Արցախի ոստիկանության պետը եւս ազատման դիմում է ներկայացրել

06/06/2018 13:06

 

Սիրելի Արցախցիներ

    Վերջին շրջանում առաջացած բողոքի ալիքը խորհելու առիթ տվեց բոլորիս ու մտահոգությանս պատճառը իմ հրաժարականի պահանջը չէր միայն¸ այլև  երկրի ներքին անվտանգությունը չխաթարելու և ներքաղաքական սրացումներից զերծ մնալու նպատակը։

  Սիրելի հայրենակիցներ

    1991թ-ից ես հող հայրենիի կանչով և ձեզանից շատ շատերի օրինակով  կամավորագրվել եմ Արցախյան ազատամարտին։  ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի ՈՒխտաձորի ջոկատի հրամանատարից հասնելով ՀՀ ՊՆ բանակային կորպուսի հրամանատարի պատասխանատու պաշտոնին¸ ողջ ծառայությանս ընթացքում սեփական կենսագրությամբ ու օրինակով եմ փորձել ներկայացնել Հայրենքի հանդեպ գերագույն նվիրումի դրսևորումը։

    2013թ. մարտի 25-ից ցայսօր զբաղեցնելով ոստիկանության պետի պաշտոնը իմ հիմնական նպատակն ու առաքելությունն եմ համարել ծառայել ժողովրդիս¸ ստեղծել  ու ամրապնդել լիարժեք վստահության մթնոլորտ ոստիկանության և հասարակության միջև։ Թե ինչքանով է դա ինձ հաջողվել¸ թողնում եմ ձեր դատին։

    Որքան էլ որ բարձրագոչ հնչի¸ ինձ համար միշտ եղել ու այսօր էլ շարունակում է ամենաառաջնային համարվել ինչպես արտաքին¸ այնպես էլ ներքին անվտանգությունը¸ ժողովրդի խաղաղ կենսագործունեության  համար բոլոր պայմանների ապահովումը¸ որի համար պարտավոր ենք չխնայել ոչինչ ու չկանգնել ոչ մի խոչընդոտի առաջ։

     Սիրելի բարեկամներ

   Հաշվի առնելով իմ հրաժարականի ներկայացման վերաբերյալ  հասարակության մեջ առաջացած պահանջը¸ ոստիկանության պետի պաշտոնից ազատվելու մասին զեկուցագիր եմ ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին։

   Վերջում կուզեի հավաստիացնել¸ որ այսուհետ ևս շարունակելու եմ հավատարիմ մնալ Արցախի Հանրապետության պետականության ամրապնդման գործին և  հայրենիքին սպառնացող յուրաքանչյուր վտանգի դեպքում պատրաստ եմ սեփական օրինակով ապացուցել այն։

 

      Եղել և մնում եմ Հայրենիքիս զինվորը.