«Դրոշը միտինգի էր գնացել, դեռ չի եկել...»

08/06/2018 22:58
«Դրոշը միտինգի էր գնացել, դեռ չի եկել...»


Լուսանկարում Դավթաշեն համայնքն է


Առաջիկա կիրակի օրը մի քանի համայնքներում արտահերթ ՏԻՄ ընտրություններ են:

Արագածոտնի մարզի Դպրեվանք գյուղը երիտասարդ գյուղ է, ստեղծվել է 90-ականներին, այստեղ ապրում են ներգաղթյալ մեր հայրենակիցները։ Գյուղը չունի դպրոց, մանկապարտեզ, իսկ վարչական շենքը գործում է վագոն տնակում։ Համայնքի ղեկավար Արամայիս Ղասաբյանը տեղեկացնում է, որ տարիներ շարունակ այս մասին տեղեկացրել են տարբեր ատյաններում, սակայն մինչ օրս գյուղը մնացել է նույն կարգավիճակում, օրըստօրե պակասում են բնակիչները՝ այստեղ ապրում են հիմնականում տարեցները։ Երիտասարդների թիվն անհամեմատ ցածր է: Այստեղ ընտրություններ կանցկացվեն, երկարամյա համայնքապետ Արամայիս Ղասաբյանի եւ անկուսակցական թեկնածու՝ Հովիկ Կոդաբաշյանի միջեւ։

Դպրեվանքում նախընտրական տրամադրությունները խաղաղ են, սակայն, ըստ տեղացիների, գործող գյուղապետի մրցակիցը՝ Հովիկ Կոդաբաշյանը ժամանակ առ ժամանակ արհեստական լարում էր առաջացնում գյուղում:


-Թողնի ընտրությունները հանգիստ անցկացնենք, ում ընտրեցինք, ինչի՞ համար է խառնվում գյուղի մարդկանց հարցերին, ի՞նչ իրավունքով,-պատմում են գյուղում։

Ի տարբերություն Հովիկ Կոդաբաշյանի, գործողն ավելի հանգիստ է՝ կամքը ընտրողներինն է, խիղճը հանգիստ է, ամեն հնարավոր բան արել է համագյուղացիների եւ գյուղի համար․․․


Նույն մարզի Դավթաշեն համայնքում եւս ընտրություն է: Երկարամյա գործող գյուղապետ Գրիգոր Վարդանյանի դեմ իր թեկնածությունն է առաջադրել 23-ամյա Գեւորգ Հովհաննիսյանը:

Այստեղ, տեղացիների շրջանում ընտրություններն այդքան էլ հետաքրքրություն չեն առաջացնում: Մրցակից թեկնածուի երիտասարդ լինելուն վերապահումով են վերաբերվում՝ շատ է երիտասարդ, իսկ համայնքապետի հետ էլ մեծ հույսեր չեն կապում՝ ինչ կարողացել՝ արել է: Լրագրողիս հարցին, թե ինչու՞ համայնքապետարանի շենքում չկա եռագույն դրոշ, համայնքապետարանի աշխատակիցները լուրջ-լուրջ պատմեցին, որ դրոշը «գնացել է միտինգի» ու դեռ չի վերադարձել...

-Գյուղի էրեխեքը գնացին ճանապարհը փակեն, դրոշ չունեին, եկան ուզեցին՝ տվեցինք... դեռ չեն բերել:

Գյուղում ընտրությունների հետ մեծ հույսեր չեն փայփայում՝ «Յուրաքանչյուրն իր հոգսը պիտի հոգա, սաղ սուտ ա: Գեղապետի ձեռն ի՞նչ կա, որ ի՞նչ անի»,- ասում են դավթաշենցիները ու մատնացույց են անում գյուղում կուտակված աղբն ու հորդորում դրա մասին հոդված գրել՝ «Գրե՛ք՝ մաքրեն: Մեծ լավություն արած կլինեք»: