Էրդողանի փեսան պատրաստվում է դատի տալ նախագահի թեկնածուներից մեկին

23/06/2018 08:51
Էրդողանի փեսան պատրաստվում է դատի տալ նախագահի թեկնածուներից մեկին

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, ով նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է, պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդիամդիր «İYİ» կուսակցության նախագահ տիկին Մերալ Աքշեների դեմ, հայտնում է «Էրմենիհաբեր»-ը:

Պատճառն Ալբայրաքի և Էրդողանի մասին Աքշեների հնչեցրած խոսքերն են: Աքշեները, նկատի ունենալով Էրդողանին և Ալբայրաքին, ասել էր. «Ձեր փեսան «Anadolu» լրատվական գործակալությանը հրահանգել է ընտրությունների գիշերը հայտարարել, որ դուք ստացել եք ձայների 52%-ը, այնպես չէ՞»:

Այդ խոսքերից խիստ դժգոհել է Ալբայրաքը և գրառում արել Twitter-ում:

«Ցավով ենք հետևում, թե ինչպես են ժողովրդի աջակցությունը չունեցողները կրկին դիմում զրպարտությունների»:

Այժմ Ալբայրաքն Աքշեներից պահանջում է 1 մլն թուրքական լիրայի փոխհատուցում: Նշել է, որ եթե դատական գործը շահի, ապա ստացված ողջ գումարը բաժանելու է թուրք-քրդական բախումների ժամանակ զոհված թուրք զինվորների ընտանիքներին:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Թուրքիայում կայանալու են խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններ: