Միստր 50 տոկոս. գյուղապետը կիսու՞մ է սոցօգնությունները

12/06/2018 20:06
Միստր 50 տոկոս. գյուղապետը կիսու՞մ է սոցօգնությունները


Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքից եւ սահմանակից Աղավնաձոր, Մարմարիկ, Հանքավան եւ Փյունիկ բնակավայրերի բնակիչները դիմելով խմբագրություն, տեղեկացնում են, որ համայնքի ղեկավար Կառլեն Հովհաննիսյանի աշխատանքներից դժգոհ են եւ պատրաստվում են իրենց բնակավայրեր տանող ճանապարհները փակել։

Հանքավանի ձորի բնակչության ընդվզման պատճառը, ըստ մեր զրուցակիցների, 2017թ-ի նոյեմբերի 5-ին կայացած համայնքների խոշորացումն է: Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ ծրագրով վերը թվարկված համայնքները միավորվեցին եւ Մեղրաձոր համայնքը դարձավ մեկ միավոր։ Սակայն բնակիչները մինչ օրս ինչպես Մեղրաձորում, այնպես էլ մյուս բնակավայրերում բացի առուների մաքրման աշխատանքներից ոչ մի դրական աշխատանքներ չեն գրանցել։ Խնդրելով իրենց խոսքը հասցնել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին եւ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին ։ 

-Այդ նույն հանրապետական Կառլեն Հովհաննիսյանն ում իշխանությունները աջակցեցին, որ համայնքի ղեկավար ընտրվի, ապրիլի 23-ին, երբ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, երկու օր հետո Կառլենն իր ՀՀԿ անդամատոմսը տարավ ՀՀԿ գրասենյակ ասեց՝ «էս՝ ձեզ»։ Ոչ կուսակցությանն է հավատարիմ, ոչ էլ իր ժողովրդին։ Ոչ թե գյուղապետ է, այլ Փարոսի պետ, միայն լավ օգնություններ է գրում։ Օրինակ, օգնություններ է գրում իքս գումար ասում կեսը քեզ, էս կեսն էլ չենք տա հարկերի դիմաց կգանձենք։ Էսպիսի ղեկավար մենք առաջին անգամ են տեսնում, որ օգնության գումարը կիսվի մարդկանց հետ։ Մենք հարկեր ենք վճարում, բայց գյուղերում աշխատանքներ չկան, միայն իր աշխատակազմն է թարմացրել, կամ խոշորացումը, եթե նպատակ ուներ աշխատատեղեր կրճատելու էլ ինչի՞ համար են Մեղրաձորի համայնքապետարանում տասնյակ կադրեր ավելացրել։ Իրենք հավաքվեն մի տեղ վայելեն, գյուղերն էլ դատարկվե՞ն։ Մի՞թե այս անտարբերությանը հայրենի տարածքների նկատմամբ  կարելի է անտեսել, ում դիմում ենք ասում են՝ Մեղրաձոր գնացեք, Մեղրաձոր ենք գնում ասում են մե՞նք ինչ անենք, փող չունենք։ Բա էս ժողովուրդը, ու՞մ դիմի, որ իր հարցի պատասխանը ստանա, ավելի լավ կլինի մեր գյուղերը բաժանեն, դառնան նախկին համայնքները,-դժգոհում են մեզ դիմած բնակիչները:


Բացի սահմանակից բնակավայրերի բնակիչներից, մեղրաձորցիները նույնպես հիասթափված են գործող համայնքի ղեկավարի աշխատաոճից, պատճառաբանելով, որ իրենց համայնքը որպես միավոր նույնպես չզգաց բարեփոխումների շունչը։

-Միավորեցին, թե ինչի համար մենք էլ չենք զգում, բացի հարեւան գյուղերի նախանձից ու բամբասանքներից։ Էն գյուղերում էլ գիտեն թե մենք լավ ենք ապրում Մեղրաձորում, էլի նույն վիճակն է, էլի աշխատում ենք հարկ ու տուրք ենք տալիս, մեզանից միայն հարկեր են պահանջում։ Ո՛չ ճանապարհներն են նորոգվում վճարված գույքահարկի դիմաց, ո՛չ էլ կյանքն է պայծառացել, ինչ բյուջեի մասին է խոսքը, ով գիտի ինչի են անում պետության տված փողերը, ով ռիսկ ունի հարցնի։ Մենակ հարկեր են պահանջում։  Էնա  մեր Մեղրաձորի ոսկու հանքավայրում աշխատողներն են մի քիչ լավ ապրում, էլի շնորհակալ ենք հանքավայրի տնօրինությանը, գիտենք, որ տարեկան ահագին գումարներ են տրամադրում գյուղին, գյուղի մանկապարտեզի երեխեքին, քիչ չեն է՜ համարյա թե 90 երեխաներ են։էսքանից հետո էլի խելքի չի գալիս ո՛չ գյուղը, ո՛չ էլ գյուղացիները,- ավելացնում են մեղրաձորցիները։

Հ. Գ.Ըստ տեղացիների, Հանքավանի ձորում թավշյա հեղափոխությունը այստեղ էլ հաղթանակ կտոնի, եթե համայնքապետարանում կատարվող ֆինանսական ելքումուտքին եւ  հաստիքացուցակներին հետեւողական լինեն, թե ինչպիսի մեխանիզմով են աշխատել հատկապես նախկինում եւ այժմ։

Անի Մադոյան