«Փարոս» համակարգը կոռուպցիայի համար նպաստավոր պայմաններ է ստեղծում

13/06/2018 14:15
«Փարոս» համակարգը կոռուպցիայի համար նպաստավոր պայմաններ է ստեղծում

Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչները հանդիպելով լրագրողներիս, ոգեւորվեցին՝  առիթ էր ստեղծվել բարձրաձայնել իրենց հուզող ամենակարեւոր խնդիրը:


-Նոր կառավարությունը թող Փարոս համակարգը վերացնի, ելնողը ասում է ապահով-չապահով, հիմա մենք ապահո՞վ ենք, թե՞ անապահով, ինչպե՞ս իմանանք։ Էդ Փարոս համակարգը իրեն չարդարացրեց ,պետք է վերացնեն ու ամեն երեխային հատկացնեն իր հասանելիքը, մինչեւ չափահաս դառնալը։ Էսի կոռուպցիայի սիստեմ է ստեղծված ողջ հանրապետությունում, քսան տարի ու ավելի։ Եթե տունը երեխա կա՝ տու՛ր, եթե չկա՝ այ մարդ մի տու՛ր, երեխեն մենք ենք ստեղծում փողը տալիս են ուրիշի։ Տուն, որտեղ երեխա չկա մի տվեք, թե մեկ երեխա կա էդ  մեկին տվեք, հավասարությունը դա է,- իրենց տեսակետն են հայտնում սպանդարյանցիները։

Համայնքի վերջին տարիների զարգացման համար դժգոհ չեն,  համայնքի ղեկավար Ավետիք Մխիթարյանը շահել է համագյուղացիների վստահությունը, հիմնավորում են մարդիկ։

-Արդեն երրորդ տարին է աշխատում է՝ ցերեկային լուսավորությունը բոլորը ապահովվել է, լավ մանկապարտեզ կունենանք շուտով, ստադիոնի աշխատանքները ընթացքի մեջ են, մշակույթի տունը արդեն հանձնված է շահագործման, նորմալ պայմաններն ապահովված են՝ ջուր, գազ, ամեն ինչ կարգավորված է։ Հարսանիք, թաղում եթե լինում է գյուղում տեղը սարքել են, գյուղապետարանը բոլոր կոմունալ հարցերը իր վրա է վերցրել, էդ հարցով խնդիր չունինք։  Ըհն ասում եք խնդիր, տիա հա, պոչտան, /մատնացույց են անում գյուղի Հայփոստի կիսախալխուլ շենքը/ ։ Ներսը մդնիս, վայտե առաջ չերտաս, բայց աշխատողը նստում է, վերեւից էլ փլում է շենքը։ Մտեք ներսը նայեք, բայց ափսոս հիմա փակ է, դրսից երեւում է, 60 թվի շենք է, թող բերեն սարքեն, Հայփոստը ոչ մի բան չի ձեռնարկում, մի օր մտնենք մեր գխլին կթափվի, չհաշված գյուղի տեսքը։ Մի հատ դոմիկ դնեն, սրանից լավ կեղնի,- տեղին ժգոհում են մարդիկ։

Երբ մեր զրուցակիցները համայնքը ներկայացնելուց հետո ասացին, որ գյուղապետին աջակցում է իրենց համագյուղացի ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ու նա օգնել է ծրագրեր բերել գյուղ, ապա, զրուցակիցներս թեման կտրուկ փոխելով հարցնում են.

-Արթուրն էլ է մեր գյուղից՝ Բաղդասարյան գիտե՞ք՝ ՕԵԿ-ի, բայց հեչ բան դուրս չեկավ, հեչ բան չերեց գյուղի համար,- հիասթափված ասում են մարդիկ:

Գյուղում դժգոհեցին խմելու ջրից, որ խմելու ջուրն է ամենամեծ խնդիրը, քանի որ Մեծ Մանթաշի ջրամբարից եկող ջուրը մաքուր չի, հատկապես գարնան անձրեւների վարարումներից։ 


Անի Մադոյան