Ես զզվում եմ միաբաններից. Գարեգին Բ

05/06/2018 18:36
Ես զզվում եմ միաբաններից. Գարեգին Բ
Գարեգին Բ կաթողիկոսին
Վեհափառդ շատերի,
16.08.2016 թվականին ձեր կողմից անհիմն պատճառաբանությամբ կարգալույծ հռչակվեցի,որի համար հիմք էր հանդիսացել հոգեւոր ծառայության վայրը լքելու փաստը(չեմ ստացել ոչ գրավոր եւ ոչ էլ բանավոր ծանուցում)։ 2016 թվականի հունվար ամսին մայրս առողջական խնդիրներ ունեցավ գլխուղեղի բարորակ ուռուցք ախտորոշմամբ։Հիշյալ թվականի հունվար եւ փետրվար ամիսներին երբեւէ ի վիճակի չեմ եղել մասնակցելու Սուրբ եւ Անմահ պատարագին Մայրավանքում (վստահ եմ ձեզ երբեւէ չի հետաքրքրել պատճառը)։Ինձ պատմել են ինչպես եք Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի հանդիսությունների դահլիճում մի ձեռքի մատների վրա հաշվել, թե քանի ամիս եմ բացակայել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից(համոզված եմ ձեզ պատճառը երբեւէ չի հետաքրքրել)։
Վեհափառդ շատերի,
Մի՞թե խախտելով կուսակրոնության ուխտը երեխա էի ունեցել եւ մկրտել Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում(վստահ եմ գիտեք խոսքն ում մասին է)։
Մի՞թե հոգեւոր ծառայությունում ուրացել եւ ամուսնացել էի մեծահարուստ կնոջ հետ` հանուն սեփական շահի կամ նրա հանդեպ սիրուց դրդված(դուք լավ գիտեք ձեր երբեմնի սիրելի վարդապետին)։
Մի՞թե ավտովթարի էի ենթարկվել կնոջ ընկերակցությամբ գիշերային ժամերին (ուր էր տանում եպիսկոպոսն այդ կնոջը…,երեւի խոստովանության)։
Մի՞թե գիշերային ակումբում ինձ ճանաչողներին ներկայացել եմ որպես հայր Հովհաննեսի երկվորյակ եղբայր (հիմա մտածում եմ ինքը ծայրագույն վարդապետ, իսկ ես` կարգալույծ հոգեւորական)։
Ախր ո՞ր մեկն ասեմ…, ինչեւէ անցնենք առաջ։

Նկատի ունենալով ուռուցքի բարդացած վիճակը` հայ բժիշկների հորդորով ու խորհրդով մորս տեղափոխեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որտեղ բնակվում էր եղբայրս։ 2016 թվականի մարտից մինչեւ 2017 թվականի փետրվար ամիսները մայրս(իր հետ նաեւ ես) անցկացրեց Homburg Uniklinik,Evangelisches krankenhaus Zweibrucken, Shg klinik Merzig ու էլի մի շարք հիվանդանոցներում։

Վեհափառդ շատերի, բայց ոչ իմ…,
Այդ մեկ տարվա ընթացքում միայն Նարեկ եմ կարդացել եւ երբեւէ ավելի շատ հոգեւորական չեմ եղել(եթե չափման միավոր կա), քան հիվանդանոցային ու մղձավանջային այդ տարին։ Գիտեմ,որ դուք հրաշքների չեք հավատում, բայց թույլ տվեք պատմել հոգեւոր փորձառությունիցս մեկ դեպք։ Գլխուղեղի ուռուցքի վիրահատությունից հետո մայրս վաթսունյոթ օր անգիտակից վիճակի մեջ հայտնվեց,
եւ Evangelisches հիվանդանոցի բժիշկներն ինձ խնդրեցին,որպեսզի իմ համաձայնությամբ անջատեն կենսաբանական կյանքն ապահովող բժշկական սարքավորումները։Անշուշտ, հրաժարվեցի…(սարսափելի է, թեկուզ արհեստական շնչառությամբ ապրող մորդ կյանքն ընդհատելու համաձայնություն տալը,որքան էլ այն տեղավորվի բժշկական տրամաբանության մեջ )։
Բջջային հաղորդագրություն ուղարկեցի հոգեւոր եղբայրներիս ու խնդրեցի աղոթել մորս կյանքի համար։Ես բռնեցի մորս ձեռքն ու Աստծուն աղոթեցի հետեւյալ ոչ գրքային խոսքերով.

