Արեւածագում արշալույսները խաղաղ չեն

07/06/2018 23:42
Արեւածագում արշալույսները խաղաղ չեն

Լոռվա մարզի միավորված Օձուն համայնքի Արեւածագ բնակավայրում լարված մթնոլորտը վաղուց չի կարգավորվում։ Բանն այն է, որ նախկին տեղական իշխանավորները նույնիսկ համայնքների խոշորացումից հետո դեռ իրար հետ չեն կարողանում հաշտվել։

Արթուր Հովհաննիսյանը եւ Սամվել Սարգսյանը, որոնք նախկին համայնքի ղեկավարներն են՝ գյուղը բաժանել են երկու մասի՝ այսինքն, ըստ տեղաբնակների  կուսակցական վեճերն ու իշխանություն ձեռ բերելը, վերջիններիս համար դարձել է կյանքի նպատակ։  Հերթով իրար հաղթում են ու պարտվում ՏԻՄ ընտրություններին։ Այժմ համայնքի վարչական պատասխանատուն ՀՀԿ-ական Արթուր Հովհաննիսյանն է, ում համար Սամվել Սարգսյանը արհեստական խնդիրներ է ստեղծում։

Օրինակ բերելով, գյուղում պատմեցին, որ ամանորյա տոներին ընդառաջ զարդարված տոնածառն են վնասել, կամ գյուղի վարչական շենքի դիմաց տեղադրված ցայտաղբյուրն են շարքից հանել, ջուրը կտրել եւ էլի նման բաներ, եւ ամենակարեւորը ՝ գյուղի բարոյահոգեբանական մթնոլորտը թունավորված է, երկու թիմերի մշտական վիրավորանքներով եւ մեղադրանքներով։

Արդյունքում  խախտվում է բնակիչների անդորը, կամա ակամա դառնալով բամբասանքների մասնակիցներ։ Արեւածագ գյուղում պատմում են, որ Սամվել Սարգսյանը բոլոր կուսակցությունների թրի տակով անցած ղեկավար է եղել, սկսած ԲՀԿ-ից մինչեւ ՀՀԿ։

-Գրագիտություն չունի, բայց բարի մարդ է, իսկ Արթուր Հովհաննիսյանը խորամանկ-խելացի է,-բազմանշանակ պատմում են գյուղում, դիմելով մարզային ղեկավարներին՝ այս երկու համագյուղացիներին խորհուրդ տալ, որպեսզի համերաշխ ապրեն նույն համայնքում։

-Ոչինչ չունեն այլեւս կիսելու։ Թող հասկացնեն նախկիններին, որ այլեւս իրենք գյուղապետ չեն, պեչատ չունեն, իզուր են գյուղը խառնում իրար։ Մենք ունենք համայնքի ղեկավար, Արսեն Տիտանյանը գյուղ հաճախ է գալիս, ինչ հարցեր կան կարգավորում է, դժգոհ չենք։ Երկրում լավ փոփոխություններ կլինեն, հույս ունենք, որ լավ կլինի մարզերում ապրողներիս համար, Երեւանից հեռեւ ենք, բայց ոչինչ,-իրենց խոսքը այսպես ավարտեցին գյուղում մարդիկ։

Ա.Մ.