Վերաքննիչ դատարանի նիստում դատախազը միջնորդեց մեղմացնել Ժիրայր Սեֆիլյանի պատիժը, իսկ Գևորգ Սաֆարյանի պատիժը պայմանականորեն չկիրառել

11/06/2018 20:04
Վերաքննիչ դատարանի նիստում դատախազը միջնորդեց մեղմացնել Ժիրայր Սեֆիլյանի պատիժը, իսկ Գևորգ Սաֆարյանի պատիժը պայմանականորեն չկիրառել

Վերաքննիչ քրեական դատարանումտեղի ունեցած նիստի ժամանակ մեղադրող դատախազը միջնորդեց մեղմացնել Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի պատիժը՝ նրա նկատմամբ սահմանելով յոթ տարվա ազատազրկում։ Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սեֆիլյանին դատապարտել էր 10.6 տարվա ազատազրկման։

Դատախազը նաև միջնորդեց ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի պատիժը պայմանականորեն չկիրառել։

Պաշտպանական կողմն էլ Վերաքննիչ քրեական դատարանին ներկայացրեց Սասունիկ Կիրակոսյանի, Հրայր Թոփչյանի և Գալուստ Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների անձնական երաշխավորագրերը։

Իսկ Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորագիր են ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության 12 և ԵԼՔ խմբակցության մեկ պատգամավոր։

Դատարանը կալանքի հարցին կանդրադառնա վերաքննիչ բողոքի քննության ավարտին, իսկ դատական ակտը կհրապարակվի հունիսի 13-ին, ժամը 14։00-ին։