Աստված իմ ներիր մորս այն ամենի համար,որ չպետք է աներ,բայց արել է…,
Աստված իմ ներիր մորս այն ամենի համար,որ պետք է աներ, բայց չի արել...։
Եվ արձակեցի ծնողիս մեղքերից, ինձ տրված Քրիստոսաավանդ իշխանությամբ։Առավոտյան մայրս գիտակցության եկավ, թոքերի ինֆեկցիան նահանջեց եւ արյան անալիզի պատասխանը զարմացրեց բժշկին։Իմ անսահման երախտագիտությունն եմ հայտնում եվրոպացի բժիշկներին իրենց պրոֆեսիոնալիզմի եւ մարդկային վեհ հատկանիշների համար։Ես շատ քիչ եմ ծնկի եկել…,բայց ես ծնկեցի եւ համբուրեցի մորս բուժող գերմանուհի բժշկուհու աջը.դա միակ ձեւն էր, որ կարող էի շնորհակալություն հայտնել։Երախտապարտ եմ ցկյանս...։

Դա էլ է հրաշք։

Վերոհիշյալ հրաշապատումը ձեզ համար չէր Վեհափառդ շատերի, թեեւ մտացածին ձեզ եմ ներկայացնում։Անշուշտ, չեմ ակնկալում, որ դուք ի վիճակի եք հասկանալու անձի որդիական պարտականությունները եւ աղոթքի զորությունը(դա էլ հո հին կիլոգրամանոց ոսկե գավազան չէ`զարդարված թանկարժեք քարերով)։Հիշում եք 2015 թվականին ձեր առանձնասենյակում մեր միջեւ տեղի ունեցած խոսակցությունը։Ես ձեզ բառացի ասեցի,որ չի կարելի մարդու մեջ սպանել Քրիստոսին,չի կարելի անձին դատապարտել ռոբոտացման։Մինչ այդ ես ձեզ դիմել էի
նամակով,որի մեջ հայտնել էի դժգոհությունս Վեհափառիդ(նամակն իմ արխիվում է ձեր մակագրությամբ),որում խնդրել էի նշանակել ինձ ցանկացած տեղ հոգեւոր հովիվ։Իհարկե այն դիտվել էր անհնազանդություն Վեհափառիդ, որի արդյունքում դուք ինձ գրեթե չորս ամիս քարշ տվեցիք ձեր գրասենյակի դռան մոտ ու չընդունեցիք։ Ինձ <<բախտ>> վիճակվեց հանդիպել ձեզ 2015 թվականի սեպտեմբեր ամսին եւ ինձ
ապշեցրեց ձեր խոսքերը։ Մեր բանավեճի բովանդակությունն անձի ռոբոտացման վերաբերյալ էր։ Դուք ինձ ասեցիք, որ դու խոսում ես մի մարդու հետ ով հասկացողություն չունի։Մինչ օրս ձեր խոսքերը զարմացնում են ինձ եւ հարց է ծագում, թե ինչպես եք բազմել Լուսավորչի գահին հասկացողություն չունենալով։Արդյոք ձեր խոսքերից կարող եմ եզրակացնել,որ դուք բազմել եք գահին առանց հասկանալու։<<Եթե ես անեմ այնպես ինչպես դու ես ասում, իմ դռան մոտ հերթեր կգոյանան. զզվում եմ միաբաններից>>,-ձեր խոսքերն են Վեհափառդ շատերի։

Եթե ձեր վկաները նույնիսկ շարունակեն պաշտել ձեզ(վկան վկա է, դուք չլինեք մեկ ուրիշի կպաշտեն)...,դուք լավ գիտեք,որ ես ճիշտ եմ ասում։Տարիներ շարունակ ես մտածում էի,որ դուք գոնե արժեւորում եք Միաբանների ծառայությունը(դուք լավ դերասան եք),որի գլուխն եք համարվում։Ինձ զարմացրեց,որ Ամենայն Հայոց կաթողիկոսը զզվում է Էջմիածնի միաբաններից, անշուշտ, նաեւ ինձանից։<<Ոչ մի հարց քո ուզելով չի լուծվելու, դժգոհ ես ինձանից գնա նստիր հորդ տունը(հիշում եմ ձեր դիվային ժպիտը)>>,- ձեր խոսքերն են Վեհափառդ շատերի։Ես
միայն այդժամ հասկացա, որ Մայրավանքն իմ տունը չէ,այլ օբյեկտ է, որտեղ ես աշխատող եմ(ոչ հոգեւորական),իսկ դուք մենեջեր(ոչ կաթողիկոս)։Երկար բարակ չպատմելու համար տեղի ունեցած տհաճ խոսակցությունն ու ձեր դիվային աչքերի փայլը(Վեհափառին աչքերը), միայն ասեմ, որ ես վերադարձա հորս տուն, ուր ինձ ուրախությամբ ընդունեց մայրս։

