Վարչապետության մեկ ամիսը. Տնտեսական անկում եւ պոպուլիստական հայտարարություններ

08/06/2018 22:08
Վարչապետության մեկ ամիսը. Տնտեսական անկում եւ պոպուլիստական հայտարարություններ

Տնտեսական ակտիվությունն ապրիլին մարտի համեմատ նվազել է 3,1 տոկոսով։ Եթե նկատի ունենանք, որ այս տարվա առաջին եռամսյակում այն աճել էր 10,6 տոկոսով, ապա այս անկման պատճառով տարվա չորս ամիսներին արդեն աճի տեմպը նվազել է՝ կազմելով 9,7 տոկոս։ Սրանք թվեր են, որոնք գուցե դեռ անմիջական ազդեցություն չեն ունեցել մարդկանց կենսամակարդակի վրա, որոնցից շատերը չեն էլ հասկանում, որ հենց տնտեսական աճը կամ անկումն է այդ «լավ» կամ «վատ» բանը։ Առավել մտահոգիչ է արդյունաբերության երկնիշ անկումը ապրիլին՝ 15,4 տոկոսով։ Ակնհայտ է, որ այդ միտումը շարունակվելու էր նաեւ մայիս ամսին։ Արդեն անմիջականորեն նոր վարչապետի պաշտոնավարման ժամանակ մայիսին լուրջ ցնցումներ տեղի ունեցան արդյունաբերության խոշորագույն՝ հանքարդյունաբերության ճյուղում՝ ձեռնարկություններում տեղի ունեցող գործադուլների եւ ճանապարհների շրջափակման պատճառով։ Թե որքա՞ն կլինի շարունակվող անկումն այստեղ, կերեւա նոր վիճակագրական տվյալների հրապարակումից հետո, բայց որ հեղափոխական քաոսը հարվածել է այս ճյուղին, անկասկած է։ Տնտեսության մյուս ճյուղերից միայն գյուղատնտեսությունն է աճ արձանագրել՝ պայմանավորված սեզոնային գործոնով։ Նպաստավոր եղանակը թույլ է տալիս ասել, որ այստեղ աճ կլինի, բայց դա հաստատ Նիկոլ Փաշինյանի կառավարության արժանիքը չէ։ Շինարարությունը, որ վերջին 9 տարվա անընդհատ. անկումից հետո տարվա առաջին եռամսյակում վերջապես աճ էր արձանագրել՝ այն էլ 23 տոկոսով, ապրիլին դարձյալ երկնիշ անկում է արձանագրել՝ 12 տոկոսով։ Չնայած ապրիլը շինարարության համար ավելի նպաստավոր ամիս է։ Այստեղ գրեթե բոլոր ներդրումային ծրագրերը անցած մեկ ամսվա ընթացքում կանգ են առել, իսկ ներդրողները սպասողական վիճակում են։


Սահակ ԱՐԱՄՅԱՆ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթում