չեն հանդարտվում, իսկ պատճառը համալսարանի ռեկտորն է, ում կոլեկտիվի ճնշող մեծամասնությունն ու ուսանողները դեմ են: 


Կամայական մոտեցումներն ու համալսարանի խնդիրների հանդեպ նրա անտարբեր վերաբերմունքն օր-օրի ավելի մեծ լարվածություն է առաջացնում կոլեկտիվում:


Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ 2015թ, երբ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, վերանշանակվեց Սյունիքի մարզպետի պաշտոնին, սադրանքներով աշխատանքից ազատեց ռեկտոր Յու. Սաֆարյանին եւ հակալիսկայական չորս դեկանների, այլ աշխատողների, պաշտոններ ընծայեց Արտուշ Ղուկասյանին, սա էլ իր հերթին համալսարան բերեց իր տղայի ծանոթ-մտերիմ աղջնակների: 


Արտուշ Ղուկասյանն, ով նախկին բոլոր աշխատավայրերում նույնպես հայտնվել է սկանդալային ու կոռուպցիոն ռիսկերի հետ կապված պատմությունների մեջ, այսօր՝ երբ չկա Լիսկան, վայելում է Փեթակի Վարուժի հովանավորչությունը: Ու, թեեւ, նոր օրը նոր բողոքի ալիք է բարձրացնում Գորիսի համալսարանում, միեւնույն է Արտուշ Ղուկասյանն անդրդվելի է: 


Նախկինում ազատված դեկանները տուրք չտալով Արտուշ Ղուկասյանի շանտաժներին, մասնակցում են մրցույթին ու անցնում այն: «Ոչ մի անձնական խնդիր, մտահոգությունը համալսարանի կարգավիճակն է,- իրենց մտահոգությունն են հայտնում գիտաշխատողները,- Համալսարանի վարկանիշն ընկնում է: Հավատարմագրումն այս անգամ համալսարանն անցել է ամենացածր նիշով՝ երկու տարի ժամկետով: Համալսարանը 10 կետից վեցը տապալել է, չկատարված կետերից մեկը՝ կառավարումն է...»:


Ա. Ղուկասյանի, գրեթե, երկու տարվա գործունեության ընթացքում մոտ երեք հարյուրով կրճատվել է դիմորդների թիվը, չնայած համալսարան են բերվել մի քանի նոր մասնագիտություններ, ուսանողների թվի աճի փոխարեն անկում է գրանցում, գիտական աշխատանքների եւ հրատարակումների թվաքանակում եւս, անհասկանալի հաշվարկներով կրճատվել են ժամաքանակներ եւ այլն: Գիտաշխատողների փոխանցմամբ, իրենք անգամ համալսարանի հաստիքացուցակից տեղեկություններ չունեն, միայն առանձին գիտեն, որ աշխատանքի հազվադեպ ներկայացող, համալսարանի աշխատանքները կաթվածահար անող ռեկտորն իրենց աշխատավարձի եռապատիկ ու քառապատիկն է ստանում:


Այս եւ նման բազմաթիվ հարցեր լուրջ ուսումնասիրության կարիք ունեն, եւ արդյո՞ք այդ ամենը առնչվում է ձախողակ ռետորի գործունեության հետ, արդյո՞ք ճիշտ են համալսարանականների բողոքներն ու փաստերը եւ ինչքա՞ն կաշխատի ռեկտորն անօրինականություններով եւ ի՞նչ ճակատագիր կունենա համալսարանը...:


Աննա Գրիգորյան