Վեհափառդ շատերի,
<<Գնա նստիր հորդ տունը>> ծաղրական նախադասությունը ինչու չեք ասում այն հոգեւորականներին,ովքեր էլիտար շենքերում բնակարաններ ունեն(նմանը նմանին է գտնում)։Այդ նույն նախադասությունը ինչու չասեցիք այն եպիսկոպոսին, ում ավազգողանալու համար ժամանակին պատժում էիք(հիմա հասկանում եմ, գողը ձեզ երբեք չի քննադատի,այլ միշտ կքծնի)։


Շնորհակալ եմ Աստծուն,որ այդ նախադասությունն ինձ ասեցիք։Ես երբեք ձեր նման չեմ լափել կերակրատաշտակից, չեմ գողացել եւ չեմ վաճառվել(քավ լիցի ես սուրբ չեմ, ով եմ ես...մի մահկանացու)։Հիմա առավել քան երբեւէ հասկանում եմ,թե ինչու եք տոնից տոն շփվում ժողովրդի ու միաբանների

հետ, որպեսզի չզգան ձեր զզվանքը հանդեպ իրենց։Դուք եք ինձ ասել,որ հասկացողություն չունեք,այդ իսկ պատճառով ձեզ չեմ մեղադրում եւ ձեզանից չեմ

նեղանում(ես առհասարակ նեղացկոտ չեմ),բայց չեմ հասկանում դիվանատան ծառայողներին կամ դիվանապետին։Մինչ կարգալուծության ձեր

<<հրամանը>,զանգել եմ դիվանատուն իրավիճակը բացատրելու համար,բայց դիվանապետը ոչ խոսեց եւ ոչ էլ հետ զանգեց(միթե ձեզանից ոչ մեկին չէր

հետաքրքրում Մայր Աթոռի միաբանի վիճակը)։Անշուշտ, դրանից հետո նորից զանգեցի եւ տվյալներ փոխանցեցի(հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե),բայց որեւէ արձագանք։Դուք կայացրել էիք ձեր որոշումը…`կարգալուծություն`առանց որեւէ գրավոր կամ բանավոր ծանուցման։Գիտեք,Վեհափառդ շատերի, աշխարհիկ կյանքում հաճախ են հարցնում,թե քեզ ինչի համար են կարգալույծ արել. եվ իմ փոխարեն

պատասխանում են, միթե ծնողիդ կյանքը փրկելու համար։Այո, դուք այդ հարցին պատասխանել եք ձեր կարգալուծության հրամանով։Վստահ եղեք դա ձեր խայտառակ կենսագրության խայտառակ մեկ դրվագ է։Իհարկե կասկած չունեմ անգամ,որ կարգալուծությունը Վեհափառիդ քինախնդրության արդյունքն է։Վերջերս Եվրոպայում գործող հայ եկեղեցու ատենապետներից մեկը հարցրել էր Դիվանապետին,թե կարելի է հոգեւորականին կարգալույծ անել վերոհիշյալ պատճառով։Պատասխանել էր,թե Վեհափառն է արել։Չեմ կասկածում...։Ես չեմ ուզում խոսել կարգալուծությունից առաջ եւ հետո եղած դեպքերի մասին…, դրա մասին առանձին նկարահանում կլինի։

Վեհափառդ շատերի,

Թավշյա հեղափոխության ազատագրող ոգին մոտեցրել է ձեր ստեղծած հոգեսպան բարքերի անփառունակ մայրամուտը(չկասկածեք)։Մի մայրամուտ,որ պիտի պատճառ դառնա նոր արեւածագի, նոր հույսերի ու Քրիստոսով նորոգված Հայ եկեղեցու։Դուք իմ կյանքը բաժանել եք երկու փուլի`կարգալուծությունից առաջ եւ կարգալուծությունից հետո։Ես ձեզ մերժել եմ կարգալուծությունից առաջ եւ մերժում եմ կարգալուծությունից հետո։ Ես միանում եմ Մերժիր Սերժի Գարեգինին շարժմանը…։


Վարդգես Սահակյան(նախկին միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` Հովհաննես աբղ. Սահակյան)